Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.02.2013

Չեմի բրձոլա: Դհոլ-զուռնայով


Անկախ Հայաստանի պատմության մեջ լավագո՛ւյն, խաղա՛ղ, արդա՛ր, քաղաքակի՛րթ, առանց հայհոյանքների եւ ատելության, ծրագրերի եւ գաղափարների պայքարով լի ընտրություններն ուզեցին ստվերել սրիկաներն ու ազգի լավը չուզողները:
Ճիշտ է, կան որոշ նրբություններ, այսպես ասած մանրուքներ, որոնք միգուցե որոշ իմաստով փչացնեն այս հովվերգական տեսարանը, թեւավոր ու անթեւ հրեշտակիկների այս սիրասուն ու անոսր պարը: Նախ՝ մեր մեջ ասած,
խաղաղ, անշառ, անփորձանք, ատելությունից, հայհոյանքներից զուրկ, ինչպես նաեւ ծրագրերով եւ գաղափարներով լեփ-լեցուն ընտրությունների հարուստ փորձ Հայաստանն ունի: Այն էլ ի՜նչ փառահեղ փորձ: Հատկապես խաղաղ ու գաղափարական էին դրանք Ստալին պապիի օրոք: Բայց նրա մահվանից էլ մի 30 տարի այդպիսին էին: Այնքան խաղաղ էին, երգ ու պարով էին, դհոլ-զուռնայով էին, որ նույնիսկ ոչ ոք՝ մեծահասակներն իսկ, դրանք այսօր չեն էլ հիշում: Ի դեպ, հենց վերջերս լույս է տեսել Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի երկրորդ հրատարակությունը, եւ ավելի երիտասարդները կարող են հետաքրքիր հատվածներ կարդալ սովետական ընտրությունների մասին: Ինչո՞ւ էին սովետական ընտրություններն այդքան խաղաղ եւ հանգիստ: Պատասխանն ակնհայտ է՝ մրցակցություն չկար, իրական պայքար չկար, գրաքննությունից դուրս որեւէ կարծիք բացառված էր՝ ընտրական գործընթացի պարզ նմանակում էր: Մենք, որ ուզենանք էլ, նույնիսկ այս տարվա ընտրություններով չենք կարող հասնել նման կատարելության, ինչպիսին էին ստալինյան ընտրությունները: Դժվար թե հասնենք այդ առումով, նույնիսկ հետսովետական մեր որոշ հարեւաններին, որոնք նույնպես հարուստ փորձ են կուտակել խաղաղ, քաղաքակիրթ, անփորձանք ընտրությունների՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան: Կարծում եք, արժե՞ մրցակցել սրանցից որեւէ մեկի հետ: Եթե այո, ապա 2013-ի ընտրություններն, իհարկե մեկ քայլ առաջ են այդ մրցակցության մեջ հօգուտ Հայաստանի, բայց անելիք դեռ շատ կա: Ի դեպ, մի ճշտում անեմ: Երբ ասում ենք, թե այս ընտրություններում դեռ իրական պայքար չկա, դա չի նշանակում, որ իսպառ բացառվում է այն տարբերակը, որ ինչ-որ պահից այնուամենայնիվ, դրությունը փոխվի, քանի որ ամեն դեպքում իրավիճակը դինամիկ է, եւ զուտ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է, եթե թեկնածուներից մեկը, դուրս գալով «քաղաքակիրթ», իսկ իրականում, թուրքմենական-լայթս խաղի կանոններից, պայքար հռչակի ընտրակեղծիքների դեմ, այլ ոչ թե գաղափար-գաղափար կամ նոր տեխնոլոգիա-նոր տեխնոլոգիա խաղա:
Դառնամ բուն ասելիքիս: Այս ընտրությունների ամենամեծ ընտրակեղծիքը հենց դրանց «քաղաքակիրթ», «խաղաղ», «հանգիստ» բնույթն է: Ամենայն լրջությամբ եւ առանց չափազանցման եմ ասում՝ ավելի մեծ ընտրակեղծիք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել: Պնդել, որ այսօր տեղի ունեցողը Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են կամ կարող են լինել այդպիսին, կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ էլ համացանցային լեզվով ասած՝ թրոլինգ (թրոլինգն օրինակ այն է, երբ մեկը համացանցում հատուկ կերպով ասում է մի բան, ինչը տվյալ միջավայրում պետք է առաջացնի կանխատեսելի բացասական արձագանք, կոպիտ ասած` վեճ է սադրում եւ հաճույք ստանում, հետեւելով դրա ընթացքին եւ մարդկանց վրդովմունքին. տվյալ դեպքում, լավագույն ընտրությունների մասին պնդումները մաքուր թրոլինգ են հայաստանյան հասարակության նկատմամբ): Ընդհանրապես ընտրության լավագույնն ու վատագույնը չի լինում՝ ընտրություն կամ լինում է, կամ չի լինում (չեմի՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ): Ընտրությունների արդյունքները կամ կեղծվում են, կամ չեն կեղծվում, իրական մրցակցություն կա՛մ կա, կա՛մ չկա: Նորմալ հասարակությունը չի կարող լինել կատարելապես միասնական: Շահերի տարբերությունն ու դրանց հակասությունն անխուսափելի է: Քաղաքակիրթն այն չէ, որ հակասությունները քողարկվեն արտաքին միասնության շղարշի տակ, իսկ շահերի բախումը տեղափոխվի ընդհատակ, այլապես` աշխարհի ամենաքաղաքակիրթ եւ բարի համակարգերը կհամարվեին ստալինիստականը եւ արդի թուրքմենականը, ոչ էլ այն, որ մրցակցության նմանակում է ստեղծվում, իսկ վերջում հաղթում է իբր մրցակցող կողմերից միշտ միեւնույնը: Քաղաքակիրթն այն է, որ ներհասարակական հակասությունները լուծվում են գրված խաղի կանոնների շրջանակում, եւ հասարակական միասնությունն էլ հենց դրանով է արտահայտվում՝ բախումներից խուսափելու միակ իրական ձեւը գրված խաղի կանոններով շարժվելն է: Ինչո՞ւ 2008-ին կար իրենց լեզվով ասած «ատելություն» եւ «հայհոյանք», իսկ իրականում `իսկական պայքար եւ ընդվզում: Որովհետեւ կար կեղծիքը եւ կար դրան դիմադրելու նպատակով համախմբված հասարակության մի զգալի մասը, եւ իշխանությունն իրական վտանգ էր տեսնում իր դեմ: Ինչո՞ւ այսօր չկա նույնը: Պատճառը պարզ է՝ այս պահին իշխանությունն իրական վտանգ չի տեսնում, հասարակությունն էլ` համախմբման քաղաքական առաջարկ: Բայց խնդիրը սրանով լուծված չէ, այլ ընդամենը քողարկված է, ընդհատակ է արտամղված եւ դրանով իսկ է՛լ ավելի խորացված է: Հիվանդությունը կա, ոչ մի տեղ չի կորել, բայց հիվանդին սիրուն շորեր են հագցրել ու անունը դրել են՝ առողջ: Ի՞նչ եք կարծում, հիվանդությունը դրանով կբուժվի՞, թե՞ հակառակը՝ ավելի վատ հետեւանքներ կլինեն հիվանդի համար: Երբ կայունությունը շինծու է, այն միշտ հղի է է՛լ ավելի մեծ անկայունությամբ, քան այն դեպքում, երբ հասարակությունը բաց հրապարակային դիմադրություն է ցուցաբերում: Եվ միգուցե մահափորձը նախագահի թեկնածուի նկատմամբ արտահայտումն է հենց այդ ընդհատակ մղված հիվանդության: Հիմա շատերը այս դեպքը դրոշ են դարձել ու կոչ են անում պայքարել հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության: Տղերք, լրջացե՛ք: Ճնշված, գնդակահարված հասարակությամբ, ծաղր ու ծանակի վերածված ընտրական գործընթացով, կեղծիքին քաղաքակիրթի շոր հագցնելով, չեն պայքարում Հայաստանի անկախության համար:
Ուստա Հրանտ

Комментариев нет: