Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.03.2013

Կոնգրեսը այնքան էլ ընդդիմություն չէ

www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ասում էիր` Կոնգրեսն է ընդդիմությունը: Էլ ի՞նչ ընդդիմություն, որ գնացել եք էս իշխանության հետ սեղանի շուրջ նստել: Բա դա ընդդիմությու՞ն է»:  

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վաղինակ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց ձեր հարցի բառացի իմաստի հետ համաձայն եմ:

Գործող իշխանության հետ բանակցային պրոցեսի մեկնարկի պահից Հայ ազգային կոնգրեսը համարյա ընդդիմություն չէ: Նկատի ունեմ` Կոնգրեսը համարյա իշխանություն է: Եթե փաստացի իշխանությունը գնում` հավասարը հավասարի հետ սկզբունքով նստում-բանակցում է արտախորհրդարանական ընդդիմության հետ, ուրեմն չի կարող չբանակցել, ուրեմն չի կարողանում որպես իշխանություն տիրապետել իրավիճակին, նշանակում է` իրավիճակի միայն մի մասին է տիրապետում, ուրեմն իրավիճակի մյուս մասին բոլորովին ուրիշ ուժ է տիրապետում, նշանակում է` երկրում հաստատված է երկիշխանություն:

Օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանության կողմից լիազորված պատվիրակության մակարդակով կարելի է բանակցել միայն ուրիշ իշխանության հետ: Եւ Կոնգրեսի հետ բանակցելով, գործող իշխանությունն էլ ընդունում է, որ երկրում կա եւս մեկ իշխանություն: Հիմա Հայաստանում կա երկու իշխանություն` կոալիցիան, որի թիկունքում կանգնած է օլիգարխիան, եւ Հայ ազգային կոնգրեսը, որի թիկունքում կանգնած են իր հարյուր հազարավոր աջակիցները: Եւ թույլ տվեք կանխատեսել, որ երկու իշխանությունների հարաբերակցությունը ժամանակի հետ փոխվելու է` հօգուտ Կոնգրեսի եւ ժողովրդի: Էդ իմաստով Հայ ազգային կոնգրեսը գնալով ավելի ու ավելի պակաս է ընդդիմություն լինում, իշխանությունը` ավելի ու ավելի պակաս` իշխանություն:

Սիրելի Վաղինակ, այդպես էլ չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր ասում են, թե Կոնգրեսի համակիր են եւ փորձում են քննադատել մեր ձեռնարկած բանակցություն-երկխոսությունը: Այս գործընթացը Հայ ազգային կոնգրեսի ավելի քան երեք տարիների պայքարի ամենամեծ ձեռքբերումն է: Մեզ հետապնդում էին, մեզ առեւանգում էին, մեզ բանտարկում էին, մեզ սպանում էին, մեզ հետ խոսում էին տանկերով, ավտոմատներով, սափրագլուխներով: Երեք տարի մեր շարժման վերջը, մեր քաղաքական կրախն էին կանխատեսում: Բայց մենք, արնածոր ու հյուծված` ոչ միայն ոտքի կանգնեցինք, այլեւ մեր հետեւողականությամբ հանցագործ բանդային ստիպեցինք անգարներ քաշել տանկերը, դարակներում պահել ավտոմատները, դնչկալ դնել սափրագլուխների ռեխերին, հագնել կաստըմ եւ գալուստուկ եւ մեզ հետ խոսել քաղաքավարի, բարեկիրթ եւ որ կարեւոր է` հավասարը հավասարի հետ սկզբունքով: Երեք եւ ավելի տարի հրապարակներում մաքառած, տառապած, ծեծված, ջարդված ժողովուրդը փառահեղ հաղթանակ է տարել: Իշխանությունը խոստովանել է, որ ի վիճակի չէ կոտրել այդ ժողովրդին եւ նստել` բանակցում է այդ ժողովրդի հետ: Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը առաջին հերթին հրապարակում մաքառած ժողովրդի պատվիրակներն են, եւ նրանց նստելը բանակցային սեղանի շուրջ ժողովրդի հաղթանակն է: Ոչ վերջնական: Համաձայն եմ:

Կլինի՞ արդյոք վերջնական հաղթանակ` արտահերթ ընտրությունների տեսքով: Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը կկարողանա՞ նման զարգացում ապահովել: Այո, եթե Ազատության հրապարակը լիքը լինի այնքան, որքան պետք է: Ես չեմ ուզում, որ դու, սիրելի Վաղինակ, կանխատեսես` կլինի՞ բավարար չափով հզոր օգոստոսի 2-ի հանրահավաքը: Ես ուզում եմ, որ դու գաս: Որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմություն է այնքանով, որքանով դու ես ընդդիմություն: Հայ ազգային կոնգրեսը այլեւս չի ուզում, որ դու լինես ընդդիմություն: Հայ ազգային կոնգրեսն ուզում է, որ դու դառնաս իշխանություն: Դու համարյա իշխանություն ես, քաղաքացի Վաղինակ: Արի հրապարակ, եւ վերջնականապես դարձիր իշխանություն: Կտեսնվենք օգոստոսի 2-ին` Ազատության հրապարակում:


Նիկոլ Փաշինյան - Հուլիս 21, 2011 Հայկական Ժամանակ

Комментариев нет: