Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

28.01.2013

Աղբը մաքրեք

Գնացեք` ձեր մատնաչափիկ «խրճիթների» աղբը մաքրեք, հետո մտածեք Կոնգրեսը ձեզնով անելու մասին.

Նորություն չէ, բայց այսօր նույնպես լրատվամիջոցներից մեկն աչքալուսանք էր արել, որ Հայ ազգային կոնգրեսում մարդիկ եւ կուսակցություններ կան, որոնք մտադիր են պահանջել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանա, եւ իրենք հայտարարեն, որ Կոնգրեսն իրենք են, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այս իրավիճակն ինձ այլ պատմություն հիշեցրեց, որի նախապատմությունը բոլորին հայտնի է, բայց արժե վերհիշել: 1990 թվականի ամռանը «Ղարաբաղ» կոմիտեն քննարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի թեկնածությունները եւ քվեարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ առաջադրելու օգտին, ինչից հետո հուսախաբված Մանուկյանը Հայաստանի նորագույն քաղաքական դաշտի պառակտման հիմնաքարը դրեց: Չհամակերպվեց մարդը. տարիներ շարունակ իր հոգու խորխորատներում Հայաստանի նախագահը դառնալու հույսն էր գուրգուրել-փայփայել, ու մեկ էլ հանկարծ իր զինակիցներն անտեսեցին, որ ինքը մեծ կոորդինատոր է եւ այլ թեկնածուի վստահեցին անկախ Հայաստանի ղեկը:

Ճիշտ է, Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց, որ Մանուկյանի հոգու խոր վերքը սպիանա, նրան երկրի վարչապետ նշանակեց` շատ ծանրակշիռ արտոնություններով, բայց` ապարդյուն: Իհարկե, տարիների ընթացքում կոորդինատորի` նախագահ դառնալու ձգտումը վերածվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ չտեսնելու մանրիկ քինախնդրությամբ, ինքն էլ բավարարվեց Սերժիկ Սարգսյանին կից «նախագա»-ի անհասկանալի պաշտոնով, բայց այս ամենի մասին ոչ միայն շատ է գրվել, այլեւ ավելին` հիմա Վազգեն Մանուկյանը ոչ մեկի չի հետաքրքրում: Իմ տպավորությամբ` նույնիսկ ինքն իրեն չի հետաքրքրում:

Հայոց համազգային շարժումից պոկած բեկորն առած` Վազգեն Մանուկյանը գնաց ու նոր կուսակցություն հիմնեց (ԱԺՄ): Հետագայում այս բեկորն էլ փշուրների բաժանվեց, եւ ճշմարտության դեմ շատ մեծ մեղք գործած չեմ լինի, եթե ասեմ` ԱԺՄ գրեթե բոլոր անդամները մեկական կուսակցություն ստեղծեցին` «Սեյրան Ավագյան» կուսակցություն, «Արշակ Սադոյան» կուսակցություն, «Շավարշ Քոչարյան» կուսակցություն… Կուսակցությունների իրական անունները չեմ հիշում, ինտերնետի օգնությանն էլ դիմելը ժամանակի վատնում եմ համարում, որովհետեւ գաղտնիք չէ, որ սրանք մարդ-կուսակցություններ էին (նույնիսկ չգիտեմ` հիմա կան, թե չկան): Մինչ հերթական պառակտումն էլ` ԱԺՄ գրասենյակում կուսակցության կնիքը սեփականելու համար կուսակիցները հերոսական ձեռնամարտի մղվեցին:


«Հա’ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին», ու «պեչատը» մնաց ԱԺՄ-ում, անպեչատներն էլ գնացին նոր «պեչատ» ձեռք գցելու: Դե, հետո գիտեք. քոչարյանական եւ սերժիկական իշխանությունները մանր-մունր գործ-մործ տվեցին ըմբոստ, անարդարություն չհանդուրժող, իրենց ձայնալարերի ողջ ուժգնությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարող էս տղերքին, ու բոլորի զիլ ձայները խզվեցին հավիտյանս հավիտենից: Ահա այսպիսի «փառավոր» ուղի է անցել Հայաստանի նախագահի աթոռին հավակնող մարդու ստեղծած քաղաքական ուժը: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի ծաղկում եւ վերածնունդ կապրեր Հայաստանը, եթե մի մատնաչափիկ կուսակցության ներքին խնդիրները լուծելու անընդունակ Վազգեն Մանուկյանը բազմեր ՀՀ նախագահի գահին:


Հետագայում նույնպես զանազան բեկորներ պոկվեցին ՀՀՇ-ից, հետո այս բեկորներն էլ փշուրներ դարձան` «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» նշանաբանով, մի մասը պատմության ծոցը մտավ ու հիմա մուշ-մուշ քնած է, մի մասն էլ շարունակում է շագրենակաշվի նման սեղմվել ու սեղմվել: Չձանձրացնեմ բոլորին մեկ առ մեկ հիշելով եւ հիշեցնելով: Բնական եմ համարում, որ նման բան պետք է լիներ, որովհետեւ ՀՀՇ-ն համազգային շարժում էր, հետո դարձավ կուսակցություն, եւ ոմանց «տեղը նեղացավ»: Ու նրանք, ովքեր ուզում էին ավելի «ազատ փռվել» իրենց հասանելիք աթոռին, դուրս եկան այդ կուսակցությունից: Ինչու՞ չեմ ասում` դուրս եկան, որովհետեւ այլ գաղափարախոսության կրողներ էին: Չեմ ասում, որովհետեւ այդպես էլ չտեսանք որեւէ ընդգծված, ՀՀՇ-ի գաղափարախոսությունից կտրուկ տարբերվող գաղափարակիր կուսակցություն: Ընդամենը տեսանք չբավարարված հավակնությունների բավարարման ցանկություններ, որոնք այդպես էլ չբավարարված մնացին կամ բավարարվեցին նույնկերպ, ինչպես ԱԺՄ-ականների դեպքում եղավ: Սա, ի դեպ, չի վերաբերում անհատներին, որոնք պարզապես հիասթափվել են, հուսահատվել են եւ ՀՀՇ-ից դուրս գալուց հետո «փրկչի» թիկնոցն ուսներին առած չեն պահանջել, որ ազգն իրենց տեսնելիս «օվսաննա» գոչի:
   
Եկանք հասանք 2008 թվական: Չեմ ուզում հիշեցնել, թե այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելն իրենց կյանքի նպատակ եւ ապրուստի միջոց դարձրածներից ով ոնց էր մյուսի ոտքերը կոխկռճելով առաջ ընկնում, որ հայտարարի, թե հենց ինքն է համոզել Հիմնադիր նախագահին, որ վերադառնա մեծ քաղաքականություն: Առակս այլ բան կցուցանե: Ստեղծվեց նոր համազգային շարժում` Հայ ազգային կոնգրես անվանմամբ: Ճիշտ ճանապարհով գնաց այս Կոնգրեսը, թե սխալ, նվաճումներ ունեցավ, թե միայն կորուստներ, այս կարգի գնահատականների հաճույքը թող ըմբոշխնեն սողոմոնիմաստունների հզոր բանակի դրոշակակիրները, էդ մարդկանց հացը չկտրենք: Ընդամենն արձանագրենք, որ Կոնգրեսը գործում է արդեն հինգ տարի, եւ այս տարիների ընթացքում զանազան բեկորներ է «նվիրել» հասարակությանը եւ լրատվամիջոցներին, որոնք, Կոնգրեսից անջատ, ոչ միայն չեն հզորանում, այլեւ շարունակում են մեծ արագությամբ փոշիանալ:

Բայց սա էլ մի պահ մոռանանք: Մոռանանք, որ Կոնգրեսը լքողներից կամ, իբր, չլքելով` Կոնգրեսի առաջնորդին անվճռականության համար «անաչառ» քննադատության ենթարկողներից շատերին եթե ուժեղ թափ տանք, գրպաններից որեւէ հարուստ իշխանավոր կընկնի կամ չաղլիկ գրանտ, կամ էլ` հարուստ իշխանավորի հետ մոտիկից շփվելու, մեկ էլ` գրանտ պոկելու հույս: Կամ էլ` փառամոլության հիվանդագին ճիչը կսղոցի մեր բազմաչարչար ականջները: Մոռանանք նաեւ, որ ոմանք առհասարակ անհետացել են քաղաքական ասպարեզից, կամ էլ` տաքուկ գրասենյակներում նստած սպասում են, թե երբ է որեւէ լրագրող հիշելու իրենց եւ հարցեր տալու Կոնգրեսի սխալների մասին: Ենթադրենք նույնիսկ, որ թվարկածներս զրպարտություններ են, եւ էս մարդիկ հենց ոտքները Կոնգրեսից դուրս են դրել` տունուտեղ, քունուդադար, նեմեց-մեմեց մոռացած` բարիկադներից էս կողմ չեն գալիս, զանազան անմարդկային զրկանքներ են կրում, անդադրում եւ անողոք կռիվ են մղում հանցագործ իշխանությունների դեմ:

Մի կուշտ լավ-լավ բաներ ենթադրելուց հետո մեզ թույլ տանք մի քիչ տարակուսել ու հարցնել` եթե այդքան սրատես են այլոց սխալները տեսնելու գործում, ինչու՞ չեն իրենց մատնաչափիկ կուսակցությունները կարգի բերում: Եթե մարդ-կուսակցություն են կամ մարդ-կազմակերպություն եւ այնքան անճարակ են, որ իրենց մեկը երկուս չի դառնում, այդ ի՞նչ հրաշագործ հատկություն ունեն Կոնգրեսի պատերը, որ այդտեղ առյուծ են կտրում եւ հարյուր հազար անդամ ունեցող կուսակցության թոզուդուման բարձրացնում: Իրենց` գրասենյակի չափ կուսակցությունների ներսում ծագած տարաձայնությունները թողած, օրուգիշեր քննարկում են, թե հազարավոր համակիրներ ունեցող Կոնգրեսն ով լքեց եւ ինչու: Դեռեւս կուսակցություն չունեցող, սակայն դեռ բարուրում առաջնորդի աղեկեզ ճիչ արձակողներն էլ գուցե մի քիչ էլ իրենք իրենց նկատմա՞մբ անաչառ լինեն. ախր կույր չենք ու անտեղյակ չենք, տեսնում ենք, որ ամենակուռ կազմակերպությանն էլ հենց ձեռք են տալիս` ավերվում է ու պառակտվում:


Կոնգրեսն «իրենցով անելու», Կոնգրեսի միջոցով ինքնահաստատվելու մոլուցքով տարված այս մարդիկ մի շատ կարեւոր հանգամանք անտեսում են: Հայ ազգային կոնգրեսի հայտնի Հռչակագիրը կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են ստորագրել, բայց Ազատության հրապարակի հանրահավաքների մասնակիցների ճնշող մեծամասնությունն անկուսակցական է, Հյուսիսային պողոտայում եւ Սարյանի պուրակում Սերժիկի համազգեստավոր բանդայի դեմ կռիվ տվողների մեծամասնությունն անկուսակցական է, Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների մեծամասնությունն անկուսակցական է (եթե այս տարիների ընթացքում ոմանք նույնիսկ կուսակցական են դարձել, ավա’ղ, դրանք այս «խրոխտ» բողոքավորների կուսակցությունները չեն եղել): Եւ մի բան էլ` ահա այս մարդիկ, որոնք Կոնգրեսը պահում են իրենց ուսերի վրա, ի տարբերություն Կոնգրեսը «գրոհելու» ծրագիր մտմտացողների, Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը չեն հավաքվել, որ «փայ» ստանան: Հավաքվել են, որ երկիրն ազատեն սերժառոբական ավազակախմբից` առանց սպասելիքների, որ վաղն իրենց դրա համար պարգեւատրելու են կամ պաշտոնով, կամ կլորիկ քսակով:

Հայ ազգային կոնգրեսի եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները գուցեեւ պակասել են, բայց դեռ այնքան շատ են, որ բոլորդ` ձեր մատնաչափիկ կուսակցություններով, ձեր մանրիկ խմբակներով իրար գումարած, ոչ միայն չեք կարող հավակնել այդ թվին, այլեւ այդ համակիրների մի փոքրիկ խմբի` ամեն օր Սարյանի պուրակում հավաքվողների կեսի-կեսի չափ էլ չկաք:
Կարճ ասած, գնացեք եւ ձեր «խրճիթների» աղբը մաքրեք:

Լիզա ճաղարյան 

Комментариев нет: