Էդուարդ Շարմազանավը բանակում չի ծառայել. նա չի զգացել հայրենիք պաշտպանելու բերկրանքը, որովհետեւ իր հայրենիքն ու ոստանը եղել է ՀՀԿ-ն: Բանակում չծառայելը չի խանգարել, որպեսզի նա պարգեւատրվի «Գարեգին Նժդեհ» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով ու դրանք հիմք ընդունելով, «ցավա» ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար:
Բավական է լսել, թե նա ինչ «մտահոգիչ» տոնով է արտահայտվում մամուլում. «2008թ.-ին Տեր-Պետրոսյանի հետ հարթակում պարող տղաները չկային: Այն տղաները, որ միշտ առաջին գծում էին եւ, բացի պարելուց, շարժման միս ու արյունն էին: Նույնիսկ նրանք չեկան լսելու Տեր-Պետրոսյանի ելույթը: Այ, սրանից կարելի է հետեւություն անել»:
Գոհ չե՞ք, որ չկային, պարոն Շարմազանով, չէ՞ որ դրա համար դուք (դուք ասելով՝ նկատի ունեմ ձեր թիմը) համարյա նույն ուժգնությամբ պատերազմ եք մղել եւ այսօր ինչ հնարավոր է, ամայացրել եք առաջին նախագահի շուրջ… Այդ տղաները, ինչպես դուք եք ասում, 2008-ին Լեւոնի հետ էին: Ի՞նչ կատարվեց, որ հիմա հետը չեն: Միայն այն փաստը, որ Տեր Պետրոսյանը կարող է «կոմպրոմիսի գալ» իշխանության հետ, ոչ միայն այդ տղաները, այլեւ շատերը խռոված կեցվածք ընդունեցին ու հեռացան Լեւոնից: Գոնե դուք դա ընդունո՞ւմ եք, թե՞ այդ մարդիկ ինչքան չէին ընդունում իշխանությանը… Հիմա Լեւոնի կողքին մնացած տղաները խաղաղ ժամանակների մեր մահապարտներն են, որոնք չգայթակղվեցին իշխանական «նվերներով» ու շարժման միս ու արյունը լինելով, ապրում են նվաստ վիճակում…
Իսկ դուք՝ Գարեգին Նժդեհի շքանշանակիրդ, դատում եք հայրենի հողն արյամբ պահողների մասին ու փորձում նրանց նույնպես բաժանել, պառակտել մասերի՝ լեւոնականների ու սերժականների: Զինվորին, առավել եւս թշնամու դեմ կռված, արյուն տված զինվորին չի կարելի քաղաքականացնել, երեխայի պես դատել, թե ով ում կողմն է, ով ում է պաշտպանում, որին ինչպես խլել, յուրային դարձնել… Զինվորի միակ նախագահը Հայրենիքը պիտի լինի, եւ նա իրավունք չունի կանգնելու քաղաքական դեմքերից որեւէ մեկի կողքին… Մյուս կողմից, չեմ հասկանում, եթե, ձեր ասելով, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական էպոխան մայրամուտ է ապրում, ի՞նչ իմաստ ունի այդպիսի ահեղ տարերքով պայքարել նրա դեմ, չէ՞ որ ողջ աշխարհում առաքինություն է համարվում ընկածին չտրորելը… Ա՜յ սա է, որ խիստ կասկածելի է թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մայրամուտը շատ հեռու է: Դատում եմ ձեր գործելակերպից:
Մայրամուտից առաջ սովորաբար գույներն ավելի շքեղ ու պայծառ են լինում, այնքան շլացուցիչ, որ թվում է՝ վերջ չունի: Դուք այդ կարգավիճակում եք, պարոն բարձրաստիճան, թվում է՝ անպարտելի եք: Բայց, նորից եմ կրկնում, մայրամուտից առաջ գույներն ավելի շքեղ են լինում ու… կուրացնող…
Հասմիկ Բաբաջանյան
Հասմիկ Բաբաջանյան
Комментариев нет:
Отправить комментарий