Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.02.2012

Զսպաշապիկ ԶՈՒ-ի համա՞ր

«Գրեթե» բառը գրեթե բառ է

Հրայր Թովմասյան
ՀՀ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» բազմաչարչար օրենքի նախագիծը ԱԺ կներկայացվի առաջիկա քառօրյայում:
Այս մասին երեկ որոշում կայացվեց ՀՀ կառավարության նիստում: Նախագիծը ճանաչվեց հրատապ: Երեկ կառավարության նիստից հետո «ՀԺ» եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների հետ ունեցած կարճատեւ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ այս նախագիծը կրկին պետք է անցնի առաջին ընթերցում: Այսինքն, անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված նույնանուն օրենքի նախագիծն այլեւս գոյություն չունի: Այս օրենքի նախագծի հիմնական «հմայքը» այն է, որ դրանով սահմանվում է զինված ուժերի ներգրավումը ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ ինչո՞ւ նոր օրենքի նախագիծ, ի՞նչն է փոխվել: Նախարարի բացատրությունները, ճիշտն ասած, այնքան էլ համոզիչ չէին: Ըստ նրա, նոր նախագծով սահմանված է, որ ԶՈՒ-ն, մինչեւ բնակչության հետ շփվելը, նախ պետք է հատուկ պատրաստություն անցնի: Այս պահանջը սահմանվել է նախագծի անցումային դրույթներում: Նույն այդ պահանջը կարելի էր սահմանել արդեն առաջին ընթերցում անցած նախագծում` մինչեւ երկրորդ ընթերցում անցնելը: Ըստ նախարարի, այս նախագիծը ԱԺ կներկայացվի արդեն փաթեթով` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ մեկտեղ, որով պատասխանատվություն կսահմանվի արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար: Սա, ըստ նախարարի,  այն կարեւոր պատճառն էր, որ ստիպեց կառավարությանը` ետ կանչել օրենքը: Կառավարության նիստի ժամանակ սահմանվում է մի սկզբունք, որ «գրեթե պետք է բացառվի բնակչության հետ» զինված ուժերի շփումը արտակարգ դրության ժամանակ»: Զինված ուժերը, ըստ նախարարի, պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմամբ (բնակչության տեղահանում), պետք է ապահովեն հատուկ պաշտպանվող օբյեկտների անվտանգությունը ու մշակութային եւ այլ օբյեկտների տեղահանումը... «Սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ են սահմանվում, մի քանի արգելքներ են սահմանվում զինված ուժերի եւ անմիջապես բնակչության շփումը կանխելու համար»:
Ի՞նչ է նշանակում «գրեթե»: Այս հարցին պատասխանելու համար նախարարը դիմեց ասացվածքի օգնությանը.  «Եվրոպացիները ասում են` հրանոթով ծիտ չեն որսում: Դու կարող ես հրանոթով որսալ, ինքը պիտանի է, բայց ասում են` այդքան մեծ զենքը մի օգտագործի ճնճղուկ որսալու համար: Հիմա նույնը պետության ներսում է. եթե ընդամենը դու կարող ես շատ ավելի նվազ միջամտությամբ հասնել քո նպատակին, ապա զուր մի կիրառի: Այդ «գրեթե»-ն համաչափության սկզբունքով է սահմանափակված»: Ո՞վ է որոշելու, թե երբ է պետք հրանոթով կրակել եւ երբ պետք չէ: Ըստ նախագծի` ՀՀ նախագահը: 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը որոշեց, որ Երեւանի կենտրոնում անցկացվող շուրջօրյա խաղաղ հանրահավաքը ցրելու համար պետք է մայրաքաղաք մտցնել զինված ուժեր: Այս նախագծով Սերժ Սարգսյանն էլ է ունենալու այդ իրավունքը: Այնպես որ, օրենքը եղած-չեղած` մի հաշիվ է: Եւ ուրեմն անհասկանալի է մնում այս օրենքը ընդունելու իմաստը: «Նպատակը Սահմանադրության նորմի իրականացումն է, որը պետք է մենք վաղուց անեինք: Եւ երկրորդ նպատակը նա է, որպեսզի մենք քննադատության չենթարկվենք էն պատճառով, որ չենք ընդունում դա: «Չեք ընդունում, որ նորից ձեր ձեռքերը ազատ լինեն, ինչ ուզենաք` անե՞ք»: Մենք ասում ենք` ոչ»,-պարզաբանում է Թովմասյանը: Իբր, Հայաստանը աշխարհի ամենաօրինական երկիրն է, ու եթե «ինչ ուզենան անեն», օրենքի գոյությունը պետք է կանխի այդ ցանկությունը:
- Ե՞րբ կընդունվի օրենքը:
- Կարծում եմ` երեք ամսվա ընթացքում:
- Այսինքն` մինչեւ ընտրություննե՞րը
- Այո: 
Այս հարցուպատասխանից հասկանալի է դառնում օրենք ընդունելու այս պատմությունը: Բայց նախարարը շատ հաստատակամորեն երեկ ասաց. «Մենք ասում ենք` չի լինելու արտակարգ դրություն, ես վստահ եմ»: Բա որ չի լինելու, էլ ինչո՞ւ են այսպես ոտուձեռ ընկել` արդեն 4 տարի այս անունով նախագիծը տանում-բերում են, բայց որոշել են անպայման օրենքն ընդունել մինչեւ գալիք ընտրությունները: Ու ինչպիսի ձեւակերպումներ էլ տան, ինչքան սիրուն-միրուն բաներ գրեն, միեւնույնն է` եթե կա զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու անգամ փոքր ակնարկ, ուրեմն վերջ` դա հակասում ՀՀ Սահմանադրությանը: Իսկ իշխանությունը այս 4 տարիներին անընդհատ փորձել է հենց այդ մի հարցը լուծել` օրենքով սահմանել արտակարգ իրավիճակում բանակի օգտագործման հնարավորությունը: Այլ կերպ` իշխանությունը չի կարող գոյատեւել: Մարտի մեկը ձեզ օրինակ:
Հայկ Գեւորգյան -24. 02. 2012

Комментариев нет: