Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.01.2012

Կոնգրեսի պատասխանը ՀՔԾ-ին



 Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ.
ԵԽԽՎ 1837 բանաձեւի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին ձեզ տեղեկացնելը ստորեւ կարեւորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ եւ ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեաիրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաեւ սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաք խմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:

Ընդ որում, տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժիններին ծանոթանալիս կարծիք է ձեւավորվում, թե Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է. թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետեւությունները, թե փաստահավաք հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ-մասնագետների, նույնիսկ քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երեւում է նյութի շարադրանքից, փաստահավաք խումբ ներկայացած, պարզաբանումներ եւ բացատրություններ տված այս անձինք ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բաներ չեն ասել, այլ բան է արձանագրվել, թե իրենց վրա ճնշել են եւ այլն: Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիկանության գնդապետների ու գեներալների թուլակամության ու անսկզբունքայնության համար:

Զրկված լինելով հերքումների հերքմամբ հանդես գալու հնարավորությունից (մեր տրամադրության տակ չունենք սույն քրեական գործի նյութերը), հենվելով քննարկման առարկա տեղեկատվական հաղորդման, փաստահավաք խմբի հրապարակած զեկույցների ու տրամադրության տակ եղած նյութերի, «7-ի գործի» նյութերի, մամուլի հրապարակումների եւ այլ լեգալ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, ստորեւ ներկայացնելու ենք մեր նկատառումներն ու գնահատականները ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունների, դրանցում ներգրավված պետական ու իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, այնպես էլ արձանագրված հանցագործությունների, մասնավորապես սպանությունների փաստերով հարուցված գործերի քննության ընթացքում թույլ տրված իրավական սխալների ու բացթողումների վրա:

Ա. ՀՔԾ ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքները, երթերն ու ցույցերը չորս տարուց ի վեր որակում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այսօր որեւէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. օր.-ի 2251 հոդվածով:

Բ. Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Նախ, մարտի 1-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 622025508 համարի քրեական գործ հարուցելու որոշման մեջ ոստիկանության գործողությունները ներկայացվել են շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»: Ավելի ուշ, ստիպված հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետեւ պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Այնուհետեւ, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել, խցկել ՀՀ քրեական դատավարության շրջանակ, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն» քննչական անհետաձգելի գործողության կատարում: Սակայն այդ վարկածն էլ է ձախողվել, որովհետեւ պարզվել է, որ մոռացել էին նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավելի ընթերակաների, բազմաթիվ փորձագետների եւ այլն: Ու բացի այդ, դա չեն սկսել քննչական գործողությունների համար սովորաբար թույլատրելի ցերեկային ժամերին (7.00-22.00): Վստահ ենք, հիշում եք, թե խեղճ պատասխանատուները ինչ ջանքեր էին գործադրում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում գործողությունների սկիզբը ժամը 6-ից 7-ը տեղափոխելու համար: Տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով, նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տարբերակի վրա: Մինչդեռ, ցանկացած օպերատիվ աշխատողի, էլ չեմ խոսում իրավաբանի ու իրավագետի համար ակնհայտ է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան, այդ գործունեության տեսակները սահմանելուց զատ, դրանց անլուր, գաղտնի իրականացման կարգի ու պայմանների նախատեսումն է: Հետեւաբար, նշված օրենքով նախատեսված «տեղանքի հետազոտում» օպերատիվ միջոցառումը չէր կարող կատարվել բացահայտ, մոտ 1000 ոստիկանական ու հատուկ ջոկատայինների համազգեստ կրող ծառայողների մասնակցությամբ: Նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը:

Եզրակացությունը մեկն է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ: Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելը, անկախ այն հանգամանքից, թե ոտնձգություն կատարողը պետական պաշտոնյա է, ոստիկան թե հասարակ քաղաքացի, ինքնապաշտպանության դիմելը, ՀՀ քր. օր.-ի 42-րդ հոդվածի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ընդ որում, «անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»:

Հետեւաբար, հրազենով, հատուկ միջոցներով ու տեխնիկայով զինված ոստիկանության, ներքին զորքերի, բանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ապօրինի զինված խմբերի հարձակումներից մարտի 1-2-ին Ազատության հրապարակում, ապա Մյասնիկյանի արձանին հարող տարածքներում պաշտպանվելու նպատակով քաղաքացիների ինքնաբուխ ձեռնարկած բոլոր քայլերը՝ սկսած բարիկադների կառուցումից, մինչեւ ինքնապաշտպանության նպատակով իրերի ու առարկաների հայթայթում՝ լիովին օրինաչափ ու օրինական գործողություններ են եւ ամբողջովին համապատասխանում են արարքի հանցավորությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի թե տեսական, եւ թե օրենսդրական դրույթներին ու ձեւակերպումներին:

Ընդհանրացնելով վերը շարադրվածը, կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքերից չորս տարի անց էլ շարունակում են մարտի 1-2-ի իրադարձությունները ներկայացնել գլխիվայր շուռ տված, տեղի ունեցած դեպքերի պատճառները որպես հետեւանք, եւ ընդհակառակը` իրավապահ եւ ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ ու որակումներ, փորձում դրանք ներկայացնել որպես վերջիններիս օրինական լիազորությունների իրականացում: Ասվածի մեկ այլ հավելյալ ապացույց եւս. Ազատության հրապարակից փախչող, ծեծված ու թրջված քաղաքացիների հետապնդումը Երեւանի կենտրոնով մեկ (ինչը ապացուցող բազմաթիվ տեսանյութեր կան) քննարկվող փաստաթղթում ներկայացված է այսպես. «ՊՊԾ գնդի ոստիկանները հետեւել են կարգազանց քաղաքացիների՝ վերջիններիս կողմից իրավախախտումները կանխելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով»: Սա էլ բավական չէ, շարունակել են, թե այդ ընթացքում էլ, չնայած ոստիկանները փորձել են պաշտպանվել վահաններով, նրանք, այնուամենայնիվ, ստացել են մարմնական վնասվածքներ:

Ելակետ ունենալով մարտի 1-2-ին տեղի ունեցած հիմնական իրադարձություններին, իրավապահ եւ ուժային կառույցների սկզբունքային նշանակություն ունեցող գործողություններին տրված ընդհանուր, սխալ գնահատականները, ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը իրենք իրենց մեթոդաբանորեն զրկել են կոնկրետ իրավիճակներին ու գործողություններին իրավաբանական համարժեք որակումներ տալու, քրեաիրավական եւ քրեադատավարական ճշգրիտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, ինչի ականատեսը ստորեւ բազմիցս կլինենք:

Գ. Սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողությունների ծավալի ցուցադրումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել Համլետ Թադեւոսյանի, Տիգրան Աբգարյանի եւ «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետեւությունների հերքման համար: Փոխանակ Փաստահավաքի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքները, ձեռք բերված նոր տվյալները դառնային առնվազն քննչական նոր վարկածների առաջքաշման, քննության ու ստուգման առարկա, ՀՔԾ-ն լծվել է Փաստահավաքի աշխատանքը ամեն գնով փնովելու, ձեռք բերված տվյալները, արված հետեւությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին:

Վստահ ենք, որ այդ ուղղությամբ գործադրած ջանքերի ու ծախսած միջոցների չնչին մասն իսկ լիուլի բավարար էին կատարված սպանություններից առնվազն մի քանիսը բացահայտելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հատուկ աչք է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սեւացնել, վարկաբեկել բոլոր սպանվածներին (բացի ներքին զորքերի սպայից ու շարքայինից): Նրանք բոլորն առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ են, մի մասը կազմակերպչական ինչ-ինչ գործողությունների դերակատարներն են, նույնիսկ նրանց վերաբերյալ ոչնչով չհիմնավորված օպերատիվ տեղեկություններ են հիշատակվել, դատվածություն ունենալու վկայակոչումներ եւ այլն: Նպատակը, մեր կարծիքով, մեկն է՝ հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով` հանցագործներ, եւ հենց հանցանքներ գործելու իրավիճակներում զոհվել ու սպանվել են:

Դ. Որքան էլ անհասկանալի, բայց փաստ է, որ ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ բացարձակ չի անդրադարձել Փաստահավաքի այլ երկու զեկույցներին: Խոսքը հետընտրական մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավման եւ ապօրինի զինված խմբերի մասնակցության մասին է: Այս մեծածավալ փաստաթղթում նշված խնդրին վերաբերում է ընդամենը մեկ պարբերություն, որտեղ նշված է, որ բանակի ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի եւ ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում եւ զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել:

Որեւէ փորձ չի արվել, քննության առարկա դարձնել ՀՀ ՊՆ նախարարի դեռեւս փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանը եւ իրավական գնահատական տալ այդ հրամանին: Արդյոք այդ հրամանի ընդունումը ու գործադրումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի ու այլ ծանր հետեւանքների, իր մեջ առնվազն չի պարունակում իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ:

 շարունակելի



Комментариев нет: