Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.01.2013

«Մենյու»


Ո՞վ է ազատագրել Ղարաբաղը.

Նախագահի թեկնածուների քարոզչական «մենյուի» մեջ իր ուրույն տեղն ունի «հայրենասիրական» թեման։

Սերժ Սարգսյանն ու իր կողմից «վաստակաշատ մրցակիցներ» հռչակված Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, բնականաբար, Ղարաբաղի թեմայով ելույթներ են ունենում և ընտրողներին ներկայացնում իրենց բացառիկ դերը հաղթանակի գործում։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանին գովերգող տեսահոլովակի հիմնական մեսիջն այն է, որ  եթե ինքը չլիներ, ապա Շուշին չէր գրավվի։ Եվ ընդհանրապես, Ղարաբաղն իր այսօրվա տեսքով պարտական է միայն Սարգսյանին։ Չե՞ք հավատում։ Հարցրեք ռուս լրագրողից։
Իշխանական քարոզիչներն, անշուշտ, լռում են այն մասին, որ Ղարաբաղյան պատերազմն ավարտվել է 1994–ին, իսկ ահա Սարգսյանը 1993–ի հունիսից սկսած դուրս է եկել Ղարաբաղից՝ հայտնվելով Ռուսաստանում և Երևան (ոչ թե Ստեփանակերտ) է վերադարձել միայն ամիսներ անց։ Սակայն դա էական տեղեկություն չի համարվել ՀՀԿ ղեկավարի քարոզիչների համար։ Էական է համարվել այն, որ ընտրողին ներկայացվի Ս. Սարգսյանիհերոսական կերպարը։


Այն, որ Սարգսյանն իր լուման ունի պատերազմի հաջող ելքի գործում, անվիճելի է, բայց այնպես չէ որ ինքն է եղել առանցքային դեմքը, ինչպես որ մեզ փորձում են համոզել։
Քարոզարշավին հետևելիս պարզվում է, սակայն, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով մենք պարտական ենք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով անընդհատ ասել է, որ «Հնարավո՛ր է», և հաղթանակները հնարավոր են դարձել։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարության, զորքի հրամկազմի ու զինվորների շնորհիվ է Ղարաբաղն ազատագրվել։
Ղարաբաղի ազատագրման դափնիների հարցում Սերժի ու Րաֆֆիի հետ համաձայն չէ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ով ուզում է բոլորիս համոզել, որ եթե ինքը պատերազմի տարիներին Հայաստանի վարչապետը չլիներ, ապա ոչ մի հաջողություն ռազմի դաշտում չէր արձանագրվի։ Հրանտը համեստորեն նշում է, որ միայն իր քրտնաջան աշխատանքի արդյունքում այդ ամենը եղավ։ «Խոխման» այն է, որ Բագրատյանն անկեղծորեն հավատում է իր ասածներին։
Դե իսկ ընտրական միջոցառման մեկ այլ դերակատար Պարույր Հայրիկյանի տեսակետները Ղարաբաղի հարցում վաղուց են հայտնի։ Ըստ նրա՝ Հայաստանի անկախությունը, բոլոր տիպի հաղթանակները և առհասարակ՝ բոլոր դրական բաների ճարտարապետն ինքն է եղել և կա։
Փաստորեն, ՀՀ քաղաքացիները հիմա բարդ վիճակի մեջ են հայտնված. պետք է որոշեն, թե ով է այս մարդկանցից «կինոյի մեջի հերոսը», որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն։

Կարեն Հակոբջանյան

Комментариев нет: