Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

31.08.2012

Օսվենցիմը` հիմա եւ այստեղ

Նկարում պատկերված այս երեխայի անուն-ազգանունը Ժակ Մներջի է: Նա սիրիացի է: Ժակին Սիրիայում առեւանգել է ինչ-որ զինված խմբավորում եւ հարազատներից փրկագին պահանջել:
Հարազատները վճարել են փրկագինը, երեխային ազատել ու շտապ` հանպատրաստից ցամաքային ճանապարհով փախել Թուրքիա, հետո նստել Հայաստան թռչող առաջին իսկ ինքնաթիռը ու հասել «Զվարթնոց» օդանավակայան: Եւ այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Ժակը Հայաստանում էր: Հիմա ի՞նչ զգացմունքներ առաջացան ձեր մոտ: Ուզում եք, չէ՞, գրկել այս երեխային, ամուր սեղմել ձեր կրծքին ու, թեկուզ ձեր կյանքի, առողջության կամ ունեցվածքի կորստի հաշվին, այնպես անել, որ Ժակին այլեւս երբեք չառեւանգեն, չկրակեն նրա վրա, որ նա ոչ մի տեղ փախչելու կարիք այլեւս երբեք չունենա: Ուզում եք, որովհետեւ դուք նորմալ, սովորական մարդ եք:
Բայց այն, ինչ տեղի է ունեցել Ժակի եւ նրա հարազատների հետ «Զվարթնոց» օդանավակայանում, անհավանական է թվում: Այդպիսի փորձությունների միջով մի կերպ Հայաստան հասած Ժակին եւ նրա հարազատներին մերոնք օգոստոսի 26-ին նետել են ոստիկանության գծային բաժնի հատուկ խուց, նրանք խստագույն հսկողության տակ են ու արտաքսվելու են Հայաստանից Թուրքիա: Այսպիսով, չորս օր շարունակ հատուկ խուց կոչվող այդ վայրում պահվում են 9-ամյա Ժակը, նրա քույրը` 2 տարեկան Մարինան, մայրը` 34-ամյա Խլուդ Հենդյանը, մորաքույրը` 31-ամյա էտուալ Հենդյանը, մորաքրոջ երեխաները` 6-ամյա Մարիամը, 3 տարեկան Շամսը, 9 ամսական Հակոբը եւ Ժակի տատիկը` 57 ամյա Լաիլա Միրոն ու այս ընտանիքի բարեկամուհիներից մեկը, որի անունը երեկ ճշտել չհաջողվեց: Մի խոսքով` չորս կին եւ հինգ երեխա: Նրանց նկատմամբ ոստիկանական այնպիսի հսկողություն է սահմանված, որ Հայաստանում բնակվող բարեկամները չեն կարողանում սնունդ, դեղորայք եւ երեխաներին անհրաժեշտ պարագաներ փոխանցել: Այստեղ բնակվող նրանց բարեկամների փոխանցմամբ, մեր օդաչուներն իմացել են գերեվարված ընտանիքի մասին ու իրենց հնարավորությունների սահմաններում մի քիչ սնունդ փոխանցել: Հարազատների պատմելով` գերեվարված ընտանիքը խցում ենթարկվում է ծաղրանքների ու ստորացումների:
Իսկ գիտե՞ք, թե որն է այս կանանց ու երեխաների մեղքը: Այդ մեղքը շատ մեծ է` նրանք տեղեկանք չունեն, որ հայ են: Ըստ ոստիկանության` նրանք «չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որեւէ փաստաթուղթ»: Հասկանո՞ւմ եք: Չունեն նման տեղեկանք, եւ վերջ: Հետաքրքիր է` Շառլ Ազնավուրը ունի՞ տեղեկանք, որ ազգությամբ հայ է: Իսկ Միշել Լեգրա՞նը, իսկ Հրանտ Դինքը ունե՞ր... Ոստիկանությունում մեր թղթակցի այս հարցին, բնականաբար, չեն կարողացել պատասխանել: Տեսնես, եթե պետք լինի` Սերժ Սարգսյանը կարո՞ղ է տեղեկանք ներկայացնել, որ ազգությամբ հայ է: Իսկ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը, Հրանուշ Հակոբյանը... Եթե ներկայացնեն, ապա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ այդ տեղեկանքները կեղծված չեն: Ինչպե՞ս պետք է ստուգենք` ԴՆԹ-ո՞վ, ՌՆԹ-ո՞վ: Մաշկի բջիջների մեջ ցիտոպլազմայի պարունակությա՞մբ: Իսկ գուցե կիրառենք նացիստների մեթո՞դը` գանգերի կառուցվածքով:
Գերեվարված ընտանիքի հայաստանցի բարեկամներն էլ են տուժել: Նրանց մոտ 6 ժամ հարցաքննել են ԱԱԾ-ում: Տեսնես, ի՞նչ են կասկածել: Երեւի մտածել են, թե այս կանայք ու երեխաները ջերմամիջուկային զենք են ուզում բերել` Հայաստանը պայթեցնելու համար: Կամ կասկածել են, որ փախստականի քողի տակ ուզում են մտնել Հայաստան` մեր պետական գաղտնիքները հավաքելու ու թուրքերին փոխանցելու ստոր նպատակով: Ասենք, նրանք կարող էին գողանալ մեր «Արմենիկումի» բաղադրությունը, որից կպարզվեր, որ դա սխտորաջուր է:
Այն, ինչ կատարվում է այս ընտանիքի հետ, ցույց է տալիս, որ մեր իշխանությունը մեծամասամբ կազմված է հոգեգարներից: Կարող եք չկասկածել, այս ընտանիքին ապաստան կտան Թուրքիայում կամ Գերմանիայում, Կանադայում կամ Բելգիայում... Այնտեղ հաստատ ազգային պատկանելությունը ապացուցող տեղեկանք չեն պահանջի: Նրանց չեն նետի հատուկ խցեր, նրանց չեն ստորացնի ու նվաստացնի: Պարզապես ապաստան կտան, որովհետեւ պատերազմող երկրից մազապուրծ եղած մարդիկ ապաստանի կարիք ունեն` անկախ իրենց ազգային պատկանելությունից: Իսկ Հայաստանը եւ հայ լինելը այս մարդկանց համար կմարմնավորվի հատուկ խցի տեսքով: Օտար երկրներում նրանք կամաչեն, որ իրենք հայ են, եւ դա լիովին արդարացված է:
Ի դեպ, 9-ամյա Ժակ Մներջիի այս նկարը արվել է Սիրիայի Հասկե քաղաքի սբ. Հովհաննես-Կարապետ հայկական եկեղեցում` իր քույրիկների կնունքի ժամանակ:
Իսկ հատուկ նրանց համար, ում որոշումների պատճառով այս ընտանիքը Հայաստանում տառապում է, բերենք հետեւյալ տեղեկատվությունը:  
Դամասկոսի Զամալքայի արվարձանում իրականացված զանգվածային ջարդի ընթացքում մի հայ ընտանիք է սպանվել: Այդ մասին երեկ տեղեկացրել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը: Վեց հոգուց բաղկացած ընտանիքի դիակները հայտնաբերվել են մայրաքաղաքի մզկիթներից մեկում:

Комментариев нет: