Հայտարարություն
Իրավապաշտպան, իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ նախագահ, Վարդան Հարությունյանը նախաձեռնել է խորհրդային տարիներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժման մասին մի ուսումնասիրություն հրապարակել: Նախատեսվող ուսումնասիրության մեջ ի թիվս այլ նյութերի պետք է տեղ գտնեն նաեւ այդ տարիներին դատապարտվածների դատավճիռները:
Դրանք ձեռք բերելու նպատակով դեռեւս 2011թ նոյեմբերին Վ. Հարությունյանը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայություն: Սակայն ԱԱԾ-ը իր գրությամբ, հղում կարտարելով Արխիվային գործի մասին օրենքի 21 եւ Տեղեկատվության մասին օրենքի 8 հոդվածների վրա, նրան մերժում է: Մերժման ակնհայտ անհիմն լինելը վիճարկել չցանկանալով Հարությունյանը մտածում է, որ մերժման որեւէ, թեկուզ կամայական, հիմք չի լինի, եթե մարդիկ իրենց անունից դիմեն ԱԱԾ եւ պահանջեն ժամանակին իրենց նկատմամաբ կայացված դատավճիռները: Նա խորհրդային տարիների քաղբանտարկյալներից, իսկ մահացածների դեպքում նրանց առաջին կարգի ժառանգներից, հավաքում է նման դիմումներ ու մեկ փաթեթով 2012թ. դեկտեմբերի 6-ին ուղակում է ԱԱԾ, իսկ արդեն դեկտեմբերի 11-ով թվագրված գրությամբ կրկին մերժում է ստանում: Այս անգամ արդեն մերժման համար որպես հիմք նշվում է Արխիվային գործի մասիր օրենքի 22 հոդվածը:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դատապարտյալի դատավճիռ պետք է տրվի դատապարտյալին: Այլ կերպ լինել չի կարող: Սակայն խորհրդային շրջանում քաղաքական բանտարկյալների դատավճիռները բանտարկյալներին աշխատում էին չտրամադրել: Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ կարողացել են իրենց դատավճիռները կամ մեղադրական եզրակացություններն ստանալ երկարատեւ հացադուլների արդյունքում: Բայց այդ ժամանակները վաղուց արդեն անցյալ են: Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարաել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները: Անգամ խորհրդային ժամանակներում հայտարարվում էր, որ այդ դատավճիռները հրապարակվում են բաց դատավարությունների արդյունքում: Այսինքն` այդ դատավճիռներն իրենց հրապարակման պահից արդեն հանրության սեփականություն են, դրանցից որեւէ մեկը փակ դատավարության արդյունք չէ եւ դրանք, անգամ խորհրդային չափանիշներով, որեւէ տեսակի գաղտնիք համարվել չեն կարող: Դրանք մեզ են վերաբերում, կայացվել են մեր նկատմամբ եւ մենք իրավունք ունենք պահանջել եւ ստանալ մեր դատավճիռները:
Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից եւ Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին եւ ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամաբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքրի ու այդ մտածողության դեմ:
Դատապարտելով ԱԱԾ ղեկավարության նման կամայական գործելաոճը հայտարարում ենք, որ հետամուտ ենք լինելու մեր իրավունքների պաշտպանությանը: Ուրախությամբ կընդունենք լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, հասարակական ու քաղաքական գործիչների աջակցությունը:
Պարույր Հայրիկյան
Ռազմիկ Մարկոսյան
Ազատ Արշակյան
Շահեն Հարությունյան
Վալտեր Մելիքյան
Բագրատ Շահվերդյան
Գագիկ Առաքելյան
Նորիկ Մարտիրոսյան
Комментариев нет:
Отправить комментарий