Ապրիլի 20-ի «Առավոտի» խմբագրականում Արամ Աբրահամյանը փորձում է ցույց տալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հակասում է. 2009թ. մարտի 1-ին՝ «հեղափոխական, ժողովրդական ընդվզման մթնոլորտում» հեղափոխության դեմ է խոսում. «Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից...» իսկ, ահա, 2013-ի ապրիլի 13-ին, ոչ հեղափոխական՝ «համագումարային միջավայրում»՝ հեղափոխության օգտին։
Արամ Աբրահամյանը, ինչպես միշտ նման դեպքերում, ստում է եւ խեղաթյուրում։ Ընդ որում՝ ինքն էլ շատ լավ գիտի դա, ուստի, իրեն ապահովագրելու համար հեգնանքով գրում է թե՝ «...վստահ եմ, որ նրա կողմնակիցները մտքի բավականին ճկունություն ունեն բացատրելու, որ առաջին դեպքում Տեր-Պետրոսյանը «հեղափոխություն» ասելով մի բան է հասկանում, իսկ երկրորդ դեպքում՝ բոլորովին այլ բան»։
Արամ Աբրահամյանը, ի տարբերություն շատերի, այդքան տգետ չէ, որ չհասկանա, որ հենց իր կատարած մեջբերումներում նույն բառի տակ երկու տարբեր բաներ հասկանալու խնդիր չկա, դրանցում հենց երկու տարբեր բան է ասվում։ Եւ որպեսզի դա հենց անմիջապես չտեսնի իր ընթերցողը, նա Տեր-Պետրոսյան 2013թ. համագումարային ելույթից տեքստային մեջբերում չի անում։ Հիշեցնենք՝ դրանում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին եւ բացատրել, թե ինչ է դա. բռնատիրությունից ժողովրդավարության տանող քաղաքական պրոցես։
Բայց մի կողմ թողնենք հասկանալը, որ սուբյեկտիվ խնդիր է եւ չարամտորեն ենթադրենք, թե Ա. Աբրահամյանն, իրոք չի հասկացել։ Տվյալ դեպքում նրա հիմնական թեզն այլ է, թե իբր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գիտակցված, հեղափոխական իրավիճակում խոսում է հեղափոխության դեմ, ոչ հեղափոխական իրավիճակում՝ դրա օգտին։ Գիտի, որ այդպես չէ, բայց խեղաթյուրում, այդպես է ներկայացնում։ Գիտի, որովհետեւ նույն՝ համագումարային ելույթում Տեր-Պետրոսյանը հիշեցնում է, որ ինքը բուրժուա-դեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին խոսել է դեռ 2008 թվականին, այսինքն՝ ավելի հեղափոխական իրավիճակում։ Եւ ոչ միայն 2008-ին։ Նա այդ մասին խոսել ու ընդարձակ կոչով բոլոր խոշոր «բուրժուաներին» դիմել է նաեւ 2007թ. աշնանային, հույժ հեղափոխական մթնոլորտում ընթացող հանրահավաքներում։ Եւ ասել է նույն բանը, ինչ ասաց հիշյալ «համագումարային» ելույթում։
Թե ինչու է ստում ու խեղաթյուրում Արամ Աբրահամյանը, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ նա այդ ամենն անում է գիտակցված, ինքն իրենից չամաչելով։ Նրա ինքնանվաստացումն, ուրեմն, ունի հզոր շարժառիթներ...
Աշոտ Դաբաղյան
Комментариев нет:
Отправить комментарий