ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ: Առաջին նախագահը տվեց դրա հիմնավորումը, ու կարծում եմ, բաց տեղ չմնաց: Ի վերջո դա նրանց կուսակցական խնդիրն է և ՀԱԿ-ից հեռացողների բարձրացրած ավելորդ աղմուկը գոնե ինձ մոտ կասկածի տեղ թողեց. դա ոչ թե կուսակցական, այլ պետական խնդիր է:
Ի վերջո ականատես ենք եղել պետական մուրճի կողմից կուսակցությունների մասնատման, բեկորային քաղաքականությանը, կուսակցությունների թուլացման, կազմալուծման գործընթացներին, և դա խոպան հող չէ հայաստանյան պետական քաղաքականության մեջ: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում և եթե ՀՀՇ-ի անվան համար կուրծք ծեծող քաղաքական գործիչներին թվում է, թե նրանք ընկալվում են որպես ՀՀՇ-ի քաղաքական կուսաթաղանթը պահպանողներ, չարաչար սխալվում են: Կուսակցապառակտումը ժողովրդի ընկալման մեջ նստած է որպես իշխանության կողմից ուղղորդվող քայլ և էն գլխից ասեմ, որ ինչքան էլ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը և Հովհաննես Իգիթյանն ասեն, որ ՀՀՇ-ն կամենում են վերագրանցել՝ կուսակցական ակունքներին հավատարիմ մնալու առումով, միևնույն է, դա հանրության կողմից այլ կերպ է
ընկալվում: Հանրությունը դեռ չի մոռացել Կոմկուսի, ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի և էլի շատերի ծվատումը:
Չի մոռացել, որ իշխանության կողմից ական է դրվել ընդվզող կուսակցությունների տակ, որպեսզի հարկ եղած դեպքում վերջինիս պայթեցնի կամ ժողովրդի աչքից գցի: Կարծում եմ, որ Առաջին նախագահը կարծր ընկույզ է եղել իշխանության համար՝ կոտրվելու առումով և հազար անգամ օգտագործված հնարքը կրկին բանեցվում է: Գաղտնիք չէ, որ 2008-ի հզոր զարթոնքից հետո քաղաքական տարբեր գործիչների ականապատմամբ ՀԱԿ-ը թուլացվեց: Նրա դեմ օգտագործվեց արտաքին և ներկուսակացական զորեղ արկեր: Առաջին նախագահը ձեռնարկեց սթափ քայլեր՝ ընդդիմության դաշտից դուրս չմղվելու համար: Կարկուտից հետո ՀԱԿ-ը կրկին գլուխ է բարձրացնում: Հարկավոր է նորից խփել: Քառյակը պատրաստ է, միշտ պատրաստ: Այս անգամ գործում է իբր բարոյական դաշտում. ՀՀՇ-ի անվան ու գաղափարների վերածնունդ: Բարոյական այլ հարթությունում է, թե նրանք ինչքանով են կանգնած եղել ՀՀՇ-ի ակունքներում: Ավելի լուրջ խնդիր կա. նորաստեղծ ՀԱԿ-ին կրկին խփել, ժողովրդի աչքում փոշիացնել… Թող ների ինձ քառյակը, եթե այլ ծրագիր ունի, բայց հանրության մեջ այդպես է ընկալվում, որովհետև նույն հանրությունը միայն «փչացնել է» տեսել: Եվ նոր, քաղաքական կուսաթաղանթ դնելով, կույս չես դառնում:
1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий