Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.02.2012

yerkir.am

Եվ խոսեց մի... «առնական» երիտասարդ


11:03 - 14.02.2012




Կուսակցական սանդղակով ամեն գնով վեր բարձրանալու մոլուցքն այն աստիճան է կլանել հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանին, որ թվում է, թե «վերեւներին»հաճոյանալու համար նա պատրաստ է քայլել ամենքի ու ամեն ինչի վրայով: Վերջին շրջանում ԱԺ ամբիոնից, թե ասուլիսների ժամանակ այս երիտասարդ պատգամավորն ամեն ջանք գործադրում է անձնական վիրավորանքներ թափելու բոլոր նրանց վրա, ովքեր իր կուսակցության կամ նրա քաղաքականության մասին թթու խոսք են ասել:
Երեկ էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ մամուլի ասուլիսում երիտասարդ ՀՀԿ-ականը դարձյալ հատեց անձնական վիրավորանքների սահմանը: Մասնավորապես` «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին անվանեց«քաղաքական ծաղրածու»` բեղ թողնել-չթողնելու, դրոշի տակ կանգնել-չկանգնելու, հիմա էլ նրա վերջին հայտարարության առնչությամբ, որն, ըստ Ավագյանի, «կարելի է բերել, տեղավորել կրկեսի մեջ»: Նա սրանով չբավարարվեց` «Ժառանգության» մասին ասաց, որ քաղաքական առնականության խնդիր ունի:

Որ այս երիտասարդը պարզապես կուրացած է այլ երիտհանրապետականների«փառքով» ու ամեն կերպ փորձում է իրեն ցույց տալ` հույսով, որ մի օր իրեն էլ որեւէ կերպ կփոխհատուցեն, ակնհայտ է:

Հիշյալ երիտասարդի` արդեն սովորական դարձած բառապաշարի ու  ոչ կոռեկտ պահվածքի մասին մեկնաբանություններ խնդրեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանից:

Նրա խոսքերով` նույնիսկ Հայաստանի ոչ շատ մաքուր քաղաքական միջավայրում անձնական վիրավորանքներն ընդունված չեն, սակայն այս դեպքում մենք հանդիպում ենք հենց անձնական վիրավորանքի ամենաայլանդակ օրինակներից մեկին, երբ վիրավորվում է մարդ, ով իր արժանիքներով վիրավորողին ոչ միայն չի զիջում, այլեւ անհամեմատ ավելի մեծ դերակատարություն է ունեցել, քան Կարեն Ավագյանի նման երիտասարդները:

«Եթե դու քննադատում ես մարդու քաղաքական հայացքները, դա հասկանալի է, այստեղ կարող ես լինել սուր եւ կտրուկ, բայց երբ անցնում ես անհատին եւ սկսում ես վիրավորել նրան, սա այլեւս քաղաքականությունից դուրս է, եւ ուրեմն, սա համարել քաղաքական պրոցեսի մաս ես չեմ կարող, ինձ համար անհասկանալի է այս վարքը: Կարծում եմ, որ իրենց քաղաքական գործիչ համարող այս երիտասարդների ավագ ընկերները պետք է սանձեն նման դրսեւորումները, որովհետեւ հասկանալի է` երիտասարդները հաճախ անցնում են չափերը` ցանկանալով դուր գալ ավագներին: Եթե ավագներին սա իսկապես դուր է գալիս, ուրեմն` վայ այդ ավագներին, իսկ եթե` ոչ, առնվազն պետք է արտահայտվեն. սա ճիշտ ձեւ չէ»,- yerkir.am-ին ասաց Վ.Հովհաննեսյանը` տարակուսելով, թե ինչպես կարելի է քաղաքական ուժին մեղադրել առնականության բացակայության մեջ:

«Առնականությունն այն հատկանիշը չէ, որի մասին խոսում են քաղաքական միջավայրում, իսկ եթե խոսում էլ են, ապա այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը լինում է: Ես կարծում եմ, որ այս դեպքում բացարձակապես անհարկի էր առնականության հիշատակումը, որովհետեւ կան քաղաքական ուժեր, որոնց ձեւական առնականությունից, «առնական» հայտարարություններից,«առնական» ազգայնականությունից հասարակությունը խորապես զզվել է»,- նշեց մեր զրուցակիցը:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Комментариев нет: