Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.03.2012

Հայոց մեծաց եւ ամենայն դոդաց

Ինչ-որ տեղ նույնիսկ խնդալու կարող է թվալ, բայց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանի կառավարական օղակների յանը, կարծես, լրիվ տարել է: Իհարկե, ապացուցելու կարիք չկա, որ մեզանում կառավարությունը, իրապես կախված չլինելով ընտրողի կամքից, միշտ էլ կարող է անարգել կերպով անտեսել հասարակական դժգոհության տարբեր դրսեւորումները: Դա պարզ է, բայց ամեն բան չի կարող բացատրել, քանի որ ամեն դեպքում  
հասարակական ավելորդ գրգռվածությունը նախընտրական շրջանում չի կարող համարվել նույնիսկ ոչ ընտրովի կառավարության շահերից բխող, եթե վերջինս չունի առավել լուրջ պատճառներ առճակատման գնալու: Թվում էր, ի՞նչ բարդ բան կա Մաշտոցի պուրակի նման համեմատաբար ոչ այնքան մեծ խնդրում զիջումներ անել կամ առավել կոշտ մեթոդների չդիմել: Հա՛մ բնապահպանական խմբերը գոհ կմնային, հա՛մ կառավարությունը «լավամարդ» դուրս կգար, եւ այս ամենը` ընտրությունների շեմին: Դրա փոխարեն, սակայն, պաշտոնական օղակներն ու նրանց աջակցող անձինք անհամարժեք մեկնաբանությունների եւ գործողությունների յուրահատուկ մրցակցության մեջ մտան միմյանց հետ: Բուն խնդրի հետ չառնչվող էլ ինչ ասես չասվեց՝ է՛լ «հայը հայից բան չի պահանջի» (մի՞թե. բա ումից՝ թուրքի՞ց պահանջի Հայաստանի քաղաքացին), է՛լ «այնտեղ մազերը հյուսած տղաներ են» (այդպես ասողներին ասեմ, որ համաձայն Ներսես Լամբրոնացու վկայության` հայոց թագավորները հնում երկար մազեր էին պահում, պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ ապազգային տարր էին), դե՛ բնականաբար չէին կարող հերթական անգամ չհիշատակվել նաեւ սարսափազդու «գրանտակերները» եւ նրանց թիկունքում կանգնած «նրանց տերերը»: Քաղաքապետարանում աշխատող թշվառի արտաքինով եւ ծծած մոմպասի դեմքով մի հոպար էլ չզլացավ ֆեյսբուքով մեկ այնպիսի քֆուր-քյաֆար կապել, որ շատ արագ խայտառակ եղավ ամբողջ համացանցով: Էլ չեմ ասում, որ հայոց ոստիկանության ընտրանին հերթական անգամ իր բանուգործը թողած` ցրտին-ղիամաթին ստիպված եղավ պատ կանգնել եւ դիմակայել ազգային անվտանգության հերթական հույժ կարեւոր սպառնալիքին: Արդյո՞ւնքը: Համեմատաբար փոքր մի խնդիր վերածվեց իսկական հայոց հարցի: Ո՞վ արեց դա: Բնականաբար կառավարությունը՝ հայոց մեծաց եւ ամենայն դոդաց աշխարհիս: Եթե չլիներ անհամարժեք հակազդեցությունը, եւ արագ գտնվեր հարցի փոխզիջումային լուծում, շատերս գուցե չհասցնեինք էլ նկատել Մաշտոցի պուրակի խնդիրը: Եվ մինչ կառավարությունն ու նրա քարոզչությունը սպասարկողները փորձում են փնտրել Հայաստանում հեղափոխական եւ ընդդիմադիր իրավիճակ հասունացնող ինչ-որ մութ արտաքին ուժեր, հեղափոխականացնող գլխավոր ուժը Հայաստանում մնում է... ինքը` կառավարությունը: Խնդիրն այն է, որ մեր եւ առհասարակ հետսովետական կառավարությունների գործողություններում հաճախ դժվար է գտնել նույնիսկ սեփական շահից բխող բանականություն: Այնպիսի տպավորություն է, որ «կառավարություն» կոչված համակարգիչն ի զորու է միայն շարունակական «էռորներ»՝ սխալներ տալ ցանկացած պարագայում. նրա մեջ ներդրված համակարգչային ծրագրերը ոչ միայն վաղուց հնացել են, այլեւ պարզապես փչացել եւ վերածվել են համակարգչային վիրուսների: Իմ հիմնական վարկածը մնում է այն, որ հետսովետական կառավարությունների մեծ մասը չի գործում ոչ մի՝ նույնիսկ սեփական շահը ենթադրող բանականության դաշտում: Ընկերներիցս շատերը համաձայն չեն այս վարկածի հետ: Օրինակ, մեկը կարող է ասել` բա գիտես, նրանց այսօր կարող է ձեռ տալ, որ այսինչ տեղական ընտրություններից մեկում հաղթի ընդդիմության թեկնածուն: Ասում եմ` կարող է տեսականորեն եւ այդպես լինել, բայց դու փորձում ես քաղաքական տրամաբանություն փնտրել այնտեղ, որտեղ քաղաքականն իրականում չկա: Համակարգն, իմ տպավորությամբ, գործում է «ավտոպիլոտի» միջոցով, հաճախ նույնիսկ նրա մասը կազմող առանձին մարդկանց կամքից անկախ: Կամ ասում են` գուցե հատուկ են այս բնապահպանական հարցերը սարքել, որ.... (Լեզվի օրենքի հարցում էլ էին այդպես ասում, եւ ի՞նչ): Անկախ նույնիսկ այն բանից, որ չեմ սիրում կոնսպիրոլոգիկ վարկածների չարաշահումը, լինի դա իշխանամետ, թե ընդդիմադիր կոնսպիրոլոգիա, միեւնույնն է, կարծում եմ, որ նման բան ենթադրելը չափից ավելի շատ «խորամանկության» վերագրում է «մերոնց»: Նրանք, իհարկե, տիրապետում են մի քանի պարզունակ եւ որոշ չափով աշխատող հնարների («ծիպա» Արթուր Բաղդասարյան կամ Գեղամյան), բայց «արհեստական» քաղաքացիական շարժում... չէ, սա «կգբ»-ի ոճը չէ: Պետք չէ, ինձ թվում է, իմաստ փնտրել այնտեղ, որտեղ իմաստ չկա, այլ կան քաոս եւ հիմարություն:

Հրանտ Տեր-Աբրահամյան , Ուստա Հրանտ - 23. 03. 2012

Комментариев нет: