Սերժ
Սարգսյանը
և Ռոբերտ Քոչարյանը ոչ մի լուրջ ներդրում չեն ունեցել Արցախյան պատերազմի գործում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ըստ նրա՝ նրանց նպատակը դեռևս Արցախյան պատերազմի տարիներից եղել է ինտրիգներով զբաղվելը՝ հեռանկարում ունենալով, թե ինչպես են զավթելու Հայաստանը։ «Իրենց նպատակը դա է եղել, և արդյունքում այսօրվա կևորկովները և նրանց հոգեորդիները կարողացան ղեկը վերցնել մեր երկրում, և մինչ օրս օկուպացիան շարունակվում է»,- Սեֆիլյանի խոսքերն է մեջբերում tert.am-ը։
Ինչ վերաբերում է իր մարտական ընկերներին, ովքեր Արցախյան պատերազմում մեծ ներդրում են ունեցել և այսօր «վերնախավում տեղ են գրավում», Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ նրանք չկարողացան նյութականով չգայթակղվել ։
«Անուններ տալու հարց չկա, կարծում եմ՝ անհրաժեշտությունը չկա, բայց իմ մարտական ընկերները, որ գեներալների կոչումներով են, միլիոնատերեր են դարձել։ Դժբախտաբար՝ այդ տղաները չդիմացան նյութականի գայթակղությանը, որն առաջարկվում էր այս իշխող համակարգի կողմից։ Սերժ Սարգսյանը միշտ զբաղվել է կաշառքով, մարդկանց փչացնելու մասնագետ է նա։ Պատերազմի տարիներից սկսած մինչ այսօր նա դա շարունակում է, այն ժամանակ քիչ հնարավորություններով էր անում, այսօր՝ մեծ հնարավորությունով»,-
ասաց նա։
Սեֆիլյանը նշում է, որ իր պայքարը նյութականի հետևից գնացող ընկերների դեմ չէ։ «Առհասարակ կյանքը այնպիսին է, որ ամեն մեկը չէ, որ այդ գայթակղությանը դիմանում է, քչերն են դիմանում։ Բարեբախտաբար, կան տակավին դիմացողները, որ դիմացել են, բայց նրանք, ովքեր չդիմացան, թեև մեր թշնամիները չեն, բայց չեն կարող պատերազմում դաշտային հրամանատարների դերում լինել, ինչպես ժամանակին էին, որ առջևից էին գնում»,- ասաց նա։
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը հարկ համարեց Սերժ Սարգսյանի կաշառակերության դրսևորումներից օրինակներ բերել։ «Ես հիշում եմ՝ 1992-ն էր, Նոր տարի էր, և նա դաշտային հրամանատարներին
«Մալբորո»
էր բաժանում։ Ես այդ ժամանակ ծխում էի, հիմա չեմ ծխում։ Սիգարետը դեֆիցիտ էր, իսկ այդ օրերին «Մալբորոն» շռայլություն էր։ Բոլոր հրամանատարները չէ, որ ընդունում էին, կային, որ բլոկը վերցնում էին և զինվորներին էին բաժանում, կային, որ թաքցնում էին, հետո մի ամիս օգտագործում։ Հետո, երբ նրա հնարավորությունները
մեծանում էին, ատրճանակ էր նվիրում, իսկ այսօր բիզնես է նվիրում։ Ես միայն ափսոսում եմ»,- նշեց նա։
Մայիսի 9-ին Ժիրայր Սեֆիլյանը հանդիսավոր կերպով իրենց հաղթանակը չի նշում, տղաները հավաքվում են, հիշում։ «Մենք արդեն քանի տարի է՝ չենք նշում, առանց որևէ հանդիսավոր երևույթների, իսկ թե ինչով են զբաղված իշխանությունները՝ դա ձև է՝ զերծ բովանդակությունից, կեղծ է, և նպատակ ունի մոլորեցնել ժողովրդին։ Չի կարելի տարվա մեջ մի օր գլուխ խոնարհել, մնացած օրը զբաղվել անբարոյականությամբ։ Իհարկե, սկզբում եղել է, որ հրավիրել են, մենք չենք մասնակցել, բայց հիմնականում չեն հրավիրում մեր տեսակին, ու լավ էլ անում են»,-եզրափակեց նա։
Комментариев нет:
Отправить комментарий