Օրվա լրահոսը նայելով, ժամանակ առ ժամանակ փորձում եմ ուշադիր ընթերցել հայաստանյան փորձագետների մամլո ասուլիսների մասին նորությունները եւ հաճախ զարմանում՝ արդյո՞ք անհրաժեշտ էր փորձագետ լինել եւ ասուլիս տալ, որպեսզի հայտնել աշխարհիս այն, կներեք, կենցաղային տափակությունները եւ ոչ մի հատուկ բան չասող ընդհանուր դատողությունները, որոնցով լեցուն են խնդրո առարկա նյութերը:
Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ մեղավոր են լրագրողները, որոնք իրոք որոշ դեպքերում կարող են ոչ միայն աղավաղել իմաստները, այլեւ չտարբերել կարեւորը երկրորդայինից կամ էլ առհասարակ չհասկանալ` ինչի մասին է խոսքը: Բայց համոզված եմ, որ խնդիրը միայն լրագրողները չեն:
Անուններ չտալով՝ որոշ օրինակներ բերեմ: Ահա, հայտնի համարվող հոգեբանի մամլո ասուլիսի մասին երկու նյութերից քաղվածքներ: Ամանորյա պայթուցիկները կարող են վախ առաջացնել երեխաների մոտ. եթե մարդը շատ է ուտում, ապա իրեն ծանր է զգում, եւ դա ազդում է տրամադրության վրա. եթե օրգանիզմը ծանրաբեռնված է, ապա դա կարող է դառնալ վատ ինքնազգացողության պատճառ. սթրեսի պատճառ կարող են լինել նաեւ ամանորյա ծախսերը: Այս ամենն, իհարկե, ինքնին ճիշտ է, սակայն թեթեւակի կասկած ունեմ, որ նման դարակազմիկ հայտնագործություններ ավետելու համար չարժե հատուկ մամլո ասուլիս հրավիրել:
Անուններ չտալով՝ որոշ օրինակներ բերեմ: Ահա, հայտնի համարվող հոգեբանի մամլո ասուլիսի մասին երկու նյութերից քաղվածքներ: Ամանորյա պայթուցիկները կարող են վախ առաջացնել երեխաների մոտ. եթե մարդը շատ է ուտում, ապա իրեն ծանր է զգում, եւ դա ազդում է տրամադրության վրա. եթե օրգանիզմը ծանրաբեռնված է, ապա դա կարող է դառնալ վատ ինքնազգացողության պատճառ. սթրեսի պատճառ կարող են լինել նաեւ ամանորյա ծախսերը: Այս ամենն, իհարկե, ինքնին ճիշտ է, սակայն թեթեւակի կասկած ունեմ, որ նման դարակազմիկ հայտնագործություններ ավետելու համար չարժե հատուկ մամլո ասուլիս հրավիրել:
Քաղաքագիտական ասուլիսների (քաղաքական գործիչների մասին չեմ խոսում, այլ փորձագետների) բովանդակությունը հաճախ ավելի բովանդակալից չէ, թեեւ առաջին հայացքից դրանց ավելի դժվար է լինում «կպնել»: Տամ միջինացված մի պատկեր` այս անգամ ոչ թե կոնկրետ ասուլիսից, այլ ընդհանրացնելով հայ քաղաքագիտական-փորձագիտական «համայնքի» ասուլիսային կանխատեսումները գալիք տարվա առումով: Դրանք կարելի է ամփոփել հետեւյալ երեք պնդմամբ. 2012-ին լինելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում սպասվում է թեժ քաղաքական պայքար, Ղարաբաղի հարցն էլի չի լուծվելու, ընդդիմությունը շարունակելու է հանրահավաքները, բայց ընդհանուր առմամբ բան չի փոխվելու: Ենթադրենք, որ այդպես էլ լինելու է, սակայն նույն կասկածամտությունս հուշում է ինձ, որ այդքան բանը կանխատեսելու համար պարտադիր չէ տիտղոսակիր փորձագետ լինել, այդքանը կարող է ասել նաեւ ցանկացած շարքային մահկանացու: Պետք է ասեմ, որ իմ նկատածով` քաղաքագիտական վերլուծության եւ կանխատեսման նման ոչինչ չասող եւ գերզգուշավոր ոճը բնորոշ է ոչ միան հայաստանյան, այլեւ առհասարակ մեր ժամանակաշրջանի աշխարհի շատ փորձագիտական նյութերի: Գուցե կարելի է խոսել նույնիսկ յուրահատուկ փորձագիտական ճգնաժամի մասին: Հատկապես կաղում է փորձագիտական կանխատեսումը, մինչդեռ երեւի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հասարակագիտական վերլուծությունն ինչ-որ տեղ հենց կանխատեսմամբ է իմաստավորվում եւ պսակվում: Խոսեմ օրինակներով: Վերջին տասը տարվա ընթացքում, որոշ բացառություններով, միշտ էլ փորձել եմ հետեւել միջազգային լրահոսին: Կարող եմ ընդհանրացնելով ասել, որ որեւէ կարեւոր շրջադարձային իրադարձություն նույնիսկ մոտավոր կերպով չի կանխատեսվել համաշխարհային «փորձագիտական համայնքի» կողմից ոչ միայն մի քանի տարի կամ մի քանի ամիս հեռավորությունից, այլեւ նույնիսկ կոնկրետ իրադարձությունից մի քանի օր առաջ: Կարող եմ թվել դրանցից մի քանիսը, որոնք այս պահին հիշում եմ: Չեն կանխատեսվել 2003-ի վարդերի հեղափոխությունը Վրաստանում, 2005-ին Ահմադինեժադի ընտրվելը Իրանի նախագահ, 2011-ի արաբական գարունը եւ ամեն կոնկրետ երկրում դրա դրսեւորումներն ու ժամկետները: Շատ տիպական էր, օրինակ, որ 2005-ին բոլոր միջազգային փորձագետները միահամուռ պնդում էին, որ Իրանի նախագահ է ընտրվելու Ռաֆսանջանին, եւ բոլորի համար անակնկալ էր այլ թեկնածուի հաղթանակը: Սա կարող է մասնավոր եւ ոչինչ չասող օրինակ թվալ, բայց իրականում նույնիսկ ավելի կարեւոր է, քան հեղափոխական օրինակները՝ հասկանալու համար «փորձագիտական ճգնաժամի» բնույթը, որովհետեւ հեղափոխությունների դեպքում միշտ էլ կարելի է ասել, որ դրանք ինքնին անկանխատեսելի են: Այս դեպքի մեջ թաքնված է շատ պարզունակ, կարելի է ասել նույնիսկ՝ քաղքենիական-«շուստրի» խորամանկություն, որը, սակայն, առատորեն օգտագործվում է փորձագիտական համայնքի կողմից: Փորձագետը միշտ կանխատեսում է այն, ինչն առանց դրա էլ ամենահավանականն է թվում: Իսկ ավելի ստույգ եւ ընդհանրացված կարող ենք ասել, որ փորձագետի դերն արդի աշխարհում այն է, որպեսզի նա «կանխատեսի», որ ոչինչ չի փոխվելու: Իսկ «խորամանկությունը» հետեւյալն է. «կանխատեսելով» առկա իրադրության պահպանում, փորձագետն ամենայն հավանականությամբ չի սխալվի, քանի որ փոփոխություններն իրոք հազվադեպ են եւ իրոք` դժվար կանխատեսելի: Բայց եթե սխալվի էլ, ապա դա չի ազդի նրա հեղինակության վրա, քանի որ դեպքերի մեծամասնությունում եւ կարճաժամկետ հեռանկարում իրադրությունն իրոք նույնն է մնում ցանկացած տեղ եւ ցանկացած ժամանակահատվածում, եւ նա` ով կանխատեսում է փոփոխություններ, ավելի մեծ ռիսկի է ենթարկում իր հեղինակությունը: Այս ամենին կարող են առարկել, թե տեսակետս միամիտ գավառցու է, որը չի հասկացել, թե հասարակագիտական կանխատեսումը դժվար, եթե ոչ` անհնարին է: Հարց է ծագում, սակայն, ինչի՞ համար է փորձագիտությունը, որը պետք է միշտ կանխատեսի միայն այն, ինչն առանց այն էլ առավել հնարավոր է համարվում: Ի՞նչ է այդ դեպքում փորձագետների համաշխարհային բանակը, եթե ոչ` այսօրվա աշխարհին բնորոշ մակաբուծական «պրոֆեսիոնալիզմի» հերթական ցայտուն դրսեւորում: Իրականում մենք հանցանք կգործենք բանականության նկատմամբ, եթե նրան զրկենք «ռիսկային» կանխատեսումներ անելու կարողությունից: Եթե նույնիսկ իմ պնդումները միամիտ են, ապա հակառակ տեսակետը հոգնած ու ծույլ մտքի եւ իրեն կորցրած դարաշրջանի դրսեւորում է: Փորձագիտական գերզգուշությունն ու պահպանողականությունը իրականում բանականության ու վերլուծության նմանակում եւ նենգում են իմաստակության կողմից: Բանականությունը եւ վերլուծությունն իրենց բնույթով կազմաքանդման եւ փոփոխության գործիք են, եւ որքան էլ բարդ լինի ստույգ կանխատեսումը, հատկապես փոփոխության կանխատեսումը, միայն դա է, որ իրական արժեք է տալիս վերլուծությանը եւ կազմում նրա բուն իմաստը: Խոսքը հրաշքների մասին չէ: Ցանկացած բանական կանխատեսում, անշուշտ, մեծագույն ռիսկ է՝ սխալվելու վտանգով, սակայն հենց այդպիսի համարձակությունն է իրական բանականության էանիշը (ատրիբուտը): Եթե հիշենք, նախորդ երկու-երեք դարերի՝ արդիականության իրապես մեծ մտածողներին, ապա ի տարբերություն այսօրվա փորձագիտական բանակի, նրանք ոչ միայն չեն խորշել մեծ կանխատեսումներից, այլեւ, թերեւս, ի վերջո հենց դրանցում են տեսել իրենց մտագործունեության վերջնական նպատակը: Իրականում խնդիրը ոչ միայն արդի փորձագետների մանր խորամանկությունն է, որը բացատրում է ամեն անհատ փորձագետի վարքը, սակայն բաց է թողնում «համայնքի» հարցը, այլեւ ավելի լայն վերցված՝ մտքի լճացումն ու «ենթատեքստային» անոգեշունչ պահպանողականությունը, այլընտրանքի եւ հեռանկարի բացակայումը: Ի տարբերություն նախկին փիլիսոփաների եւ մտածողների, փորձագետի տիպը փաստացի իր վրա վերցրել է ամեն առկա իրականության պահապանի հակամտավորական դերը: Լսեք` ի՛նչ են նրանք կանխատեսում եւ, դուրս գալով փողոց, «այրեք մեքենաները»՝ արեք ամեն բան, որպեսզի փորձագետները՝ այսօրվա այդ հոգնատանջ քրմերը, տապալվեն իրենց «բարձունքներից». վճռական եղեք՝ հասնելու իրական փոփոխությունների, որոնք անխուսափելի են:
Հրանտ Տեր-Աբրահամյան , Ուստա Հրանտ - Հունվար 17, 2012

Комментариев нет:
Отправить комментарий