Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

20.02.2013

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ժողովրդի ու Սերժի արանքում

Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել հիմնականում ընդդեմ Սերժ Սարգսյանի քվեարկողները։ Արդյունքում ժողովուրդը, ի դեմս Րաֆֆիի, հաղթել է։
Նախնական տպավորությունս այն է, որ անսպասելի խթանի հետևանքով ստեղծված այս վիճակում Րաֆֆին չի պատկերացնում, թե ինչ պետք է անի ստացած ձայների հետ։ Դա էր, թերևս, պատճառը, որ նրա հանրահավաքը ասուլիս դարձավ։

Րաֆֆիին կարելի է հասկանալ. նա չունի քաղաքական պայքարի (մասնավորապես՝ հանրահավաքային պայքարիռազմավարություն և մարտավարություն։
Նա մեկ օրով հետաձգեց իր բուն ասելիքն ու անելիքը, որպեսզի այդ մեկ օրվա ընթացքում գոնե փորձի հասկանալ, թե ինչ է պետք անել. վարսավիրանոց գնալը, հասկանալի պատճառներով, այլևս դիվիդենտ չի կարող բերել։
Րաֆֆին չունի նաև անհրաժեշտ ֆինանսական, մարդկային ու կազմակերպչական ռեսուրսներ, որպեսզի կարողանա որոշակի արդյունքի վերածել ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու ՀՅԴ–ի չմասնակցելու հետևանքով  ստացած քվեները։
Բայց նշածս դեֆիցիտների դիմաց նա ունի ընտրողից ստացած քվեն, որն ամենամեծ ռեսուրսն է և կարող է իշխանափոխության հիմք դառնալ։ Մնում է Րաֆֆու որոշումը։
Նա ունի 3 տարբերակ.
1. Ընտրել արժանապատիվ պայքարի ուղին ու փորձել իշխանական համակարգը փլել «ռասկաչկայի» օգնությամբ,
2. Սեղմել Սերժի ձեռքն ու գնալ արթուրբաղդասարյանացման ճանապարհով,
3. Թռնել Ֆրեզնո և անհասանելի դառնալ կուսակիցների ու «վերջին քսան տարում առաջին անգամ հաղթած հայ ժողովրդի» համար։
Թե ինչպիսի որոշում կկայացնի Րաֆֆին,
պարզ կդառնա շատ շուտով։ Առայժմ միայն հայտնի է, որ նա դիմել է ոստիկանությանը ( իմա՝ Սերժ Սարգսյանին)՝ խնդրելով ապահովել իր բնակության անվտանգությունը և դիմել է Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա մոտ որոշակի խուճապային տրամադրություն կա, քանզի բրեժնևյան համակարգի համար ցանկացած հրապարակային ու փողոցային գործընթաց վտանգ է ներկայացնում։ Որքան էլ Րաֆֆին «քուրիկական» ու լղոզված գործիչ լինի, այդուհանդերձ ստիպված է ատամ ցույց տալ, ինչն անկանխատեսելիության տարրեր է պարունակում և հունից հանում իշխանությանը։ Սերժ Սարգսյանը վախենում է, երբ երեք մարդ միասին են հավաքվում ու քաղաքական հարց քննարկում։ Էլ ուր մնաց, թե հանրահավաքից չվախենա։ Թեկուզև՝ Րաֆֆիի հանրահավաքից։
Սերժը գիտի, որ հայ ժողովուրդն իրեն տոտալ ձևով մերժում է և առիթ է ման գալիս խիարը թարս բուսնեցնելու համար։ ՀՀԿ ղեկավարը հենց այդ թարս բուսնելուց է սարսափում։
Րաֆֆին տրամադրության մարդ է ու քաջնազարային հայեցակարգով կարող է անհարմարություններ առաջացնել Սերժ Սարգսյանի համար։ Այդ ամենը շատ լավ հասկանում են Բաղրամյան 26–ում և որոշակի քայլերի են դիմում։ Սկսվել է «Ժառանգության» առաջնորդի քարոզչահոգեբանական մշակման փուլը։
«Անկախ» լրատվամիջոցներով և նույնքան «անկախ» նախկին ընդդիմադիր գործիչներով հիմա Րաֆֆիին հա՛մ դեղում են, հա՛մ եղում։
«Րաֆֆի՛ ջան, դու դեմք ես, դու արդեն կեսմիլիոնանոց տղա ես, հանկարծ չշփոթվես ու հանրահավաքային հետադիմական տեխնոլոգիաների դիմես։ Ավելի լավ է ընդունես ընտրության արդյունքները, տեղափոխվես քաղաքացիական սեկտոր և «սիրո՛ւն չի» տարբերակով շարունակես պայքարդ։ Եթե քեզ լավ պահես, ապա  կնշանակենք ընդդիմության առաջնորդ, ու դու արդեն կգնաս ոչ թե Սերժի, այլ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Այդպես հա՛մ քեզ համար լավ կլինի, հա՛մ մեզ համար։ Հետագայում արդեն կպայմանավորվենք»,–հնդկական «կտեր» են տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին։
Կուտի՞ այդ «կուտը» Րաֆֆին։ Այս պահին դժվար է ասել։ Եկեք չշտապենք և հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Եթե սա, ինչպես շատերն են կարծում,  նախապես ծրագրված խաղ է, ապա այդ խաղը որոշակիորեն դուրս է եկել վերահսկողությունից կամ կարելի է այնպես անել, որ դուրս գա վերահսկողությունից։ Ընտրողը խառնել է բոլորի խաղաքարտերը և հնարավոր են տարբեր զարգացումներ։ Եկեք, ուրեմն, ժամանակից առաջ չընկնենք և Րաֆֆու քայլերին գոնե այս պահին մոտենանք քաղաքական անմեղության կանխավարկածով։ Մի քանի օրից ամեն ինչ կհստակեցվի։
Եթե Րաֆֆին շարունակի իր ցանկացած խոսքի նախաբանում պարտադիր կերպով խոսել Սերժի եղած ու չեղած արժանիքների մասին, եթե Րաֆֆին նորից ասի, որ ժողովուրդն է հաղթել ու կոնկրետ չասի, թե ով է պարտվել, եթե Րաֆֆին Սերժի հետ մտնի «երկխոսության» մեջ, ապա կգնա հայտնի ուղղությամբ։ Նրա ցանկացած փոխզիջում իշխանության հետ հարաբերություններում, որը չի ավարտվելու Սերժի հեռացմամբ, կգնահատվի ԱԽՔ–ացում։
Դեռ ժամանակ կա, և Րաֆֆին կարող է հստակեցնել իր խոսքն ու գործը։ Այնպես որ, եկեք մարդուն շանս տանք և առայժմ զերծ մնանք հաճախորդության կանխավարկածով նրա պահվածքը մեկնաբանելուց։
Բոլորիս գործն այս պահին Րաֆֆուն գործողությունների մղելը և այդ գործողություններում նրան աջակցելը պետք է լինի։ Եթե կպայքարի, ապա բոլորս կզինվորագրվենք այդ պայքարին, իսկ եթե կրկին ականատեսը լինենք նրա խորախորհուրդ ձևակերպումների ու «Հ» տառով սկսվող էժանագին հայրենասիրական ճառերի, ապա բոլորս կրկին կզինվորագրվենք, բայց արդեն՝ Րաֆֆուն «փչացնելու» հանրօգուտ գործին։

Կարեն Հակոբջանյան

Комментариев нет: