Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

29.02.2012

Համառորեն բարեւելով

Նախարարն աղջի՞կ էր կպցնում


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Աննա Ս.-ն, իր պատին գրառում է տեղադրել` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեղադրելով աշխատանքային ժամերն «աղջիկ կպցնելու» վրա վատնելու համար:

«Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների եւ օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք:
Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եւ քանի որ վերջինս... մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը:
Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է եւ ունի երեք երեխա»,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրված Աննա Ս.-ի էջում, որտեղ նա նաեւ հրապարակել է տարբեր օրերի Հրայր Թովմասյան օգտատիրոջից ստացած փոքրիկ նամակները:
«Բարի առավոտ», «Ինչպես եք», «Բարի առավոտ», «Բարի լույս», «Բարի առավոտ»,- իրեն չպատասխանող Աննային համառորեն բարեւել է Հրայր Թովմասյանը: Աղջկա այս բացահայտումներին երեկ հետեւել են քննարկումները, որի մասնակիցներից ոմանք թերահավատ են եւ կարծում են, որ կամ Հրայր Թովմասյանի անունից հանդես է եկել մեկ ուրիշը, կամ էլ, միգուցե, նա ինչ-որ կարեւոր բան է ցանկացել ասել: «Իսկ ինչի՞ հետը չէիք խոսում, մի հատ խոսայիք, միգուցե կարեւոր բան էր ասում, եւ բոլորովին էլ «կապելու» քայլ չէր», «Եւ ձեր ներքին ձայնն ինչ է ասում, իսկապե՞ս նախարարն է ձեզ գրողը»,- հարցնում է օգտատերերից մեկը: «Աստղիկ ջան, եթե ներքին եւ մնացյալ այլ ձայներս ինձ ուրիշ բան հուշեին, այս գրառումը հաստատ չէի անի»,- պատասխանում է Աննան: Մեկ այլ օգտատեր էլ` Գայանեն, տարակուսում է. «Ու ինչի՞ Հրայր Թովմասյանը՝ ամուսնացած, երեք երեխաների հայր, հանկարծ որոշեց իրեն այդքան համառորեն վտանգել: Առնվազն տարօրինակ է...»: «Այստեղ որեւէ սկանդալային բան չտեսա: Հակառակը, դա պատիվ է բերում նախարարին, ինչը չէի ասի նրա «բարի լույսը» որպես սեփական PR օգտագործել ցանկացող երիտասարդ աղջկա մասին...»,- նշում է Իզաբելլան:
Ինչեւէ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրականում կապ չունի այս ամենի հետ, եւ պարզապես ինչ-որ մեկը որոշել է սոցիալական ցանցում հանդես գալ նրա անունից, ապա նախարարը մեր զրույցում երեկ չհերքեց, որ խոսքը հենց իր մասին է: Երբ նրան ընդամենը ասել էի, որ «ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին զբաղված է աղջիկ կպցնելով, նախարարն արձագանքեց. «Եթե Հայաստանում «ֆրենդներին» բարեւ տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»: Երբ հետաքրքրվեցի, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանեց. «Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարեւում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ»: Խոսելով Աննա Ս.- մասին, Հրայր Թովմասյանը շարունակեց. «Չբավարարված չեմ կարող ասել, բայց չէի կարծում, որ Հայաստանում այդպես է: Եւ ավելի լուրջ բաների մասին եկեք մտածենք, ախպոր պես»: Իսկ ընդամենը բարեւելու պատճառով իր անվան հետ խաղալուն նախարարը որեւէ կերպ արձագանքել կարծես չի պատրաստվում: «Այսօր այդ արտակարգ դրությունը ինձ սպանել է (նկատի ունի` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը երեկ քննարկվել է Ազգային ժողովում- Ա.Զ. ), ես հիմա նստած ամբողջ աշխարհին նայում եմ` ինչ է, ոնց է: Հիմա մեկ էլ դրա մասի՞ն մտածեմ»,- հայտարարեց նա: Նաեւ հայտնեց, որ «Ֆեյսբուքում» ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, եւ այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Հարցրի` նրանցից 40-50-ը երեւի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարեւո՞ւմ եք ամեն առավոտ: «Եթե առավոտյան գալիս եմ… Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարեւ ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք»,- պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարը:

Աննա Զախարյան -  29. 02. 2012

Комментариев нет: