Նկարում Կարեն Ավագյան |
Եթե Շիրվանզադեն ապրեր արդի իրականության մեջ, հաստատ մի օր կգրեր. «քաղաքականությունը գյադա-գյուդաների կերակուր չէ»: Եվ իսկապես` տեղից ելնող ամեն մի բախտախնդիր քաղաքականություն է տենչում` ակնհայտորեն դիտարկելով այն իբրեւ ամենաշահավետ բիզնեսներից մեկը, որն առանձնապես չի պահանջում որեւէ ջանք, ռիսկ եւ դրամագլուխ: Իսկ խելք` ականջը կանչի Հովիկ Աբրահամյանի, ընդհանրապես պետք չէ:
Բավական է բայի հրամայական եղանակից մի քանի երանգներ ներմուծել ձայնի ելեւէջների մեջ, 2-3 հոդաբաշխ նախադասություն սովորել բերանացի, հնարավորինս լկտի պահվածք դրսեւորել, հնարավորինս կոպիտ որակումներ կարողանալ կպցնել ընդդիմախոսին, եւ հեռանկարային գործչի կամ պետական բարձր պաշտոնյայի ուղին կարելի է համարել հարթված:
Մի խոսքով` կարեւորը լեզվի կապանքները լիովին արձակելն է` հանգույց առ հանգույց: Մեր ապրած դաժան ժամանակաշրջանի այս ոսկե բանաձեւը հիանալի են յուրացրել ՀՀԿ-ական երիտասարդ կարիերիստների փաղանգի շատ կարկառուն ներկայացուցիչներ, որոնցից ոմանք արդեն քաղում են «վաստակած բիզնեսի» քաղցր պտուղները, ոմանք էլ երանության ու բերկրաթմբիրի մեջ սպասում են աստեղային իրենց ժամին` օր օրի անհամբերությունից կորցնելով իրականության զգացումի վերջին փշրանքները եւ ավելացնելով լկտիության չափաբաժինը:
Այդպիսի մեկը` Կարեն Ավագյան անունով, ում «ծառայությունները» հայրենիքի հանդեպ` չհաշված վարչակարգի «իմաստուն» քայլերի փառաբանումը, ցայժմ հայտնի են սոսկ նրանով, որ պատեհ-անպատեհ անվանարկում է իշխանությունների քիմքին անհաճո քաղաքական գործիչներին, այս անգամ թիրախ դարձրեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ում հայ ժողովուրդը շատ լավ ճանաչում է եւ իր բարձր գնահատականը վաղուց տվել է:
Անշուշտ, Ավագյանը գոնե այնքան խելք ունի` հասկանալու համար, որ Դրոշի մոտ կանգնելը «ծաղրածություն» չէ, հպարտություն եւ խորին հարգանք է պետության խորհրդանիշի հանդեպ, հացադուլի ակցիան նույնպես «ծաղրածություն» չէ, այլ սկզբունքների համար պայքարի միջոց է, որին դիմում են միայն ինքնազոհողության պատրաստ անհատները: Անշուշտ, հասկանում է նաեւ, որ ազգի նվիրյալներին պետք է ոչ թե հանիրավի ծանակել, այլ սովորել նրանցից` եթե, իհարկե, սովորելու անկեղծ ցանկություն կա: Իսկ երբ վառ ապագայի ծրագրերը բոլորովին այլ «արժեքների» վրա են կառուցված եւ դրանցում սովորելու, արժանապատիվ ու ժողովրդավարական հայրենիք կերտելու մասին որեւէ հիշատակում չկա, ստացվում է այն, ինչ ստացվում է:
Չէ, անհանդուրժողության` եթե չասենք բռիության, համախտանիշը, որի բացիլն ըստ երեւույթին ամենից շատը խոցելի է երիտասարդ, մանավանդ բանակային կոփվածք չստացած օրգանիզմի համար, երեւում է, ՀՀԿ-ում տարածվում է ամենավերեւներից: Բոլորի հիշողության մեջ թարմ է այդ կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի անհամարժեք կոշտ արձագանքը նույն Րաֆֆի Հովհաննիսյանի մի քանի հարցերին, որոնք առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու հետ կապված սկզբունքային խնդիրներ էին արծարծում եւ շուտափույթ լուծումներ պահանջում:
Այնպես որ, մեծի ասած` պուճուրի լսած: Իր մանկության կամ երիտասարդության տարիներին ամեն ոք մեծերից հետաքրքիր զրույցներ, խրատներ ու խորհուրդներ է լսում, անձնական օրինակի դրսեւորումներ է տեսնում: Ինչ-որ բաներ վերցնում, ընդօրինակում է, ինչ-որ բաներ չի ընդունում: Բայց լավ արարքը, տպավորիչ խոսքը, ամեն դեպքում, ապրում են բավական երկար եւ հիշվում սերնդեսերունդ:
Տարիներ առաջ գյուղում մի հարեւան պապիկ ունեինք` աշխույժ, կատակասեր մարդ էր, երբեք չէր նեղվում թաղի չարաճճի երեխաներից, երբ վերջիններս հերթական զվարճապատումը կամ ժողովրդական սրամտությունը ըմբոշխնելու ակնկալիքով անընդհատ կախվում էին փեշերից, թե` Աղաս պապի, պատմի´ր, պատմի´ր… Ավագներս ամեն տեսնելուց` սաստում էինք փոքրերին, որ հանգիստ թողնեն պապիկին: Ծերուկը, ոլորած բեղերի արանքում խորամանկ մի ժպիտ խաղացնելով` ասում էր. «Է, վնաս չունի, բնության օրենք է, արջը երբ մեծանում է, քոթոթները սկսում են ամորձիների հետ խաղալ»:
Երկար ժամանակ ողորմածիկ Աղաս պապիկի այս խոսքը հիշելու առիթ չկար, եւ գրեթե մոռացել էի: Երեկ հիշեցի:
ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆ - ԼՐԱԳԻՐ. AM
Комментариев нет:
Отправить комментарий