Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

21.02.2012

Մեր մեջ ասած

Սերժիկ, հեռացիր Մաշտոցի այգուց








Բնապահպանների ակցիաներին չեմ մասնակցում: Դիտորդի կեցվածքը չհամակրողս այս դեպքում դիտորդ եմ: Ու պատահել է` նստել եմ համակարգչի առաջ, որ «արդարանամ», թե ինչու, ու միշտ կիսատ եմ թողել… Ինչ-որ բան խանգարել է, որ ավարտեմ: Երեւի Բնությու՞նն է ձեռքս բռնել... Մեղքս ինչ թաքցնեմ, էդ Բնությանն ինքս էլ եմ շատ սիրում, նույնիսկ իմ քաղաքականացված հոգին է մղկտում, որ ճյուղ են կոտրում, ինչ մնաց` ծառը բնից մորթելը: Բնապահպաններիս ասեմ` Բնության «անկիրթ» զավակներին էլ եմ սիրում: Ավելին, հնարավոր է` մարդու մահվան համար չարտասվեմ ու մի ամբողջ օր ողբամ մեքենայի տակ ընկած շնիկի համար կամ գետնին տապալված ձիու համար: Էլ չասեմ` իմ տնային ծառ-ծաղիկների մասին. հետները զրուցում եմ մեկ-մեկ, իրենց պատմում եմ էն ամեն ինչը, ինչը երբեք չեմ պատմի ոչ բնապահպաններին, ոչ էլ երկրապահպաններին: Առավել ես` սերժապատկան «երկրապահներին»: Իմոնք էլ այնքան ներողամտորեն են լսում ինձ, որ երախտագիտությունից սիրտս այնքան է լցվում` զրույցս ավարտում եմ մի անբացատրելի լացով: Դե, Կիվի փիսոյիս մասին էլ չասեմ. քիչ չի պատահել էս մեր «երանելի» կյանքում, որ շեքսպիրյան Համլետի հարցն է կախվել ընտանիքիս գլխին` մե՞զ, թե՞ Կիվիին, ու միշտ հարցը լուծվել է Կիվիի ստամոքսի օգտին: Էսպես էլի, պաշտելի բնապահպաններ:
Էս նախաբանը, ասեմ, գրեցի, որ իմանաք` հանուն Բնության երբեւէ չեմ պառկել ավտոմեքենայի անիվների առաջ, բայց ամեն դեպքում անտառի գրկում ծվարած Իջեւանում ծնված, մանկությունս ամառային սարերում անցկացրած, բայց ի ծնե հոգով ուրբանիստս Բնության դեմ ձգտել եմ մեղք չգործել, ու հաստատ գործած մեղքերս նվազագույն են մարդ արարածի մեղսալի կյանքի հնարավոր ու անհնար մեղքերի անհատակ ծովում: Էսպես էլի, չափազանց թանկագին բնապահպաններ: 
Եվ ինչու՞ որոշեցի կիսատ մնացած խոսքս շարունակել: Որովհետեւ բնապահպաններից մեկը` մի տիկին կամ օրիորդ` իր գործն է,  վերջապես պոռթկաց Ֆեյսբուքում հենց այն, ինչը որոշ բնապահպաններ պատերի տակ կիսաձայն են «պոռթկում», ու իմ համբերության բաժակը լցվեց: Մեջբերում եմ առանց դույզն-ինչ միջամտության. «ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒ պայքարը քաղաքական պայքար ՉԷ. այն մասնակիցները, ովքեր զուտ այգին պաշտպանելու հարցով են ցույցին մասնակցում, քաղաքական ոչ մի հարց բարձրացնելու նպատակ չունեն: Իզուր ճանճի պես մեր շուրջը մի ֆռֆռացեք, մենք գործիք չենք դառնալու»:
Եթե այս տողերի հեղինակին ու նրա «հոգու ճիչ-ճղավոցին» հավանություն տվողները կարծում են, որ իրենք գործիք չեն` կամա թե ակամա, չարաչար սխալվում են: Հենց այդ գործիք լինելու փաստն է նրանց հուշել, որ «արդարանան»` ի լուր այդ նույն Ֆեյսբուքում վխտացող իշխանական գործիքների, որ վերեւներին հասցնեն` հանկարծ չմտածեք, թե մենք էն «Սերժիկ, հեռացիր» գոչողների «հանցագործ բանդայից» ենք, երբ պետք լինի` «մեծարգո նախագահ»-ին ու մնացած «մեծարգոներին» շշմելու քաղաքակիրթ նամակներ էլ կհղենք` հանուն մեր պաշտելի թուփ ու քոլի, ու երբ պետք լինի` կրծքով կպաշտպանենք էդ «մեծարգո նախագահ»-ին էլ, նրա «հարգարժան» մանկլավիկներին էլ: 
Վաղուց եմ «դիտում» ձեր պայքարը, անասելի սիրելի բնապահպաններ: Սիրտս էլ ցավում է, երբ բազազները հարձակվում են ձեզ վրա կամ երբ ոմն «արվեստագետ» ձեզ «թափթփուկ» է ասում, բայց համ էլ չեմ կարող չհարցնել. «Նույնիսկ եփած հավն է վաղուց հասկացել, ձեր ասած ճանճերը` նույնպես, որ էդ ծառ կտրողները, Երեւանը անապատ դարձնողները, Հայաստանը չարագուշակ հանքահոր դարձնողները սեփական տան պատերի ներսում ինքնուրույն փռշտալ ի վիճակի չեն առանց Սերժիկ Սարգսյանի «դաբրոյի», դուք մինչեւ հիմա չե՞ք հասկացել»: Եթե չեք հասկացել` ցավակցում եմ, եթե հասկացել եք ու փորձում եք փակել «քաղաքականացվածների» բերանը` էս արեւի տակ ձեր բաժին թթվածինը պահպանելու համար, պահպանեք, բայց մի հոխորտացեք, համեստորեն ձեր պայքարն առաջ տարեք, եթե, ըստ ձեզ, առաջ տանելու տեղ կա: Բայց մեկ-մեկ հիշեք, որ էս երկիրը, Երեւանը, Երեւանի այգիները միայն ձերը չեն, ու եթե մեկն այդ այգու համար պայքարի ելքը տեսնում է միայն Սերժիկի հեռացման միջոցով, ձեզնից չպետք է թույլտվություն վերցնի, հետո բղավի. «Սերժիկ, հեռացիր»:
Զզվում եմ գրաքննությունից եւ չեմ կանգնում բնապահպաններիդ կողքին, որովհետեւ բազազների նմանները չկարողացան ստիպել ինձ, որ չասեմ. «Սերժիկ, հեռացիր», ձեզ նման քնքշաքնքույշ, քաղաքակիրթ ու ճանճասպան բնապաշտները հազիվ թե կարողանան:
Առայժմ այսքանը: Ողջ լերուք: Ձեր արդար գործին հաղթություն:
Հ.Գ. Ըստ Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի` շոու բիզնեսի երգչուհիներից մեկը հարցրել է` կարա՞մ միանամ բնապահպաններին, բայց ՀՀԿ-ին դեմ չգնամ: Հանգստացրեք խեղճ աղջկան, ասեք` արխային, կարա՛ս: Վկան` շոու բիզնեսի այն ներկայացուցիչների աջակցությունը բնապահպաններին, որոնք ծպտուն անգամ չհանեցին, երբ Երեւանի կենտրոնում գնդակահարեցին 10 անմեղ մարդու եւ բանտերը նետեցին հարյուր հիսունից ավելի ՀՀ անմեղ քաղաքացիների:

Комментариев нет: