Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

21.01.2012

Կրեածիվ մոնիթորինգի թրեյնինգ


Սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ ձեզ կրեածիվ մոնիթորինգի մի գլոբալ պրոյեկտ: Այս նախադասության մեջ ամենազարմանալին կարելի է համարել այն, որ բոլորդ էլ, կարծում եմ, հասկացաք, չնայած վերջին չորս բառն իրականում ոչ մի իմաստ չունեն հայերենում: Ավելի զարմանալի կարելի է համարել այն, որ նմանօրինակ բառօգտագործումը ոչ միայն ընդունված է մեր հրապարակային խոսքի մեջ, այլեւ նույնիսկ գիտականակերպի եւ պրեստիժայինի համարման կարող է հավակնել:

Միանգամից ասեմ, որ այստեղ հարցը եզրերի հայացումը չէ, որն առանձին թեմա է: Հայացնել կարելի է մի եզր կամ բառ, որն իրապես նոր իմաստ, նոր երանգ կամ նոր երեւույթ եւ հասկացություն է արտահայտում: Ասենք, կարելի է հայացնել տելեւիզոր կամ տելեֆոն բառերը, դիսկուրս կամ պարադիգմա եզրերը, բայց չի կարելի հայացնել բառեր, որոնք հայերենում, ինչպես ցանկացած գրական տեւական ավանդույթ ունեցող լեզվում, ի սկզբանե կան:



 Կարելի է ասել տելեւիզոր հեռուստացույցի փոխարեն կամ պարադիգմա հարացույցի փոխարեն, չնայած մեր լեզվի ավանդույթն այլ բան է թելադրում, բայց չի կարելի ասել` կրեածիվ պրոյեկտ, քանի որ դա պարզապես բարբարոսություն է ցանկացած՝ նույնիսկ օտարաբանությունների նկատմամբ ամենահանդուրժողական լեզվական ավանդույթի տեսակետից: Մի երկու ամիս առաջ համացանցում հանդիպեց այսպիսի մի հարց՝ ինչպե՞ս է հայերեն «կրեատիվը»: Հարցն անհեթեթ է եւ պատասխան չունի, քանի որ կրեատիվը հայերեն՝ ստեղծագործականն է, ինչպես որ մոնիթորինգը՝ դիտարկումն է, գլոբալը՝ համաշխարհայինը, իսկ պրոյեկտը՝ նախագիծը կամ ծրագիրը: Իհարկե, գիտունները դեմքի իմաստուն եւ խորհրդավոր արտահայտությամբ կասեն` ո՛չ, դրանք երանգային տարբերություններ ունեն: Դա անհեթեթություն է, որովհետեւ այդ կարծեցյալ երանգային տարբերությունները ոչ այլ ինչ են, քան «ֆիրմա» բառերի շուրջ եղած կեղծ գիտականության եւ պրեստիժային լինելու մոգական եւ քաղցրահամ մշուշը: Գավառական վայրենի ճաշակի տեսակետից խելոք եւ անհասկանալի թվացող բառերի օգտագործումը հատուկ հմայք է հաղորդում խոսքին: Իսկ եթե այդ բառերը մեր լեզվում իրոք ինչ-որ հավելյալ իմաստներ են ստանում, ապա դա արդեն անգրագիտության խնդիր է, ինչպես որ «գլոբալը» մեզանում օգտագործվում է միանգամայն անիմաստ կոնտեքստներում, ասենք՝ «Սերժ Սարգսյանի եւ Ծառուկյանի միջեւ եղած գլոբալ պայմանավորվածությունները», այսինքն` այդ երկուսը կարող են ունենալ, ըստ մեր լրատվամիջոցների, համաշխարհային նշանակության պայմանավորվածություններ: Հետաքրքիր է, ի դեպ, որ կարելի է հրապարակային խոսքում ասել «մոնիթորինգ անել», բայց խիստ դատապարտելի է ասել` «դավադիտ լինել» կամ «ժարիտ անել», չնայած ոճական առումով դրանք լրիվ նույնն են: Գաղտնիք չէ, որ նման վայրենի բառօգտագործումը մեզանում նաեւ ռուսերենի ազդեցության հետեւանք է: Իրականում սա ռուսերենի նկատմամբ էլ վայրենի վերաբերմունքի հետեւանք է եւ մասամբ բացատրվում է այդ լեզվում արմատավորված մի լեզվական ավանդույթով, որը գալիս է Պետրոս Մեծից, եւ որը ռուսերենը հաճախ պարզապես ստորացնում եւ ոչնչացնում է օտարաբանությունների առջեւ: Այս ավանդույթի պատճառով է, ի դեպ, որ հատկապես վերջին շրջանի ռուսերեն գիտական տեքստերը հաճախ պարզապես հնարավոր չէ կարդալ` այնքանով դրանք կապ չունեն բուն ռուսերենի հետ, եւ չնայած իրականում խոսքը դրանցում կարող է լինել շատ պարզ եւ մատչելի բաների մասին: Օրինակ, երբ կարդում ես դենտալ եւ լաբիալ ձայների մասին, իհարկե, սկսում ես բարդույթավորվել սեփական անգրագիտությունից, մինչեւ որ չես հասկանում, որ խոսքն ընդամենը ատամնային եւ շրթնային հնչյունների մասին է: Բազմաթիվ «սարսափազդու» լատինաբանություններ այն լեզուներում, որոնցից դրանք փոխառված են, շատ սովորական կենցաղային բառեր են, ինչպես նույն մոնիթորինգը եւ կրեատիվը ռոմանական լեզուներում եւ անգլերենում: Դրանք իրոք ավել բան չեն նշանակում, քան դիտարկում եւ ստեղծագործական` համապատասխանաբար: Բայց քիչ է, որ մենք դրանք բացարձակ անտեղի օգտագործում ենք, մի հատ էլ ժամանակ առ ժամանակ փորձում ենք թարգմանել: Այսպես, նույն մոնիթորինգը հանկարծ դառնում է «մշտադիտարկում» (ինչո՞ւ «մշտա»` պարզ չէ) իսկ «յուզերը» օգտվողի փոխարեն վերածվում է «օգտատեր»-ի (ո՞ւմ տիրոջ` պարզ չէ): Թվում է, որ սա բառի հայացում է, իրականում սա հայերենի աղավաղում է եւ օտարում՝ «հայացման» քողի տակ, որովհետեւ ենթադրվում է, որ հայերեն տառացի համարժեքները, տվյալ դեպքում՝ դիտարկում եւ օգտվող, ինչ-որ բանով պակաս են, քան մոնիթորինգն ու յուզերը, եւ պետք է անպայման հորինել «սարսափազդու» մի մշտադիտարկում, որպեսզի բավարարվեն մեր գավառական բարդույթները եւ անինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

... Ինչպես տեսնում եք, թեման զուտ լեզվաբանական չէ, այլ գալիս հանգում է հասարակական հոգեբանության լուրջ խնդիրների:

Հրանտ Տեր-Աբրահամյան , Ուստա Հրանտ - Հունվար 21, 2012

Комментариев нет: