Լրագրողը նոր մշակույթ կբերի ԱԺ. Մերուժան Տեր-Գուլանյան
Լրագրողը նոր մշակույթ կբերի ԱԺ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր համոզմունքը հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` խոսելով լրագրողների՝ ԱԺ-ում հայտնվելու հավակնությունների մասին:
Նա նշեց, որ մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր: Ըստ գրողի՝ անհնարին է ընտրություններին ծածկադմփոց անել: «Ովքե՞ր են լինելու վկայողները: Սա է հարցը: Արդյոք միտում չկա՞ այդ վկայությունների մեջ: Անպայման արդար միտքը կհաղթի: Պետք է լրագրողներն իրենց խղճի առաջ արդար լինեն»,- նշեց նա` մամուլի ազատության գործում կարևորելով էլեկտրոնային լրատվամիջոցների դերը:
Խոսելով խոսելով լրագրողների՝ ԱԺ-ում հայտնվելու հավակնությունների մասին, Տեր-Գուլանյանն ասաց` կան մարդիկ, ովքեր օրենսդրական գործունեության հետ կապ չեն ունեցել և չեն կարող ունենալ: Բանախոսը վտանգավոր համարեց, երբ փողն ու իշխանությունը նույն մարդու ձեռքում են:
«Այնպես որ՝ լրագրողների մուտքը ԱԺ ինձ համար շատ կարևոր է: Նաիրա Զոհրաբյանը շատ լավ լրագրող էր և այժմ շատ գործուն, հետաքրքիր պատգամավոր է, Լիլիթ Գալստյանը լավ թարգմանիչ-լրագրող էր, այժմ շատ լավ պատգամավոր է: Ես կցանկանամ, որ լրագրողները շատ լինեն ԱԺ-ում: Այդ դեպքում ԱԺ-ի ոճը կփոխվի, քանի որ լրագրողները սովոր են չվախենալ ազատ խոսքից: Լրագրողները նոր մշակույթ, նոր որակ կբերեն ԱԺ: Եթե լրագրողն իր աշխատանքի բերումով տեղյակ է հանրապետության ներքին կյանքին և գիտի՝ որ ոլորտում ինչ խնդիրներ կան, նա պատրաստ է ծավալել գործունեություն նաև ԱԺ-ում»,- նշեց Մ. Տեր-Գուլանյանը` հավելելով, որ լրագրողն իր աշխատանքի ընթացքում տեսնում, անդրադառնում է շատ թեմաների և իր աշխարհընկալումն է ունենում, իսկ երբ աշխարհընկալումը չի դառնում աշխարհայացք, նա չպետք է դառնա պատգամավոր: Ըստ նրա` հրաշալի մարդիկ կան, ովքեր պատիվ կբերեն ԱԺ-ին:
Խոսելով իշխանական և ընդդիմադիր լրատվամիջոցների մասին` Տեր-Գուլանյանն ասաց, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն ավելի ուժեղ են: «Իշխանական մամուլն ապահով է զգում, և նրան թվում է, թե տեղ է հասել, իսկ ընդդիմադիր մամուլը ձգտում է տեղ հասնել»,- նշեց Մ. Տեր-Գուլանյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հայտնեց՝ ունենք կուսակցականացված մամուլ, որոնք մանրադիտակով տեսնում են այլ կուսակցությունների սխալները, բայց իրենց ճամբարում տեղի ունեցածի շուրջ լռում են: «Ես ինքս կուսակցական եմ, բայց ես դեմ եմ այս տեսակի մամուլին: Մենք խնդիրներ կունենանք, եթե այսպես շարունակվի: Մենք պետք է կոչ անենք պահպանելու և բարձրացնելու մամուլի նկատմամբ ժողովրդի հարգանքը: Պետք է զարգացնենք նաև մեր հասարակությանը»,- եզրափակեց Հ. Ավետիքյանը:
Комментариев нет:
Отправить комментарий