Սյուզաննա Պողոսյան -29. 02. 2012
ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ երեկ աննախադեպ ակցիա տեղի ունեցավ, որը այսօր առավոտյան` ժամը 12:00-ին (այդ ժամին տեղի է ունենալու 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի քվեարկությունը) շարունակելու կոչ հնչեցրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Իսկ մինչ երեկ ԱԺ-ում քննարկվում էր ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու խորհրդարանական ընդդիմության առաջարկը, շենքից դուրս համատեղ ակցիա էին իրականացնում Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության ակտիվիստները: Նրանք ունեին բավական կոշտ գրառումներով («41+ՀՀԿ=աղքատություն, արտագաղթ», «ԱՆՀԱՍՏԱԳԼՈՒԽ Ազգային ժողով», «Մեծամասնական=Նեմեց Ռուբո, Լֆիկ Սամո» եւ այլն) պաստառներ, որոնք ընթացքում ամրացրին ԱԺ դարպասի վրա:
Ակնհայտ էր, որ նշված երկու` միմյանցից բավական տարբեր գաղափարներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը հիմնականում երիտասարդներ էին, համատեղ ակցիայի ընթացքում փորձում էին միմյանց լրացնել` թաքնված կերպով մրցակցելով իրար հետ: Մասնավորապես, երբ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները թմբուկ էին զարկում ու սուլում, ՀՅԴ ներկայացուցիչները դաշնակցական երգեր էին երգում ու պարում ԱԺ դարպասից մինչեւ երթեւեկելի մաս ընկած նեղ տարածքում: Ու այս «մրցակցության» արդյունքը եղավ այն, որ ամբողջ երկուսուկես ժամ երիտասարդները կարողացան ակտիվ պահել ակցիայի վայրը` անցորդների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա: Պահ եղավ, երբ երիտասարդները սկսեցին վանկարկումներով օժանդակել իրար: Օրինակ, երբ ՀՅԴ երիտասարդները վանկարկում էին «Ոչ մեծամասնականին», Կոնգրեսի երիտասարդները արձագանքում էին` ո՛չ: Կոնգրեսի երիտասարդներն էլ վանկարկում էին` «Ձեր մեծամասնականը մեր համամասնականին չի», «Ազատ ընտրություն» եւ այլն: Հետաքրքիր է, որ միմյանց լրացնելու կոչ էին անում նաեւ ՀՅԴ եւ Կոնգրեսի ղեկավարները: Օրինակ, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ավարտելով իր հայտարարությունն, ասաց. «Կեցցե ազատ, անկախ, դեմոկրատական Հայաստանը: Միացյալն էլ թող Դաշնակցությունը ասի»: Դաշնակցության ներկայացուցիչները որպես արձագանք ծափահարեցին Զուրաբյանին:
Իսկ մինչ այդ իր ելույթում Զուրաբյանը «պատմական» բնորոշեց այն համախմբումը, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով տեղի է ունեցել քաղաքական ուժերի միջեւ: «Այսօր իսկապես շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ դուք տեսնում եք, որ քաղաքական ուժերը համատեղ պայքար են տանում ե՛ւ պառլամենտում, ե՛ւ փողոցում: Իսկ սա նշանակում է, որ այսօր մենք դրել ենք լրջագույն նախադրյալներ` այս համագործակցությունը ուժեղացնելու, խորացնելու, հզորացնելու եւ ընտրությունների ժամանակ միասին, համատեղ ջանքերով ճակատամարտ տալու համար: Մենք կոչ ենք անում ամբողջ հայ հասարակությանը` ոտքի կանգնել հանուն արդար եւ ազատ ընտրությունների, հանուն դեմոկրատական Հայաստանի: Մենք նաեւ կոչ ենք անում վաղը հավաքվել այստեղ եւ նորից աջակցել Հայաստանի համար ճակատագրական որոշումների ընդունմանը: Բայց բոլորը թող իմանան, որ եթե անգամ իշխանությունները չհամաձայնեն այս քայլին եւ մարտահրավեր նետեն մեզ, մենք այդ մարտահրավերը ընդունում ենք»,- Ազգային ժողովի դարպասի մոտ հայտարարեց Զուրաբյանը, իսկ հավաքվածները արձագանքեցին «այո» վանկարկմամբ:
ԱԺ նիստից հետո դարպասի մոտ հավաքվածների առջեւ ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Ամեն դեպքում, սիրելի ժողովուրդ, կհաջողենք մեծամասնականը վերացնելու մեջ այս փուլում, թե չենք հաջողի, բայց դուք այսօր ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը պատրաստ է եւ ընդունակ է եւ ունի մարդուժ` կազմակերպելու լուրջ վերահսկողություն բոլոր ընտրատեղամասերում: Ես ողջունում եմ, որ այստեղ կանգնած են տարբեր քաղաքական ուժերի, հասարակական շարժումների ներկայացուցիչներ, որովհետեւ մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ, մենք կարող ենք իրար չհավանել, կարող ենք իրար հակառակորդ լինել, բայց կա մի բան` արդար կերպով իշխանությունը ձեւավորելու հարցը բոլորինն է... Եւ հենց այս պատճառով էլ այս պայքարը պետք է տանենք մինչեւ վերջ: Եթե մեզ չհաջողվի այս փուլը հաղթահարել, ես բոլորիդ կոչ եմ անում, անկախ քաղաքական դավանանքից, պատրաստվել ընտրություններում վերահսկել եւ թույլ չտալ, որպեսզի նորից հանցավոր ձեռքով կեղծվեն ընտրությունները կամ ընտրություններում այնպիսի խարդախություններ տեղի ունենան, որ մեր ժողովրդի ըմբոստությունը առաջացնեն եւ առաջացնեն հասարակական բախումներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ եւ ողջունեց նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կային նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչներ: Ակցիայի ավարտից հետո ՀՅԴ ներկայացուցիչները ցրվեցին, իսկ Կոնգրեսի ներկայացուցիչները երթով շարժվեցին դեպի Սարյանի պուրակ:
Комментариев нет:
Отправить комментарий