Մարկ Նշանյան - 23.01.2012
Ընտրությունների նյութական շահը
Մարկ Նշանյան - 23.01.2012
Այս անգամ ժողովուրդն է ընտրակաշառք բաժանելու
Հայաստանում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում այն գաղափարը, թե իբր ժողովրդի մեծամասնությունն ընտրություններին սպասում է, որպեսզի «մի էրկու կոպեկ» փող աշխատի (այսինքն` ընտրակաշառք վերցնի), հետեւաբար` իշխող կուսակցությունն ինչ-որ իմաստով ժողովրդի կամքն է կատարում, երբ ամեն գնով պահպանում է մեծամասնական ընտրակարգը։ Այդպես մտածողներն իսկապես շատ են, բայց պատճառն ընդամենը այն է, որ այդ մարդիկ լավ չեն պատկերացնում իրավիճակը, իշխանական քարոզչամիջոցներն էլ, բնականաբար, իրենց նեղություն չեն տալիս բացատրել, թե իրականում ինչն ինչոց է։
Ըստ էության, ցանկացած ընտրության ժամանակ Հայաստանում գործում է «փող-իշխանություն-ավելի շատ փող» սխեման։ Այսինքն` փող ունեցողը մասնակցում է ընտրություններին, դառնում պատգամավոր եւ իր այդ կարգավիճակն օգտագործելով` ավելի շատ փող վաստակում։ Նույնն էլ անում են մարդկանց առանձին խմբերը (կուսակցությունները), բայց` ավելի մեծ մասշտաբով։ Սա կարծես թե բոլորն են հասկանում, բայց իրական մասշտաբները քչերն են պատկերացնում։
Իսկ իրական մասշտաբներն այսպիսին են։ Խորհրդարանական ընտրություններում, ինչպես հայտնի է, լուծվում է այն հարցը, թե մարդկանց ո՞ր խումբն է առաջիկա 5 տարիներին ղեկավարելու Հայաստանը։ Իսկ այդ ղեկավարումը կոնկրետ նյութական արտահայտություն ունի։ Ընդդիմությունն, օրինակ, հաշվարկներ է ներկայացնում, որոնց համաձայն` միայն տնտեսության ստվերը կրճատելու եւ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը փոխելու շնորհիվ հնարավոր է շատ հանգիստ կրկնապատկել բյուջեն։ Այսօրվա իշխանությունները դա չեն անում ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում դա, այլ որովհետեւ այդ «ավելցուկն» իրենք են վերցնում (հիշեք արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակած թվերը, ասենք, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին)։ Այդ «ավելցուկը» կազմում է տարեկան մոտ 3 միլիարդ դոլար, այսինքն` հինգ տարվա համար 15 միլիարդ։ Հենց այդքան գումարի համար են կռիվ տալիս իշխանական համակարգի կարկառուն դեմքերը, որովհետեւ բոլորը դրանից փայ ունեն (ամեն մեկն իր չափով)։
Հիմա վերադառնանք ընտրակաշառքներին, որոնց իբր այդքան անհամբեր սպասում են ընտրողները։ Իշխանությունները, հասկանալի է, բոլորին ընտրակաշառք չեն բաժանում. կան մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեն, կան մարդիկ, ովքեր առաջարկված ընտրակաշառքը կվերցնեն ու առաջարկողի... մնացածը հասկանալի է, բացի այդ էլ` բոլորին կաշառելու անհրաժեշտություն չկա։ 200 հազար հոգու էլ կաշառեն` հերիք է. մնացածը անկեղծ համակիրների ձայներով ու թվեր նկարելով-բանով «կդզեն»։ Ընտրակաշառքն էլ, ենթադրենք, 5 հազար դրամ է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ տվեցին 1 միլիարդ դրամ, «աշխատեցին» 15 միլիարդ դոլար։ Բայց ենթադրենք` 200 հազար հոգու չեն կաշառում, կես միլիոնին են կաշառում (խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար այդքանը բավական է)։ Ահա եւ ստացվում է, որ ընտրողի 1 ձայնի գինն իրականում ոչ թե 5 հազար դրամ է, այլ մոտ 12 միլիոն։ Հիմա հարց է ծագում` մեր ժողովուրդն ապուշների՞ց է կազմված, որ այսքանը չեն հասկանում։ Իհարկե ոչ։ Լավ, ենթադրենք` սրանք բարդ հաշվարկներ են։ Ավելի պարզ թվեր ներկայացնենք։ Եթե Հայաստանում նորմալ իշխանություններ ձեւավորվեն, եւ բյուջեն կրկնապատկվի, թոշակներն ու նպաստները նույնպես առնվազն կկրկնապատկվեն։ Այսինքն` 30 հազար դրամ թոշակ ստացողը 60 հազար կստանա։ Հինգ տարվա ընթացքում տարբերությունը կկազմի 1,8 միլիոն դրամ։ Ուրեմն արժե՞ 5 հազար դրամ վերցնել ու զրկվել այդ հեռանկարից։ Փորձի համար մոտեցեք ցանկացած թոշակառուի եւ հարցրեք` կհամաձայնվե՞ր 5 հազար դրամ կաշառք տալ, որպեսզի իր թոշակը կրկնապատկվի։ Բոլորը կհամաձայնվեին։ Այսինքն` պարզ տրամաբանությունը հուշում է, որ կոնկրետ Հայաստանում ցանկացած նորմալ մարդ դեռ մի բան էլ ինքն է պատրաստ 5 հազար դրամ կաշառք տալ իշխանություններին, միայն թե նրանք նորմալ ընտրություններ անցկացնեն։ Ուրիշ բան, որ իշխանությունները չեն համաձայնվի. նրանց թիրախը 15 միլիարդ դոլարն է։
Հ. Գ. Առաջին հայացքից այս հաշվարկները կարող են անհավատալի թվալ, բայց հաշվարկների հիմքում կոնկրետ թվեր են դրված։ Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանի իշխանությունները (բոլոր օղակները միասին) տարեկան առնվազն 3 միլիարդ դոլար են յուրացնում։ Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանի ընդերքն անխնա շահագործվում է, եւ գումարները երկրից դուրս են բերվում։ Կամ որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ մարդկանց 5 հազար դրամ ընտրակաշառք են բաժանում։ Դե եթե չեք կասկածում` մնացածն արդեն պարզ թվաբանություն է։ Թեկուզ` չինական կալկուլյատորով։
Комментариев нет:
Отправить комментарий