Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.01.2015

ԱՆՀՆԱՐ Է ՇՐՋԵԼ ԱՆՇՐՋԵԼԻՆ

Բնության մեջ, սովորական կյանքում, քաղաքականության մեջ գոյություն ունեն անշրջելի իրողություններ եւ գործընթացներ: Այսպես անվանվում են այն իրողություններն ու գործընթացները, որոնց էությունն ու բովանդակությունը, ընթացքն ու հանգուցալուծումը գործնականում անհնար է փոխել:
Այսպիսի անհնարինությունն էլ պայմանավորված է այդ իրողությունների եւ գործընթացների խորքային ծագմամբ: Այսինքն, այդ իրողություններն ու գործընթացները այնքան խորքային արմատներ են ունենում, եռանդի այնպիսի մեծ պաշար, որ մակերեսային գործընթացները չեն կարող դրանց վրա երկարաժամկետ ազդեցություն ունենալ: Ահա, ուրեմն, Հայաստանի քաղաքական կյանքում այս պահին արդեն առկա է անշրջելի այդպիսի երկու երեւույթ:
Դրանցից առաջինը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դոմինանտ ուժ է, ընդդիմություն ասելով` Հայաստանի Հանրային կարծիքը հասկանում է Հայ ազգային կոնգրես»: Նման իրողությունը բնականորեն շատերին է դուր գալիս, ոմանց դուր չի գալիս: Այս է պատճառը, ահա, որ սկսած 2008 թվականի մարտից մեծ թվով անհատներ, խմբեր, կառույցներ, նույնիսկ գերտերություններ (ԱՄՆ, Ռուսաստան) փորձել են խախտել ստատուս քվոն: Նման նպատակի համար հավաքագրվում են մարդիկ, ներդրվում են ահռելի միջոցներ, բայց վերը բերված ստատուս քվոն չի խախտվում: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ՀԱԿ-ի միակ ընդդիմություն լինելու իրողությունը խախտելու փորձ անողները սխալ մեթոդներ են կիրառում, քիչ փող են ծախսում, «շպիոն Օնիկների» բանակի թվակազմը բավարար չէ: Ոչ ամենեւին: Ձախողման պատճառը ուրիշ է. ՀԱԿ-ի դերակատարումը որպես ընդդիմություն, այսինքն` իշխանության այլընտրանք, այլեւս անշրջելի իրողություն է: Եթե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրենց միջազգային բյուջեի կեսն էլ ծախսեն, վերը նշված ստատուս քվոն, ՀԱԿ-ի այդ դերակատարումը ներքաղաքական կյանքում չի փոխվելու: Փոփոխություն հնարավոր է միայն բնական ճանապարհով, այսինքն` ՀԱԿ-ի վերահաստատմամբ` որպես իշխող քաղաքական ուժ: Այլ ճանապարհով դա բացառված է:
Ընդհակառակը, բոլոր նրանք, ովքեր փորձելու են ընդդիմություն խաղալով ՀԱԿ-ի ստատուսից ինչ-որ բան պոկել, սեփականել, քերել` վեր են ածվելու քաղաքական դիակների: Ուշադիր հետեւեք լրատվությանը եւ հիշեք այս խոսքերը: Այսօր ակտիվորեն շրջանառության մեջ գտնվող շատ անուններ` առավելագույնը տարի, տարիուկես հետոյից սկսած այլեւս երբեք չեն հայտնվելու լրահոսում: Այլեւս երբեք չեն հայտնվելու լրահոսում:
Հաջորդ երեւույթը, որ այլեւս անշրջելի է` իշխանափոխության գործընթացն է: Որեւէ ուժ, անհատ, իրադարձություն այլեւս ի զորու չէ կասեցնել իշխանափոխության գործընթացը: Վերջին երեք տարիներին Համաժողովրդական շարժումը պտուտակ առ պտուտակ կազմաքանդել է ավազակապետական համակարգը: Այդ համակարգը, ճիշտ է, այսօր կանգուն է, գոյություն ունի, բայց նրա պտուտակները, գայկաները թուլացած են, շատ դեպքերում հանված են նույնիսկ սռնիները, եւ այդ համակարգը փլուզելու համար հարկավոր է ընդամենը հավեսով փչել: Հիմա, եթե այս իմաստով նկարագրելու լինենք պրոցեսները, Հայ ազգային կոնգրեսը, Համաժողովրդական շարժումը խորը, խորը, խորը շունչ է քաշում` հավեսով փչելու համար: Սա, ի դեպ, ամենասահմանադրական ճանապարհն է, երբ ավազակապետական համակարգը փլուզելու համար նրան նույնիսկ դիպչելու անհրաժեշտություն չկա: 500 հազար մարդ հավաքվում է Ազատության հրապարակում, մի լավ, հավեսով շունչ քաշում ու փչում, հետո կտեսնեք, թե ինչ կլինի: Ժամկետների մասին չեմ խոսում: Քաղաքականության մեջ ժամկետների մասին չի կարելի խոսել: Կարելի է ընդամենը արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է անշրջելիորեն: Այն, ինչ պետք է տեղի ունենա, անշրջելի է, ԱՆՇՐՋԵԼԻ. եկեք այսօր արձանագրենք առայժմ այսքանը:
Հ.Գ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ի հայտ եկավ այսպիսի հասկացություն. «ասֆալտի ֆիդայիներ»: Սրանք այն մարդիկ էին, ովքեր ֆիդայու շորեր էին հագնում, մորուք պահում, ավտոմատը վզներից կախում, պատրոնդաշները դոշներին կապում, ավտոմեքենաներ հափշտակում եւ ազգային-ազատագրական պայքարին «մասնակցում» Երեւանի փողոցներում, քուչեքում եւ նրբանցքներում: Հիմա, ներքաղաքական արդի փուլում, ի հայտ են եկել օֆիսի հեղափոխականներ: Սրանք էլ հեղափոխական բոցաշունչ ճառերով քլնգում են Հայ ազգային կոնգրեսին, որ վերջինս հեղափոխություն չի անում, հետո իրենց հռչակում են մի ուրիշ ձեւի հեղափոխական պայքարի առաջամարտիկ, հետո օֆիս են բացում իշխանության կամ ամերիկյան փողերով ու սկսում են մի ուրիշ ձեւի Մարիո խաղալ այդ օֆիսներում: Կան, ասում են, փորձառու գործիչներ, ովքեր իսկապես այս օրերին կարողացել են հեղափոխություն անել, այսինքն` հասնել Մարիոյի հեղափոխական-հաղթական լեվըլին. սպանել դեւին եւ փրկել աղջկան:

Հունիս 17, 2011  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱ

Комментариев нет: