Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.08.2012

«Արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում»

Հարցազրույց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը
-Մոտ երկու տարի առաջ «Առավոտին» տված Ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե ՀԱԿ-ն ի վերջո ձախակենտրոն ուժ է դառնալու, որտեղ գերիշխող է լինելու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ձեր կանխատեսումն արժանացավ ոչ միանշանակ արձագանքների ու գնահատականների։ Մասնավորապես` որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ սկսեցին պնդել, որ ՀԱԿ-ն այլեւս հրաժարվել է ազատականությունից։ Իսկ վերջին շրջանում նույնպիսի պատճառաբանությամբ մի քանի գործիչներ ու քաղաքական կազմակերպություններ դուրս եկան ՀԱԿ-ից։ Կցանկանայի՞ք պատասխանել այդ հայտարարություններին եւ փոքր ավելի մանրամասն խոսել այն մասին, թե ի՞նչ եք հասկանում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ասելով եւ ինչո՞վ է այն տարբերվում ազատականությունից:
- Նախ ասեմ, որ «ազատականություն» եզրը վերաբերում է ոչ թե մեկ, այլ երկու վարդապետությունների, մեկը՝ տնտեսական, մյուսը` քաղաքական։  Որպես քաղաքական վարդապետություն այն ենթադրում է ժողովրդավարական կառավարում, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորում, տարբեր տեսակի խտրականությունների բացառում, եւ պետության ու կրոնի լիակատար անջատում։  Այստեղ ազատականների ու սոցիալ-դեմոկրատների միջեւ որեւէ տարբերություն չկա։  Որպես տնտեսական վարդապետություն՝ ազատականությունը պնդում է, որ պետությունը պետք է ունենա մինիմալ դեր տնտեսության մեջ, որ շուկան ինքնակառավարվող համակարգ է, եւ որ նման շուկայի պայմաններում առաջացած սոցիալական արդյունքներն արդարացի են ու օպտիմալ։ Այս հարցում տեսակետներ բաժանվում են։ Սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ ինքնակարգավորվող շուկան իրականում կայուն համակարգ չէ, եւ այն չի կարող հասարակայնորեն օպտիմալ արդյունքներ ապահովել։ Օրինակ` հակամենաշնորհային օրենքների բացակայության պարագայում ինքնակարգավորվող շուկան բաղկացած կլինի մենաշնորհներից եւ այլն։ Նրանք նաեւ գտնում են, որ պետությունը պետք է ունենա որոշակի վերաբաշխման ֆունկցիա, իհարկե հարկային մեխանիզմներով, ոչ թե՝ էկսպրոպրիացիայի միջոցով, այլապես հարստության կենտրոնացումն անխուսափելի է, ինչն իր հերթին սովորաբար հանգեցնում է էլիտայի ձեռքում  քաղաքական ուժի կենտրոնացման` ժողովրդավարական կառավարման համար խիստ անցանկալի հետեւանքներով։ Վերջապես, սոցիալ-դեմոկրատները կոմնակից են սոցիալապես խոցելի մարդկանց համար բարօրություն երաշխավորող եւ հնարավորությունների հավասարություն ապահովող պետության գաղափարին (welfare state): Պետք է նշել, իհարկե, որ ժամանակի ընթացքում, այս երկու վարդապետությունների սուր անկյունները մի փոքր տաշվել են, բայց տարբերությունները շարունակում են լինել իրական ու զգալի։

- Ինչի՞ վրա էր հիմնված Ձեր կանխատեսումը, որ ՀԱԿ-ում գերիշխող է դառնալու հենց սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, եւ որ ՀԱԿ-ը դառնալու է ձախակենտրոն ուժ։  Դուք այդ կանխատեսումն իրականացա՞ծ եք համարում։
- Իմ կանխատեսումը հիմնված էր մեր շարժման նման շարժումների փորձի ուսումնասիրության, ինչպես նաեւ շատ պարզ մի դիտարկման վրա. Կոնգրեսի սոցիալական հենարանը կեղեքումից ու կոռուպցիայից հիմնավորապես հոգնած մեր շարքային քաղաքացիներն էին, փոքր բիզնեսն ու ոչ նոմենկլատրուրային մտավորականությունը։  Նրանք ստեղծված համակարգը համարում էին անարդար ու անհանդուրժելի ու պահանջում էին դրա արմատական վերափոխումը։ Այդ վերափոխումն անհնար էր լինելու, եթե Կոնգրեսը պարզապես գար իշխանության ու բավարարվեր օրինականության հաստատմամբ ու ազատ ընտրությունների անցկացմամբ։  Կոնգրեսն անպայման ստիպված էր լինելու արտահայտել այդ հենարանի շահերը, ինչը ենթադրելու էր արմատական բարեփոխումներ սոցիալական ոլորտում, հարկային համակարգում, հնարավորությունների հավասարեցման բնագավառում եւ այլն։  Այդ ամենն անել հնարավոր չէր լինելու պետության դերի սահմանափակման, տնտեսության մեջ պետության նվազագույն ներգրավման, բոլորի համար ցածր հարկերի, ինքնակարգավորվող շուկայի ազատական եզրաբանությամբ ու գաղափարախոսությամբ։ Ի դեպ, Կոնգրեսի հրատարակած սոցիալ-տնտեսական ծրագրերը, այդ թվում «Հարյուր քայլ» ծրագիրը, դա որոշակիորեն արտացոլում են, եթե նույնիսկ դրանք լիարժեքորեն սոցիալ-դեմոկրատական ծրագրեր չեն։

-Ձեր այդ հայտարարությունները եղան ՀՀՇ-ում տեղի ունեցող որոշակի խմորումների համատեքստում, եւ դրանից հետո ՀՀՇ-ից, ինչպես նաեւ ՀԱԿ-ից հեռացավ, այսպես կոչված, արեւմտամետ թեւը՝ Խաչատուր Քոքոբելյան, Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Դավիթ Շահնազարյան, Հովհաննես Հովհաննիսյան…: Պատճառը գաղափարական հակասություննե՞րն էին, հեռացողներն այդպես են պնդում:
-Ես իհարկե չեմ ուզում շատ վստահ պնդումներ անել, թե Ձեր նշած գործիչները հատկապես ինչ պատճառով են Կոնգրեսից հեռացել։  Անկախ նրանց պնդումներից, ես հակված եմ մտածելու, որ տարբեր հեռացողներ տարբեր պատճառներով են հեռացել, այդ թվում՝ գուցե գաղափարական հակասությունների պատճառով։ Բայց մի քանի դիտարկում այնուամենայնիվ ուզում եմ անել։  Առաջին` Ձեր նշած գործիչներից շատերը պարբերաբար պնդել են, որ Կոնգրեսը հեռացել է ազատականությունից, բայց այդպես էլ չեն բացել փակագծերը, չեն բացատրել, թե հատկապես ո՞ր քայլերն ու որոշումներն են, որ իրենք նկատի ունեն, թե արդյոք խոսքն ինչի՞ մասին է` ազատականության սոցիալ-տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական վարդապետության։  Մի խոսքով, ես նրանց հայտարարությունների մեջ բովանդակություն չեմ տեսել, հետեւաբար դրանց ավելի առարկայական պատասխան տալու դժվարություն ունեմ։ Երկրորդ` Ձեր նշած գործիչներից ոմանք ազատականության ու արեւմտամետության միջեւ հավասարության նշան դնելու չափազանց տհաճ սովորությունն ունեն։  Ոզում եմ նրանց հիշեցնել, որ աշխարհի թերեւս ամենաարեւմտամետ երկիրը Սաուդյան Արաբիան է։  Նրանք նաեւ ենթադրում են, որ ազատականությունն Արեւմուտքի վարած արտաքին քաղաքականության շարժիչ ուժն է։  Հարկ եմ համարում հիշեցնել, որ Արեւմուտքը բազմաթիվ ժողովրդավարական շարժումների ու ընտրված կառավարությունների դեմ է ելել, երբ այդ շարժումների ու կառավարությունների շահերը չեն համընկել իր շահերի հետ։  Երրորդ` Ձեր նշած գործիչները համառորեն չեն ուզում բացատրել սովորական մահկանացուներիս, թե այդ ի՞նչ է տալու իրենց արեւմտամետությունը Հայաստանին, որ նախընտրելի է ստատուս քվոյից։ ՆԱՏՕ-ի անդամությու՞ն են խոստացել, պատրաստ են ռուսներից շատ ու ավելի էժան զե՞նք վաճառել մեզ, Թուրքիայի հետ մեր սահմա՞նն են վերահսկելու, ղարաբաղյան հարցում ավելի հայանպաստ քաղաքականությո՞ւն են որդեգրելու, տնտեսական մեծ աջակցությո՞ւն են ցույց տալու, Հայաստանում ժոովրդավարության հաստատմա՞նն են նպաստելու։  Եվ այս ամենի դիմաց ի՞նչ գին է պահանջվում Հայաստանից։ Եթե նման երաշխիքներ են տրվել, գինն էլ հարմար է, ես պատրաստ եմ այսօր եւեթ դիմում գրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերն անցնելու համար ու պայքար սկսել ամենախանդավառ արեւմտամետի կոչման համար։  Իսկ եթե նման խոստումներ ու երաշխիքներ չկան, ապա ի՞նչն է մեր արեւմտամետներին այդքան ոգեւորել։ Չորրորդ` պրագմատիկ նկատառումներից զատ, նրանք կարծես թե արեւմտամետությունն ու հակառուսականությունը համարում են բարոյապես ակնհայտորեն անպրոբլեմատիկ դիրքորոշում։  Ես շատ հեռու եմ Ռուսաստանը կամ որեւե այլ երկիր ինչ որ իդեալների մարմնավորում համարելուց, բայց մեր արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս մի օր նստել ու համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում։  Իդեալների, ազատականության ու այլ վեհ բաների մասին այդքան շատ խոսելիս մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի։
-«ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք ունեն գաղափարախոսական հակադիր, նույնիսկ միմյանց բացառող մոտեցումներ՝ ծայրահեղ լիբերալներից մինչև ազգայնականներ։ Ի սկզբանե ՀԱԿ-ը հենց այս սկզբունբով է ձևավորվել, ու շատերը, այդ թվում՝ ես, դա համարում ենք, Կոնգրեսի գլխավոր առավելություններից մեկը։ Հիմա, ի թիվս այլ բաների, ՀԱԿ-ն ուզում է Հայաստանից վերացնել այս օլիգարխիկ համակարգը։ Իմ խորին համոզմամբ, լիբերալ գաղափարախոսությունն այդ պայքարի լավագույն զենքը չէ։ Օլիգարխիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ գաղափարախոսությունը սոցիալ-դեմոկրատականն է»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասել էիք Դուք։ Ինչպե՞ս է ՀԱԿ-ը օլիգարխի հետ պայքարելու օլիգարխիայի դեմ:
-Երկու գիրք կարդացած ու երեք փաստագրական ֆիլմ դիտած յուրաքանչյուր հայաստանցի քաղաքական գործիչ ու վարլուծաբան կարող է ժամերով խոսել այն մասին, թե որքան իմաստուն էին Չերչիլն ու Ռուզվելտը, երբ` չնայած իրենց համարյա կենսաբանական հակակոմունիզմին, կարողացան համագործակցել Ստալինի հետ։  Նրանք կարող են ամենահամբերատար ունկդնրին ձանձրացնել հավերժական թշնամիների ու բարեկամների բացակայության մասին կլիշեներով ու Մաքիավելիից հիացական տոնով բերված ցիտատներով։ Այդ կլիշեներից նույնիսկ չնչին շեղում նկատելու դեմպքում նրանք պատրաստ են ուզածդ մեկին ստորացնել որպես քաղաքական դեղնակտուցի։  Բայց չգիտես ինչու նույն մարդկանց մոտ նյութափոխանակության լուրջ խանգարումներ են սկսվել ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցելու որոշումից հետո… Ես չգիտեմ որեւէ ժողովրդավարական շարժում, որը բռնապետության դեմ պայքարում հաջողության է հասել առանց դրա այս կամ այն հատվածի հետ համագործակցելու։  Այդ համագորցակցությունը քննադատողները կամ նախընտրում են այս ռեժիմը կամ ուզում են մեզ դիսիդենտի բարոյականութուն պարտադրել։  Իսկ ավելի նողկալի բան, քան ոտքերն ամպոտ դիսիդենտի բարոյականությունը, երբ իրական փոփոությունների հասնելու նույնիսկ չնչին հնարավորություն կա թեկուզ բարոյապես դժվարին կոմպրոմիսների գնով, ինձ համար գոյություն չունի։


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Комментариев нет: