Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

29.02.2012

Կայուն վիճակ էր նաեւ Մուբարաքի եւ Քադաֆիի օրոք

Ցինիկ ինքնախոստովանություն

Խորհրդարանը երեկ բլից ռեժիմով քննարկեց մեծամասնական ընտրակարգը վերացնելու ԱԺ «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունների ներկայացրած օրինագիծը:

Ժամանակը շատ կարճ էր, եւ երկու խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ ստիպված էին իրենց ելույթներից եւ հարց տալու իրավունքից հրաժարվել, որպեսզի հնչեին ամենակարեւոր հայտարարությունները: Եւ հանրապետական պատգամավորները հանդես եկան մի քանի ցինիկ ինքնախոստովանական հայտարարություններով: Հարակից զեկուցող` Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խոստովանեց
, որ հարցը քաղաքական է, եւ իշխանությունը քաղաքական տեսանկյունից այսօր աննպատակահարմար է համարում անցում կատարել 100%-անոց համամասնական ընտրակարգին. «Իսկապես մեծամասնական ընտրությունների արդյունքում, որպես կանոն, հաղթում են այն անձինք, ովքեր ներկայացնում են իշխող կուսակցությունը: Այսինքն, այստեղ գաղտնիք չկա, եւ սա հնարավորություն է տալիս ստեղծել կայուն մեծամասնություն խորհրդարանում: Առանց նման մոդելի այս փուլում, մեր խորին համոզմամբ, հնարավոր չէ խորհրդարանում ունենալ կայուն մեծամասնություն, ինչը ամենեւին չի բխում մեր երկրի շահերից»:
«Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը հարցրեց` երբ մեծամասնականով պատգամավորները այդ խարդախ ճանապարհով գալիս են ԱԺ եւ լրացնում իշխանության պատգամավորների թիվը` դառնալով կայուն մեծամասնություն, որքանո՞վ է վստահություն ներշնչում այդ կայուն մեծամասնությունը, Դավիթ Հարությունյանը խիստ ուշագրավ մի մեջբերում արեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից. «Հրայր Թովմասյանը մի անգամ առիթ ունեցավ ասելու, որ ինքը գիտի 1000+1 մեթոդ, թե ինչպես կարելի է խախտումներ կատարել ընտրությունների ժամանակ: Պատահական չէր ասված, որովհետեւ դա չի վերաբերում միայն մեծամասնականին, դա վերաբերում է եւ համամասնականին (...): Երբ դուք ականատես եք եղել խախտումների մեծամասնականի ժամանակ, դա ամենեւին չի նշանակում, որ խախտումներ չեն կարող լինել համամասնականի ժամանակ»: Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ համադրելով այս քննարկումը ԱԺ նախորդ նիստին ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի հետ, եւ այն, ինչ իշխանությունը պլանավորում է անել արտակարգ իրավիճակներում, չի կարծում, որ երբեւէ այս երկրում առանց արյունալի բախումների հնարավոր լինի իշխանություն փոխել. «Դրա համար բոլոր խոսակցությունները այն մասին, որ դուք էլ մի օր իշխանություն կդառնաք, դա էն օպերայից է, որ պետք չէ այս դահլիճում կատարել: Դուք խոստովանեցիք, որ մեծամասնականով պատգամավոր կարող է դառնալ միայն ձեր կողմնակիցը: Իսկ թե այդ մեծամասնությունը որքանով կայունություն կապահովի երկրում, այստեղ ես կասկածում եմ, որովհետեւ այդ կայունությունը եթե ապահովվեր, նախորդ օրենքը չէր բերվի»: Դաշնակցական Արա Նռանյանն էլ արձանագրեց, որ իշխանությունը, իրականում փոքրամասնություն ունենալով, մեծամասնություն է ձեւավորում գործող համակարգի միջոցով, այսինքն` ուզուրպացնում է իշխանությունը` ամրագրելով խունտայի համակարգը:
Հարցով մյուս հարակից զեկուցողը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որ արդեն երկու օր անցկացնում է խորհրդարանում, ակնհայտորեն չէր ցանկանում ելույթ ունենալ: Նա դժկամությամբ մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ արեց նույնպիսի ինքնախոստովանական հայտարարություն, ինչպես Դավիթ Հարությունյանը: Նա եւս խոստովանեց, որ հարցը քաղաքական է, եւ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել, որ անցում չի կատարելու 100%-անոց համամասնական ընտրակարգին. «Մենք թաքցնելու բան չունենք, ցանկացած ընտրական համակարգ պետք է ապահովի պառլամենտի ներկայացուցչական բնույթը, եւ ձեւավորվի կայուն մեծամասնություն: Մենք 100%-անոցին դեմ ենք, որովհետեւ դա չի նպաստելու պառլամենտական մեծամասնության ձեւավորմանը: Փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքներ ցանկացած համակարգի պարագայում էլ կարող են լինել: Ինչու ենք մենք մեծամասնականին կողմ, պարզ, ազնիվ ասացինք: Այո, կողմ ենք, որովհետեւ այդ պարագայում ավելի մեծ ներկայացվածություն ենք ունենալու խորհրդարանում»:
Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ հարցի քննարկումը ոչինչ չի տալու, եւ ոչինչ չի փոխվելու, որովհետեւ ՀՀԿ-ն մնում է նույն կարծիքին, եւ բացի այդ` բոլոր կեղծիքները, որ կատարվում են մեծամասնականում, կարող են կատարվել համամասնականի դեպքում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանն էլ ասաց` այո, քաղաքական կամք է պետք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, բայց, իր կարծիքով, հարցը ժամանակավրեպ է, եւ խաղի կանոններ փոխելը այս պահին սխալ է: Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ական պատգամավորներն ազատ են քվեարկելու, քանի որ կարծիքներն իրենց կուսակցությունում կիսվում են` մի մասը կողմ է, որ հիմա անցում կատարվի 100%-անոց համամասնական ընտրակարգին, մի մասը` ոչ: Դաշնակցության եւ «Ժառանգության» պատգամավորները պնդում էին, որ այս համակարգով ընդդիմության եւ իշխանության համար ստեղծված են խաղի անհավասար պայմաններ, որ իշխանությունն ընտրություններին գնում է` գրպանում ունենալով 41 մանդատ: «Սա ձեռնամարտ է, փողի մարտ է, եւ այդ փոփոխությունը պետք է արվի մեկ օր առաջ»,- ասում էր Ստեփան Սաֆարյանը: Արմեն Ռուստամյանը եւս արձանագրեց, որ մեծամասնական ընտրապայքարում հաղթում է վարչաֆինանսական ռեսուրսը, ժողովուրդը վստահում է մի քաղաքական ուժի, բայց իշխանության է գալիս մեկ այլ ուժ, որի արդյունքում քաղաքական պայքարը տեղափոխվում է փողոց, իսկ արդյունքը բոլորս ենք տեսել` առճակատումներ, բախումներ, արյունալի իրադարձություններ. «Սա՞ ենք մենք ուզում մեր երկրում անընդհատ կրկնվի: Գոնե մի ասեք, մի խաբեք ժողովրդին, որ հավասար պայմաններով գնում եք ընտրությունների»: Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ չկար ավելի կայուն վիճակ, քան Եգիպտոսում էր Մուբարաքի օրոք եւ Լիբիայում` Քադաֆիի օրոք: Քանի որ երեկ խորհրդարանի դահլիճում քվորում չկար, օրինագիծը քվեարկության կդրվի այսօր առավոտյան:



Комментариев нет: