Ինչպես
հայտնի է՝ մի քանի գործիչներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը եւ Հովհաննես Իգիթյանը դիմել են արդարադատության
նախարարություն՝
Հայոց համազգային շարժում կուսակցությունը
վերագրանցելու
հայտով: Սա այն դեպքում, երբ ՀՀՇ համագումարը դեռեւս փետրվարին որոշել էր շարունակել իր գործունեությունը՝
վերանվանվելով
Հայ ազգային կոնգրես կուսակցության: Բացի դրանից, պետռեգիստրում գրանցված է ՀՀՇ հասարակական կազմակերպությունը՝
իր տարբերանշանով, հետեւաբար՝ մեկ այլ կազմակերպություն
նույն անունով ու տարբերանշանով գրանցվել չի կարող: Սա իմիջիայլոց:
Այժմ մի քանի բառով ներկայացնենք ՀՀՇ «վերագրանցումը» նախաձեռնող պարոնների ոդիսականը՝ հենց ՀՀՇ ներսում:
Այսպես, այս օրերին ՀՀՇ «բրենդի ու գաղափարախոսության ջատագով» ներկայացող Աժ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ն լքել է դեռեւս 1998-ի հեղաշրջումից եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Այնուհետեւ տասը տարի Ռուբինյանն իրեն ներկայացնում էր որպես «նոմինալ ՀՀՇ-ական»՝ որեւէ մասնակցություն չունանելով կուսակցության որոշումների կայացման գործընթացի մեջ: 2010թ. ՀՀՇ համագումարին Կարապետ Ռուբինյանը վերադարձավ՝ առաջադրվելով կուսակցության վարչության անդամի պաշտոնում, անհաջողությունից
հետո «նոմինալ անդամը» վերջնականապես լքեց ՀՀՇ-ն՝ դժգոհելով ներկուսակցական դեմոկրատիայի պակասից:
Մեկ այլ «ջատագով»՝ ՀՀ երբեմնի ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այս օրերին փորձում է իրեն ներկայացնել որպես ՀՀՇ հիմնադիր անդամ, իրականում ԱԻՄ կուսակցության հիմնադիր անդամներից է: Նա ՀՀՇ անդամ դարձավ 98-ից հետո, այնուհետեւ, փաստացի դուրս եկավ կուսակցությունից 2006-ին՝ «Ցախավելների հեղափոխության» շրջանում, եւ վերջնականապես խզեց կապերը կուսակցության հետ 2011-ին՝ նախաձեռնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը: Այժմ էլ, փաստորեն, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը զատվում է «Ազատ դեմոկրատներից»՝ նախաձեռնելով «ՀՀՇ վերագրանցումը»:
Քառյակի մյուս անդամին՝ Հովհաննես Իգիթյանին անկախ Հայաստանի առաջին տասնամյակի քաղաքական անցուդարձի լավատեղյակները կհիշեն 1998-ից, երբ փաստացի հեղաշրջումից ու նախագահի հրաժարականից հետո ՀՀՇ գրեթե ողջ թիմը՝ շուրջ 40 հոգի, հրաժարվեցին իշխանության գործադիր եւ օրենսդիր մարմիններում իրենց զբաղեցրած պաշտոններից: Այդ օրերին ԱԺ Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Իգիթյանը գտնվում էր արտասահմանում, որտեղից վերադառնալուց հետո հրաժարվեց լքել պաշտոնը: Ճիշտ է՝ այդ պաշտոնին նա ստիպված էր հրաժեշտ տալ որոշ ժամանակ անց՝ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով: Իսկ վերջին տարիներին ավելի շատ արտասահմանում, քան Հայաստանում գտնվող պարոն Իգիթյանի դերակատարությունը
ՀՀՇ կուսակցությունում,
մեղմ ասած, այնքան էլ նշանակալի չէր: Ի վերջո, նա խզեց կապերը Շարժման հետ՝ կուսակցության անվանափոխությունից
հետո:
Իսկ քառյակի վերջին ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը, կուսկցության վարչության նախագահի պաշտոնը ավելի քան տասը տարի զբաղեցնելուց հետո լքեց կուսակցությունը:
Պատճառը՝ կուսակցությունը
Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս բերելու իր ծրագրի ձախողումն էր: ՀՀՇ-ն լքելուց հետո Զուրաբյանը իր այդ պլանի համահեղինակ եւ ջատագով Խաչիկ Քոքոբելյանի հետ նախաձեռնել էր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադրումը: Սակայն, որոշ ժամանակ անց, Քոքոբելյանի եւ մյուսների հետ ունեցած տարաձայնություններից
հետո վերջինս դուրս եկավ նաեւ «Ազատ Դեմոկրատներ»-ից, եւ որոշ ժամանակ լռություն պահպանելուց հետո՝ հանկարծ սկսեց պայքարել ՀՀՇ-ի համար:
Փաստորեն, ինչպես տեսնում ենք, ահա այսպիսի «սկզբունքային» գործիչներ են այսօր պայքարում հանուն «Հայոց համազգային շարժման» անվան ու գաղափարների վերածնունդի:
Комментариев нет:
Отправить комментарий