Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Այսօր նախագահ Տեր-Պետրոսյանը դարձավ 68 տարեկան:
ԸՆԴՎԶՈՒՄ ԿԱՅՔԻ խմբագրակազմը լավագույն մաղթանքներով, ի սրտե շնորհավորում է Լևոն Տեր-Պետրոսյանին:
Նրա նախագահության օրոք նորանկախ Հայաստանը հաղթեց ծանրագույն պատերազմում ու վերջին 700 տարվա մեջ առաջին անգամ, դե ֆակտո, ընդարձակեց իր տարածքները, դիմակայեց ավերիչ երկրաշարժն ու տնտեսական ճգնաժամը, դարձավ Կովկասում ժողովրդավարության կղզյակ: Տասնամյա լռությունից հետո վերադառնալով մեծ քաղաքականություն` նախագահ Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ ինքը շարունակում է մնալ այն բացառիկ քաղաքական գործիչը, ով, փաստացի, արդեն ավելի քան 25 տարի Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողն է:
Այո, շատերն ասում են, որ նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը պատմությունն է տալու: Անշուշտ, պատմությունը դեռ տալու է այդ գնահատականը: Սակայն առաջին նախագահի բացառիկությունը դրսևորվում է նաև նրանում, որ նրա գնահատականը տվել և տալիս է ներկան` նրա ժամանակակիցները, ինչի վառ ապացույցն է ոչ միայն նրա առաջին նախագահության շրջանը, այլև 2008-ի նախագահական ընտրություններում նրա, ըստ էության՝հաղթանակն ու դրան հաջորդած տարիներին համաժողովրդական համակրանքն ու սերը:
Նրա բացառիկությունը նաև այն է, որ նա միակ քաղաքական գործիչն է, ով կարողացել և կարողանում է համախմբել ծայրահեղ հակադիր քաղաքական հայացքների տեր մարդկանց, նա միակ քաղաքական գործիչն է, որից քաղաքացիները քաղաքական փոփոխությունների ակնկալիք ունեն:
Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ:
Կենսագրություն
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիաներ, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մշակութային առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 և 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության և Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։
Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։
Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Եղել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։
Լևոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ և սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի և մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման և ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։
Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:
Տասնամյա լռությունից հետո նախագահ Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, 2008 թվականին առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, նրա շուրջ ձևավորվեց Համաժողովրդական շարժում, և ընտրություններում տարավ փաստացի հաղթանակ, որը, սակայն, կանխվեց առնվազն 10 քաղաքացիների սպանության և համընդհանուր բռնությունների շնորհիվ: Նրա գխավորած Համաժողովրդական շարժումը, սակայն, վերածնեց և վերածվեց Հայ ազգային կոնգրեսի, որն առայսօր շարունակում է իր պայքարը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ:
Комментариев нет:
Отправить комментарий