«2008թ. Մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական փակի, արգելքի տակ է, եւ որքան էլ ՀՔԾ-ն փորձել է դեկտեմբերի վերջին հրապարակած տեղեկատվական հաղորդման մեջ այս հանգամանքը թաքցնել, դա նրան բոլորովին չի հաջողվել: Քննարկվող փաստաթղթի տարբեր մասերում այդ արգելքի թաքցված ականջները բազմիցս դուրս են ցցվում»,- երեկ Հայ ազգային կոնգրեսում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս ասել է, թե ՀՔԾ-ն իր հրապարակած փաստաթղթում փորձել է հերքումներ ստեղծել, այսպիսով` չեզոքացնել Փաստահավաք խմբում հարցաքննված պաշտոնյաների, զինվորականների, փորձագետների տված վկայությունները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ սպանությունների բացահայտման գործում: Դրանից բացի, ըստ Ջհանգիրյանի, ՀՔԾ-ն տարեվերջյան հաղորդման մեջ սկսել է ջանասիրությամբ պաշտպանել այն 4 ենթասպաներին, որոնք Մարտի 1-ին գործադրել են «Չերյոմուխա-7» հատուկ տեսակի զենք` սպանելով 3 քաղաքացիների: «Հետաքրքիր զուգադիպությամբ, սակայն, որեւէ գնահատական չի տրված արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտնի հրամանի սահմանադրականությանը, այդ գործընթացի ապահովմանը պաշտպանության նախարարության ներգրավմանը, ինչպես նաեւ ՀՀ Պնախարարի փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին»,- ասել է գլխավոր դատախազի նախկին տեղակալը:
Որպես օրինակ` Ջհանգիրյանը նկատում է, որ «սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009թ. գարնանը ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար»: «Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաեւ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները: ...Սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ մեր իրավակիրառական պրակտիկայի համար` չտեսնված ու չլսված խայտառակություն: Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահայտել որեւէ սպանություն` ուղղակի անմտություն է: Նման պայմաններում սպանություններից որեւէ մեկը կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ դա հնարավոր լինի մեղսագրել Մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որեւէ մեկին»:
Լրագրողների հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ՀՔԾ-ի «հաղորդումը» կբավարարի ԵԽԽՎ-ին, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ջոն Պրեսկոտն ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մինչեւ Ջհանգիրյանի գնահատականները այդ զեկույցի վերաբերյալ չստանամ, խոստանում եմ զեկույցի վերաբերյալ կարծիք չգրել: Չգիտեմ: Բայց այն, որ այս 1837 բանաձեւի մեջ ըստ էության քողարկված, դրված էր, այժմ էլ կա 10 սպանությունների չբացահայտելու «թույլտվություն», դա ակնհայտ է»: Ամեն դեպքում Ջհանգիրյանը լրագրողներին խորհուրդ տվեց շատ չհուսահատվել. «Հայ ազգային կոնգրեսն անելու է այն, ինչ արել է 4 տարի շարունակ. պայքարելու ենք այս ապօրինի ռեժիմի դեմ, մինչեւ երկրում հաստատենք սահմանադրական կարգ, օրինականություն: Էն ժամանակ համ Մարտի 1-ի իրական պատասխանատուները կհայտնվեն, համ սպանություն կատարողները, այստեղ որեւէ բարդ բան չկա: Դուք պատկերացնո՞ւմ եք` մի քանի հազար զինվորական կառույցներ, ոստիկանական կառույցներ, էդ բոլորի աչքի առաջ էդ իրադարձությունները կատարվել են: Ձեզ թվում է` վկա չկա՞, բան չկա՞... Ամեն ինչ լավ է լինելու, հույսներդ մի կտրեք, բոլոր մարդասպաններն ու հանցագործներն ի վերջո կանգնելու են դատարանի առաջ, ես դրանում մի վայրկյան անգամ չեմ կասկածում»:
Հ.Գ. ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները տես Կոնգրեսի պատասխանը ՀՔԾ-ին ԼՐԱՀՈՍ բաժնում:
Комментариев нет:
Отправить комментарий