Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.02.2012

Եղել է. եղում է եւ եղելու է

Հերթական զավեշտը

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ կառավարության այսօրվա նիստին Պետեկամուտների կոմիտեն ներկայացնելու է «ՊԵԿ հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը»:

Լուրջ, գեղեցիկ ձեւավորված, գեղեցիկ ձեւակերպած մի հաստափոր փաստաթուղթ է սա: Բայց հենց հաշվի ես առնում, որ սրա հեղինակը ոչ թե, ասենք, Նորվեգիայի, այլ Հայաստանի ՊԵԿ-ն է,
փաստաթուղթը միանգամից վերածվում է զավեշտի: «Հարկային մարմինը կլինի անաչառ, արդար, վստահելի կառույց», «հարկային մարմինը կլինի թափանցիկ», «հարկային մարմինը կլինի հետեւողական եւ իր գործողությունների ժամանակ կառաջնորդվի բացառապես գործող օրենսդրական նորմերով»,- նշված է հենց փաստաթղթի սկզբում: Լո՞ւրջ: Կարելի է կարծել, որ մինչեւ հիմա ՊԵԿ-ը հայտարարել էր, թե հարկային մարմինը կլինի կողմնակալ, «դաղալ», փակ, մի կառույց, որը առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ ՊԵԿ-ի տարբեր կալիբրի չինովնիկների կամայականություններով ու նրանց բիզնես հետաքրքրություններով: Հենց այդպես էլ գործում էին, չնայած նախկին` 2008-2011 թվականների ռազմավարության մեջ էլ է գրված թափանցիկության, արդարացիության, ազնվության մասին:
«Առաջիկա տարիներին հարկային եկամուտների ապահովումը կատարվելու է ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման...»,- վստահեցնում է ՊԵԿ-ը: Չեք գտնի մինչ օրս ընդունված որեւէ փաստաթուղթ, որտեղ ՊԵԿ-ը կհայտարարի, թե հարկային եկամուտներն ապահովելու են հարկային բեռի մեծացման շնորհիվ: Բայց միշտ էլ եղել է հակառակը: Ու հիմա` այն պահին, երբ ՊԵԿ-ում նստած մի քանի հոգի գրում-մրում էին այս փաստաթուղթը, ՊԵԿ-ը բարձրացրել է ներկրվող մի շարք ապրանքների մաքսազերծման հսկիչ գները: Այսինքն, ոչ թե «վարչարարությունն է բարելավել», այլ հարկային բեռն է մեծացրել: Բա որ զավեշտ չէ, ի՞նչ է: Փաստաթղթում ուղղակի ծիծաղ հարուցող պնդումներ կան: « Հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքից օգտվողների թվաքանակը եւ գոհունակությունը աճել են առնվազն 20%-ով` սկսած 2013 թվականից` նախորդ տարվա նկատմամբ»,- ահա այսպիսի արդյունք է արձանագրելու ՊԵԿ-ը` ըստ ռազմավարության: Պատկերացնո՞ւմ եք` գոհունակության 20 տոկոս աճ: «Երբ քեզ տեսա առաջին անգամ, սիրահարվեցի 23.6 տոկոսով, իսկ հիմա ես քեզ սիրում եմ առնվազն 62.4 տոկոսով»,- երեւի այսպիսին պիտի լինեն սիրո խոստովանությունները` ըստ ՊԵԿ-ի: Դժվար է ասել, թե քանի տոկոսով կաճի ՊԵԿ կայքից օգտվողների գոհունակությունը, բայց հարկային տեսուչների գոհունակությունը 2013 թվականից հաստատ աճելու է: Խնդիրն այն է, որ 2013 թվականին, ինչպես տեղեկանում ենք ռազմավարությունից, գործարկվելու է Դիլիջանի ուսումնական կենտրոնը: Սա նախկին Կինեմատոգրաֆիստների տունն է, որը պետբյուջեի փողերով` 5 միլիոն դոլարով ձեռք բերվեց ու տրվեց ՊԵԿ-ին: Իսկ հետո էլ ՊԵԿ-ին տրվեց այդ կենտրոնին հարող անտառը: Հարկայինի աշխատողները, ուրեմն, «ազնիվ», «անաչառ», «թափանցիկ» աշխատելով հարկատուների հետ, 2013 թվականից պարբերաբար կայցելեն Դիլիջան` դասընթացների: Էլի պետբյուջեի, այսինքն` հարկատուների հաշվին:
Մի խոսքով, ծնվել է մի հերթական ռազմավարություն` խոստումներով ու գեղեցիկ տեսլականներով լի: Ու տպավորությունն այնպիսին է, որ մեզանում ընդունված ռազմավարությունները իրար հետ մրցում են խոստումների ճոխությամբ: Եւ ՊԵԿ-ի ներկայացրած այս ռազմավարությունը բացառություն չէ:
Բայց եթե այս բոլոր խոստումները դնես կշեռքի մի նժարին, իսկ մյուսին դնես թեկուզ այն մի փաստը, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ազգուտակով զբաղված է ինտենսիվ բիզնեսով, ապա կշեռքի այս երկրորդ նժարը ահարկու թրմփոցով կիջնի: Այսինքն, եթե ՊԵԿ-ի ղեկավարը Հայաստանի խոշորագույն բիզնեսմեններից է, ինչ ռազմավարություն էլ ուզում ես գրիր, կազմը ոսկեջրիր ու վրան փակցրու Սուրբ Մարիամ Աստվածածնի անդամանդապատ սրբապատկերը, մեջը ամեն բառից հետո գրիր` պապայի արեւ... միեւնույնն է, ոչ ոքի չես կարող համոզել, որ խոշոր բիզնեսմեն ղեկավար ունեցող հարկային գերատեսչությունը կարող է ազնիվ, արդար, թափանցիկ աշխատել: Ո՛չ այն պատճառով, որ մարդիկ անհավատ են: Այլ այն պարզ պատճառով, որ բիզնեսմենը չպետք է հարկահավաք լինի: Դա հայտնի էր դեռ հարյուրամյակներ առաջ, եւ այդ մասին շատ խելացի մարդիկ գրքեր են գրել:
Ի դեպ, թափանցիկության մասին: Ընդամենը նշենք, որ պետական եկամուտների «թափանցիկ» կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երբեք` ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել: Այնպես որ, ՊԵԿ-ը եղել է, կա եւ լինելու է «շատ թափանցիկ» կառույց, ինչպես գրված է ռազմավարությունում:

Комментариев нет: