Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

15.02.2012

Զոյա Թադեւոսյան

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության համակարգող  Զոյա Թադեւոսյանը՝ հրազդանյան ընտրությունների մասին
- Արդյոք ճի՞շտ էր Սասուն Միքայելյանի շտաբի՝ ընտրությունների արդյունքները չբողոքարկելու վերաբերյալ կայացրած որոշումը, այն պարագայում, երբ Սասուն Միքայելյանի վստահված անձինք, ովքեր հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ էին եւ ՀԱԿ-ի կարկառուն դեմքեր, ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններ արեցին: Չբողոքարկելով՝ արդյոք չե՞ն լեգիտիմացվում իշխանությունների գործողությունները:
- Խնդիրը լեգիտիմացման մեջ չէ: Բանն այն է, որ բողոքարկում ես, եթե իրականում ֆիքսվել է որեւէ կեղծիք տեղամասում: Ֆիքսված կեղծիքի արդյունքում եթե բողոքարկես եւ ստանաս վերահաշվարկի հնարավորություն՝ պարկում պետք է հայտնաբերենք իրական կեղծիքներ, որոնց արդյունքում էլ կբացահայտվի, որ տեղի է ունեցել այնպիսի կեղծիք, որը, վերջին հաշվով, կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Սակայն այդպիսիք տեղի չեն ունեցել տեղամասերում: Տեղամասերում իրականացվել է բավականին թափանցիկ եւ արդար ընտրություն, այն առումով, որ ԸՕ-ի տառին համապատասխան են կազմակերպվել եւ անցկացվել ընտրությունները: Ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել մինչեւ ընտրությունը: Օրինակ՝ բաժանվել է ընտրակաշառք եւ վերահսկվել է տեղական իշխանական մարմինների կողմից: Ստեղծվել է ստրուկի հոգեբանության մի միջավայր, որտեղ ուսուցիչը, ցավոք, կամակատար է, ուսուցիչը ստրկամիտ է, եւ եթե նրան հրաման է տրվել, որ ոչ միայն ինքը, այլեւ իր ամբողջ ընտանիքը պետք է քվեարկի իշխանական թեկնածուի օգտին, նա հլու-հնազանդ ենթարկվում է դրան:
Ընտրությունների օրը տանից դուրս են գալիս նաեւ բոլոր նրանք, ովքեր այնքան ծեր են, որ ունեն վատ տեսողություն, վատ լսողություն, հազիվ են տեղաշարժվում: Նրանց ուղեկցում էին հարազատները, թոռները, մի կերպ բերում էին տեղամաս. ակնհայտ էր, որ այդ մարդիկ ստացել էին համապատասխան գումար ու գալիս էին ընտրելու: Ընտրությունն էլ, բնականաբար, իրենք չէին կատարում, այլ ուղեկիցները: Հետեւաբար, վստահաբար կարելի է ասել, որ նորից վերահսկվում էր այդ ծերի, հաշմանդամի ընտրությունը: Կամ՝ ընտրացուցակներում տեղ էին գտել մեծաթիվ մարդիկ, ովքեր տեղի բնակիչ չէին, ավելի ճիշտ՝ հնարավոր չէր հասկանալ, թե ովքեր էին, բայց գրանցված էին ընտրացուցակներում եւ ունեին 2009 թվականից կամ դրանից առաջ ստացած անձնագրեր, որոնք լրիվ նոր էին, մատ կպած չէր դրանց: Ընտրության նախորդ օրը, երբ հաշվարկ էինք իրականացնում, ասացինք, որ ԸՕ-ի պահանջն է, որ եթե ընտրությունների նշանակման օրվանից հետո մարդիկ գրանցվում են տվյալ տարածքում, ընտրելու իրավունքից զրկվում են: Հասկացրեցինք, որ վերահսկելու ենք այդ գործընթացը, ինչը մեծ աղմուկ առաջացրեց: Հանձնաժողովի անդամները սկսեցին դրա դեմ բողոքել: Հետո այդպիսիք չեկան: Եկան նոր անձնագրերով, բայց 2011-ի մայիսի 18-ից վաղ գրանցված ընտրողներ: Ասում են, որ այդպիսիների թիվը բավականին մեծ է եղել, օրինակ՝ այն տեղամասում, որտեղ ես էի, մոտ 50 նման ընտրող եկավ: Նրանց գումարած՝ մի 30 տատիկ-պապիկ՝ եղավ 80: Ընտրողների ակտիվությունն էլ շատ մեծ էր, եւ հասկանալի էր, որ մարդկանց արդեն բաժանած փողերին համապատասխան՝ ցուցակներով ուղարկում էին տեղամասեր:
Իշխանական լծակ եւ ընտրակաշառք, որը տալիս է 100 տոկոսանոց արդյունք: Բայց դա չի նշանակում, որ նրանք հաղթել են: Չեն հաղթել, որովհետեւ երեք կուսակցություն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, միասնաբար աշխատել են մեկ թեկնածուի դեմ եւ ընդամենը 1600 ձայն են ավելի հավաքել: Դա ամենեւին էլ հաղթանակ չէ, ավելի խայտառակ պարտություն է, քան կարելի էր պատկերացնել:
- Հրազդանյան ընտրությունների, որոնք կատալիզատոր էին առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար, վերլուծության արդյունքում ի՞նչ տրամադրություններ են ՀԱԿ-ում առաջացել:
- Պայքարի ընթացքում հիասթափությունը ես համարում եմ մարտի դաշտից փախուստ: Հիասթափություն չկա: Կա մտածելու տեղ: Պետք է լավ մտածել, տակտիկական լուրջ քայլեր մշակել եւ առաջիկա ընտրություններին ավելի պատրաստ գնալ: Այն, ինչ անում են իշխանությունները, ասել, թե նոր է՝ չէ. հին ձեռագիր է, ես դա անվանում եմ հին հայկական դասական ընտրություն՝ առանց կաշառքի ընտրողը տանից դուրս չի գալիս: Մեր հիմնական դժբախտությունը այդ վատ, անբարեխիղճ, կաշառակեր ընտրողն է, Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած այդ կաշառակեր տատիկներն ու պապիկները, որոնք ժամանակին սովխոզներից ու կոլխոզներից գողացել են, հիմա՝ նույն տրամաբանությամբ, ապրում են այս դարաշրջանում: Դրա դեմն առնելը շատ դժվար է: Կամ պետք է հաշտվել նրանց գոյության հետ՝ մինչեւ կգան լավ ժամանակներ, կամ նրանց հետ էլ պետք է լուրջ աշխատանք տանել, ինչը չեմ կարծում, որ արդյունք կտա առանց փողի: Իսկ փողը մենք չենք համարում ընտրության գնալու միջոց: Հուսով եմ, որ հասարակությունն ինքը նաեւ պետք է դասեր քաղի այս ամենից: Միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ դա, ամբողջ հասարակությունը պետք է մտածի՝ ո՞ր ճանապարհն է ընտրում՝ արդար արդարությա՞ն, թե՞ անարդար անարդարության:
- Երկու օր առաջ կոալիցիոն ուժերը համատեղ նիստում վերահաստատել են խաղի իրենց կանոնները: Դրանով, փաստորեն, ԲՀԿ-ն ցույց տվեց, որ ինքը մնում է կոալիցիայի հետ, եւ այն ակնկալիքը, որը կար ՀԱԿ-ում՝ ԲՀԿ-ն քայլեր կանի, ինչի արդյունքում քաղաքական իրավիճակ կփոխվի Հայաստանում, ի չիք է դառնում: Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնությունը: Փաստորեն, ամեն ինչ մնում է նո՞ւյնը, փոփոխություններ չե՞ն ակնկալվում:
- Փոփոխությունների հեղինակը պետք է լինի մեզ պաշտպանող հասարակությունը: Բայց եթե հասարակությունը կգնա այս քվոտավորումը որպես իրողություն կամ որպես հրաման ընկալելու ուղիով, այդ երեք ուժերը, ես հասկանում եմ, չեն խանգարի միմյանց, կբաժանեն հասարակությանը, կֆիքսեն ամեն կուսակցության փայաբաժինը: Եվ դա կլինի չխանգարելու, համագործակցելով ընտրությունների գնալու խաբկանք: Ըստ էության, նրանք պայմանավորվել են ոչ թե ընտրությունների, այլ տոկոսները գրելու շուրջ: Հակառակ դեպքում ընտրություններն այդ ճանապարհով տանելը համարում եմ կոպիտ սխալ եւ լուրջ հարված հասարակական տրամադրություններին, որովհետեւ չի կարելի դնել ու որոշել, թե ինչպե՞ս անել: Եթե նրանք նախապես որոշում են կայացրել՝ կնշանակի, որ նախկինում ունեցել են այլ որոշումներ, նախկինում թույլ են տվել գործողություններ, որոնք հիմա չեն ուզում կրկնել: Դա նշանակում է, որ ընդունում են այն, ինչի մասին մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ Հայաստանը կոալիցիայի կողմից սեփականաշնորհված պետություն է, եւ հասարակության հետ ինչպես ուզում՝ այնպես էլ վարվում են: Դա անթույլատրելի է, եւ այդպիսի հուշագիրը ես համարում եմ պարտության հուշագիր: Գուցե ոմանք ստանան իրենց ցանկալի ձայները խորհրդարանում, բայց հասարակական գիտակցության մեջ դա ամենեւին էլ չի նշանակի հաղթանակ: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում իրականում:
- Հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ն ու նրա շուրջը համախմբված հասարակությունը, որպեսզի կարողանան իրավիճակ փոխել:
- Ընտրողը պետք է ուղղակի հեռու մնա ընտրակաշառքից: Եթե մեկտեղվեն ՀԱԿ-ի ու ժողովրդի նպատակասլացությունը հանուն արդար ընտրությունների՝ հաղթանակն ապահովված է: Եթե հասարակության մի ամբողջ հատված՝ պետական ապարատի աշխատողները, աշխատատեղ ունեցող անձինք, ուսուցիչները, ՏԻՄ մարմինների աշխատողները, համախմբվում են բարիկադների այն կողմում, որտեղ ամեն ինչ արվում է, որ այս իշխանությունները վերարտադրվեն, արդյունքներն այդքան էլ ուրախալի չեն:
- Դա ռեա՞լ եք համարում:
- Շատ կոպիտ օրինակ պետք է բերեմ. երբ շանը վարժեցնում ես, ուզում ես, որ նա քո հրամանը կատարի՝ սոված ես պահում: Այս մեթոդով իշխանությունն աշխատել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող բնակչության հետ: Աղետալի է, երբ մարդը սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ վաճառվում է 5000 դրամով՝ դառնալով վարժեցված շան նման: Եթե դուք տեսնեիք, թե այդ 5000 դրամ վերցրածներն ի՜նչ շնորհակալ դեմքերով էին գալիս տեղամաս, ի՜նչ հնազանդ աչքերով էին նայում իրենց փող բաժանողներին՝ կապշեիք: Ես դրանից եմ վատ զգում:

Комментариев нет: