Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.01.2013

Ռետրո Մամուլ. «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF» - «Իմ Պայքարը»

Վազգեն Մանուկյանը վերջին 5 տարում լռել ու մի տեսակ չէր երեւում քաղաքական դաշտում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան տվեց Հանրային խորհրդի «նախագա»-ի պաշտոնը։ Եւ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հերթական անգամ հրատարակվեց նրա ձեռագիր «Ինչպե՞ս անել» քերթվածը, որ 1996 թ. հայտնաբերվել էր նրա գրասենյակում։ Վերջին օրերին, սակայն, Վ. Մանուկյանը կրկին սկսել է ինչ-որ անհանգստ շարժումներ անել, մտքեր արտահայտել... Չի բացառվում, որ նա այդ բանն անում է ոչ թե կամավոր, այլ, ասենք, ՍՍ-ի պահանջով՝ որպես փոխհատուցում իր աշխատասենյակի դռան վրա փակցված «ՆԱԽԱԳԱ Վ. Մանուկյան» ցուցանակի։ Մենք անկեղծորեն ուզում ենք օգնել, որ Վ. Մանուկյանը չխոսի։ Դա օգտակար է ինչպես իր, այնպես էլ` լսարանի համար։ Այդ մարդասիրական նպատակով վերահրատարակում ենք նրա հիշյալ «քերթվածի» մասին ուղիղ հինգ տարի առաջ տպագրված մի վերլուծական։

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ «MEIN KAMPF» - «ԻՄ ՊԱՅՔԱՐԸ»

«Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը
կարող է ընտրվել նախագահ» (Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Ստեղծագործությունը, որ դուրս է եկել Վ. Մանուկյանի գրչի տակից, ձեռագիր վիճակում է, առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Այն, անշուշտ, այլ կերպ է վերնագրած՝ «Ինչպես անել»: Բովանդակությամբ եւ էությամբ է, որ այդ գրվածքը կարելի է նույնացնել այն մարդու հայտնի ստեղծագործությանը, որի գերմանական ազգանունը փոքրատառով հաճախ օգտագործվում է որպես հայհոյական խոսք: Սակայն վերջինիս հայտնի «Մայն կամպֆ» գրքի նկատմամբ Վ. Մանուկյանի քերթվածը ունի էական մի տարբերություն: Գերմանացիների «ֆյուրերն» այն գրել ու հրապարակել է, մատչելի դարձրել բոլորին: Վազգեն Մանուկյանը գրել էր ինքն իր համար: Գուցե հետագայում` իշխանության գալուց հետո հրապարակեր՝ որպես քաղաքագիտական մտքի վերջին ճիչ, չգերազանցված մի վարդապետություն: Ի տարբերություն գերմանացիների, մեր բախտը բերեց այնքանով, որ հայկական «առաջնորդը» ժամանակին այդպես էլ իշխանության չհասավ:
Ընթերցողը, անմիջապես հիշելով Վազգեն Մանուկյանի «Համաշխարհային ազգի» տեսությունը, կարող է մտածել, թե այս «աշխատությունն» այն մասին է, թե ինչ ճանապարհով էր նա մտածում հայությունից միջազգային գործընթացների վրա ազդող «համաշխարհային ազգ» կերտել: Ավա՜ղ, դրա մեջ նրա այս գերագույն նպատակը մատնանշող գաղափարի նշույլն անգամ չկա: Այն ամբողջությամբ վերաբերում է մեկ խնդրի, այն է՝ «Ինչպես անել», որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, հասնի նախագահական աթոռի: Ընթերցողին օգնելու համար` ասենք, որ միայն սեփական անձի սպառման համար կազմված այս ստեղծագործությունը Վ. Մանուկյանը երկնել է 1995-ի խորհրդարանական ընտրություններից հետո եւ 1996-ի նախագահական ընտրություններից առաջ: Այսինքն, դա 1996-ին իշխանության հասնելու գործնական ծրագիր էր, դրա իրականացման մեխանիզմը: Հիշելով այդ տարվա իրադարձությունների մանրամասները` դժվար չի լինի կռահել նաեւ, թե այս ծրագրի հատկապես որ մասերն են հաջողվել գործողության մեջ դնել:
Սակայն միայն իշխանության հասնելու ծրագիր ու մեխանիզմ լինելով` չի ամփոփվում սույն գլուխգործոցի բովանդակությունը: Այն նաեւ մի հրաշալի ու մանրակրկիտ ինքնանկար է, որտեղ մեզ ծանոթ հերոսը երեւում է իր էության, մտածելակերպի, աշխարհայացքի, ներքին նկարագրի բոլոր կարեւորագույն մանրամասներով, մանրամասներ, որոնք նա հաջողությամբ սքողել է այս տարիներին£ Եւ բոլոր նրանք, ում թվում է, թե իրենք այս քսան տարվա նրա գործունեության շնորհիվ լիակատար կամ հիմնական գծերով ճանաչում են նրան, պետք է խորապես հիասթափվեն, անգամ՝ ամենաբացասական կարծիք ունեցողները:
Հարգելով Վ. Մանուկյանի` ժամանակին կատարած «տիտանական» մտավոր աշխատանքը եւ ստացած բացառիկ արդյունքը` մենք կաշխատենք հնարավորինս համառոտ լինել մեր հեղինակային մեկնաբանություններում ու գնահատականներում: Դրա փոխարեն առավելապես խոսքը կտանք հենց իրեն՝ սեփական դիմապատկերը կազմած հեղինակին: Նախ՝ որովհետեւ այդպես ավելի արժանահավատ կլինի ասելիքը, եւ երկրորդ՝ նրա մտքերի որեւէ այլ վերարտադրություն չի կարող ավելի պերճախոս լինել, որքան հենց իր ուղիղ խոսքը:
Ընթերցումը դյուրացնելու համար` ձեռագիր տեքստից մեջբերումները դրել ենք շեղ գրով: Ուղղել ենք միայն տառասխալները, շտկել կետադրությունը, իսկ լեզվական անկանոնությունը թողել ենք նույնությամբ:

«Գերմարդը»

Վ. Մանուկյանը մեծագույն հարգանք, պատկառանք, կարելի է ասել՝ պաշտամունք ունի սեփական անձի նկատմամբ, այնքան, որ ինքն իր մասին խոսում է միայն երրորդ դեմքով: Ոչ հաճախ հանդիպող, բայց հանրածանոթ հոգեբանական երեւույթ է սա, որ ընդունված է համարել շրջապատի համար ոչ վտանգավոր (երբեմն նույնիսկ՝ զվարճացնող) հիվանդություն: Շրջապատի համար` գուցե, բայց կարող է կործանարար լինի մի ողջ հասարակության կամ ժողովրդի համար, երբ նման մեկը, իր այս հիվանդությունն ինչ-որ կերպ քողարկելով, կարողանում է հասնել իշխանության: Դրանից հետո այն դրսեւորվում է իր ողջ վտանգավորությամբ ու կործանիչ ուժով: Հենց դրանից են ժամանակին անլուր տառապանքների մատնվել, օրինակ, գերմանացիներն ու իտալացիները՝ իրենց հանրահայտ «առաջնորդների» ձեռից:
Բայց խոսքը տանք իրեն՝ Վ. Մանուկյանին (կրկին հիշեցնելով, որ նրա խոսքը միշտ վերաբերում է 1996-ի նախագահական ընտրություններին նախորդած տարվան): Եւ այսպես, նա համարում է, որ ընդդիմության առաջին խնդիրը պետք է լինի իր անձի հեղինակության բարձրացումը.
«Ընդդիմությունից գոնե մեկը, երեւի Վ.Մ.-ն (Վազգեն Մանուկյանը), պիտի վաստակի ու հզորացնի իր հեղինակությունը Ազգային ժողովում, իհարկե, ընդդիմության քրտնաջան ջանքերով, այնպես, որ նրա նկատմամբ նյութվող ցանկացած դավադրությունն անգամ մերժվի իրենց իսկ կողմից՝ վախի սարսափով, դա դիտվի գերհամարձակ քայլ»:
Ապա առաջարկում է երկրորդ խնդիրը. բոլորին ներշնչել, որ ամենահեղինակավոր այդ մարդը նաեւ անբասիր է, ամենակարող, փրկության միակ ճանապարհն է.
«Վազգեն Մանուկյանն ունի հեղինակություն հանրապետությունում: Անհրաժեշտ է այս հեղինակությունն ավելի ընդլայնել, ամրապնդել այնքան, որ երկրի այսօրվա ու վաղվա կործանարար վիճակի փրկությունը տեսնեն նրա անմիջական կառավարման ու նախաձեռնության միջոցով: Այդ համոզումը պետք է տիրի թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում: Վազգեն Մանուկյանը իր ելույթները պետք է կազմակերպի ուղիղ եթեր տրվող հաղորդումների ժամանակ: Վ. Մանուկյանի պես անձնավորությունը իր քաղաքական եւ պետական գործունեության մեջ հանդեպ իր ժողովրդի պետք է լինի ազնիվ ու շիտակ, քանի որ հասարակությունը նրա վրա նայում է իբրեւ ավարտուն, պայքարում կոփված մարդ, մարդ, որը արժանի է նման պատասխանատու առաքելության, եւ այդ մարդն է, որ այս ժողովրդին կարողանա դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից: Չստացվի, որ արդյունքը չհամապատասխանի ստանձնած մաքրությանն ու պարզասրտությանը: Այդպիսի մարդը երկաթյա կամքի տեր է եւ անսասան»:
Եւ վերջապես՝ բոլորը պետք է սպասեն Վազգեն Մանուկյան-գերմարդու՝ «իսկական մարդ-իշխանի», «ազգի կամքի կրողի» գալստյանը:
«Սպասվում է այս դրամայի հերոսական մասին: Պիտի քաղաքական ասպարեզ իջնի իսկական մարդ-իշխանը: Նոր իշխանավորը չպետք է լինի կամակատար, այլ լինի ազգի կամքի կրողը»: Իրեն ազգի կամքի կրողի դերում պատկերացնող Վ. Մանուկյանն արդեն դիմում է ինքն իրեն. «Բացառված չէ, որ նորից ներթափանցեն պետական ու ազգային շահերի մտածողությունից զուրկ «գործարարներ», դավաճաններ: Զգո՜ւյշ»:
Իրոք որ, զգույշ պետք է լինել նման երեւույթներից:

Քստմնելի լրտեսություն. «գերմարդու» տեղեկատվական սպասարկումը

Վազգեն Մանուկյան-գերմարդը, բնականաբար, պետք է տարբեր բնագավառներում իրեն սպասարկողներ ունենա: Եւ առաջին հերթին նրան պետք էր հետախուզական, լրտեսական սպասարկում: Ըստ այդմ էլ նա ծրագրում է ունենալ վարձու լրտեսական լայն ցանց՝ իշխանական բոլոր մարմիններում եւ գործարար աշխարհում: Բայց չփորձենք վերապատմել կամ նկարագրել նրա այս քստմնելի ծրագիրը, եւ կրկին խոսքը տանք իրեն, քանզի իրենից լավ դա ոչ մեկը չի կարող անել:
«Ունենալ մեկին, որը պետք է օժտված լինի զարմանալի պետական, իրավագիտական ընդունակություններով: Ունենա խելացի ու ջանադիր աստիճանավորի հատկություններ, մարդկային հոգեբանության գիտնականի հատկանիշներ, մարդ, որը կարողանա գտնել յուրաքանչյուր երեւույթի ու դրված խնդրի լուծման բանալին, կարողանա պարզել ամենածածուկ, ամենամութ մարդու բոլոր խորագաղտնիքները, որը իր ձեռքում կուտակի բավականին օգտակար նյութեր՝ տեղեկանք ամեն մեկի մասին, ով էլ որ հանդիպի նրա ճանապարհին£ Այդ մարդը պետք է լինի ԱԺՄ-ի եւ հատկապես Վազգեն Մանուկյանի խորհրդատուն` անկեղծորեն ծառայելով այդ կազմակերպությանն ու արդարության գաղափարին: Նա պետք է կարողանա ճարպկորեն ձեռք գցել ուրիշների գաղտնագրերն ու նամակները, ունենա նրանց գաղտնի մտադրությունները կռահելու եւ իմանալու, փակ դռների ետեւն թափանցելու ընդունակություն եւ այդ բոլորի հետ միասին՝ անձնական նվիրվածություն: Նման մարդը ունենալու է իր գործակալները, որոնք կարողանան թափանցել ամենուր եւ ի մի հավաքել այն ամենը, ինչը անհրաժեշտ է: Գործակալներ ունենալ առաջին հերթին հենց՝ Լ.-ի (Լեւոնի), Բ.-ի (Բաբկենի), Հ.Բ.-ի (Հրանտ Բագրատյանի), Վ.Ս.-ի (Վազգեն Սարգսյանի), Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյանի), Վ. Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) եւ այլոց մոտ: Նրա աչքից չպիտի վրիպի ոչ մի դավադրություն, ոչ մի գաղտնի հանդիպում (բանակցություն)` սկսած պետական մեծ ու միջին պաշտոնյաներից մինչեւ ամենաշարքային պաշտոնյա եւ շուկայական մանր ու մեծ շեֆերի սարքած անկարգություններ: Մի խոսքով՝ աչքեր ու ականջներ՝ ամենուր:  Նա պետք է վարձատրվի»:
Եւ այսպես, Վ. Մանուկյանը 1996-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ որպես կարեւորագույն խնդիր դրել է հանրապետությունում ստեղծել վճարովի տոտալ լրտեսական ցանց, որը պետք է լրտեսեր Հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ «շուկայական մանր շեֆերը»: Իսկ լրտեսության ամենակարեւոր օբյեկտը, անշուշտ, պետք է լիներ երկրի առաջին դեմքը.
«Եթե Հանրապետության Նախագահը ունի գաղտնի պայմանագրեր, խոսակցություններ, որոնք հակադրվում են մեր ազգային ու պետական շահերին, հայտնաբերել այդպիսիք եւ հրապարակել ԱԺ-ի թեկուզ փակ նիստերում, եթե կարելի է, նաեւ մամուլում եւ հանրահավաքներում»:

Փողային մոլուցք

Փողը «գերմարդ» Վ. Մանուկյանի համար կարեւոր ֆակտոր է: Նրա համոզմամբ, նույնիսկ հայրենասիրության համար վճարամիջոց է այն: Իսկ հայրենասիրություն ասածն էլ այլ բան չէ, քան իրեն՝ Վ. Մանուկյանին աջակցելը: Հետեւյալ մտքից պարզ է դառնում, որ նա 1996-ին բազմաթիվ «ունեւոր բարեկամներից» փող է վերցրել՝ իշխանության գալուց հետո նրանց հողատարածքով կամ գործարանով փոխհատուցելու խոստումով.
«Ձեռք բերել ունեւոր բարեկամներ, որոնք կցանկանան (գուցե եւ պատրաստ են) իրենց գումարները դնել հանուն հայրենիքի պետականության կայացմանն ու հզորացմանը, իհարկե, փոխհատուցման պայմանով, բայց ոչ մեր օրերում տիրող փոխհատուցումը: Այդպիսի մարդիկ, ասենք, կստանան հողակտորներ կամ գործարան եւ կձեռնարկեն իրենց ցանկալի արտադրությանը»:
Նրա համար վճարովի է ոչ միայն հայրենասիրությունը, այլ նաեւ ազնվությունը, եթե, իհարկե, դա ծառայելու է իր անձին.«Պայքարի մեջ ներգրավել ներքին մղումով արդարությանը նվիրված մարդիկ, որոնք չգայթակղվեն նյութականին եւ պաշտոնին չծախվեն: Պայքարում հանդես բերեն անվերապահ հնազանդություն հանուն արդարության, անողոք կեղծիքին: Պայմաններ ստեղծվի` նման մարդկանց նյութական (գոնե) մինիմումը ապահովելու համար»:
Ինչպես եւ հայտնի Օստապ Բենդերը, Վ. Մանուկյանը եւս գիտի փող աշխատելու բազմաթիվ տարբերակներ: Ինչպես այս, այնպես էլ ցանկացած մեջբերման դեպքում, եթե ընթերցողը թերահավատություն կունենա, կարող ենք հրապարակել ձեռագրի համապատասխան հատվածի լուսապատճենը: Ահա այդ միջոցներից մի քանիսը.
ա) «Մեծ բազմություն հավաքագրելու համար կազմակերպել միջոցառումներ, քաղաքներում, ասենք, արջ խաղացնողներ, առյուծ ու վագր ման տվողներ, ձեռնածուներ, որոնք մեծ թվով մարդկանց կբերեն Թատերական հրապարակ: Գյուղերում ու ավաններում՝ նույն բանը, ավելացրած նաեւ լարախաղացներ, երաժիշտներ… Այդ միջոցառումներ կատարող մարդիկ գիտեն, որ իրենք ծառայում են հենց ցանկալի նպատակի: Գոյացած գումարների որոշ մասը կգնա համապատասխան նպատակների(այսինքն՝ Վ. Մանուկյանի նախագահ դառնալու գործին-հեղ.) ծախսման համար»:
բ) «Որոշ գումար կուտակելուց հետո դնել գործի մեջ (մեծածախ առեւտուր), որից ստեղծվի մեծ գումար՝ մեծ նպատակների համար: Ընդգրկել մարդիկ, որոնք տիրապետում են հնարավորի արվեստին»:
գ) «Դարձյալ ֆինանս ձեռք բերելու մասին. կազմակերպել վիճակախաղի եւ (կամ) սպրինտի նման մի խաղ… շահույթը օգտագործել իր նպատակին: Զարգացնել այս...»:
դ) «Ես գիտեմ մեկին (անվանապես չեմ ուզում գրել), որը ստեղծել է իր անհատական ձեռնարկությունը… Եթե ԱԺՄ-ն կարողանա հսկողություն դնել այնպես, որ հարկահանները այդքան չանհանգստացնեն այդ մարդուն եւ նրանից անհարկի չկորզեն գումարներ, համոզված կարող եմ ասել, որ այդ մարդը կմիանա ԱԺՄ-ին եւ կֆինանսավորի նրան, կֆինանսավորի անհարկի (ուզում է ասել՝ չհարկված-հեղ.) գումարների հաշվին եւ գուցե մի բան էլ ավելի, եթե համոզվի ԱԺՄ-ի գործունեության ազնվությանը»:
Ահա սա է շուրջ 2 տասնամյակ ամենուր ու ամեն օր օրենքից, օրինականությունից, արդարությունից խոսող մարդու իրական կերպարը, նրա վերաբերմունքը պետության եւ օրենքների նկատմամբ: Ինչպես տեսնում եք, քաղաքական գործունեության համար փող աշխատելու նրա մատնանշած բոլոր ձեւերը ապօրինի են, հանցավոր, նաեւ անբարո:

Դավադրություն. ինչպես քայքայել թշնամուն

«Գերմարդու» ծրագրով՝ հաջորդ խնդիրը հակառակորդի շարքերը քայքայելն է: Ու, ինչպես նախորդ դեպքերում, Վ. Մանուկյանի էրուդիցիան ու հնարամտությունը սահմաններ չունի: Այդ խնդիրը լուծելու ծրագիրը, որ կներկայացնենք ստորեւ, կարծես ոչ թե սեփական երկրում քաղաքական հակառակորդի դեմ պայքարին է վերաբերում, այլ կազմված է հատուկ ծառայությունների կողմից՝ թշնամի երկրի իշխանության դեմ, որի հետ պատերազմի մեջ է գտնվում: Ահա այն.
ա) «Ազգային ժողովի կրքոտ վեճերի պահերին նետել նրանց գաղտնիքը հայտնաբերող ֆրազներ՝ այնքան համոզվածությամբ, որ շփոթ ու վախ ներարկի նրանց մեջ, առաջացնի կասկածանքներ: Նման ֆրազներով ջլատելով նրանց միասնությունը: Ընդդիմությունը կվաստակի «բարեկամներ», որոնք կփորձեն ընկնել ընդդիմության հովանավորության տակ: Իսկ այդպիսիք արդեն գործիք են: Եթե նետված ֆրազներից նրանց միջեւ կայանա հայացքների թեկուզ լուռ փոխանակում, նշանակում է` հարվածը ճիշտ էր եւ հասել է իր նպատակին, նշանակում է՝ այն պետք է աստիճանաբար զարգացնել` գործի դնելով գաղափարական տակտիկական զենքը»:
բ) «Ստեղծել հակադրություն Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի միջեւ: Թող որ ՀՀՇ-ի, «Հանրապետություն» բլոկի կողմից հարձակումները շատ լինեն ընդդիմության դեմ, վախենալու ոչինչ չկա»:
գ) «Առաջարկել Ազգային ժողովում ստեղծել մի խորհուրդ կամ նման մի բան, որի ֆունկցիան լինի հատուկ հարցերի քննարկումը (ուզում է ասել՝ որի ֆունկցիան լինի միայն հարցերի քննարկումը-հեղ.), որոշումների նախապատրաստումը, հետագայում, ընդլայնված նիստում քննարկելու պատրվակով: Դա կլինի մի օղակ, որը սեպ կխրի հենց իրենց՝ «Հանրապետություն» բլոկի անդամների մեջ (նման դեպքերում ընդդիմությունը կլինի ձեռնպահի դիրքում)»:
դ) «Կատարել առաջարկներ, որը գրգռի նրանց նյարդերը, դուրս բերի ափերից, ընդհուպ միմյանց նկատմամբ տուրուդմբոց (հատկապես դա հեշտ է, քանի որ նրանց կապում է շահը)»:
ե) «Բ.-ի (Բաբկենի), Վ.-ի (Վազգենի), Հ.-ի (Հրանտի), Վ.Ս.-ի (Վանո Սիրադեղյանի) կամ մեկ այլի խելքին հասցնել, որ ինքը արժանի է Հանրապետության նախագահի պոստին, եւ թող փորձի իր թեկնածությունը առաջադրել...»:
զ) «Գործի նկատմամբ չպետք է լինի անտարբերության նշույլն անգամ, քանի որ անտարբերության ու ծուլության դեմ պայքարի ոչ մի զենք չկա: Փոխարենը՝ անտարբերության, ծուլության, երերալու, անվճռականության հատկանիշներ առաջացնել նրանց մեջ: Թերեւս դա պայքարի լավագույն զենքերից մեկը կլինի»:
է) «Պայքարի թատերաբեմ բարձրացած անհատ լինի թե կուսակցություն, անգամ հասարակություն, եթե սկսի մտածել իր հնարավոր վտանգի մասին, ապա օգտակար ոչինչ չի անի: Ուրեմն բոլորս դեպի ակտիվ պայքար` արհամարհելով ամեն մի ենթադրյալ վտանգ (հաշվի չառնել ոչ մի վտանգ)… Կարելի է կիրառել հակառակորդին մաս-մաս անելով ծնկի բերելու տակտիկան, այն է՝ ԱԺ-ում ստեղծել խմբակցություններ եւ նրանց հանել միմյանց դեմ եւ ջախջախել առանձին-առանձին»:

Գեբելսի հոգեզավակը

Հաջորդ խնդիրը եղել է իշխանության եւ ժողովրդի մեջ արհեստական հակադրություն ստեղծելը, դժգոհություն հարուցելը: Դրա համար Վ. Մանուկյանը հանձնարարում է հետեւյալ մեխանիզմները եւ մեթոդները.
ա) «Հանդես գալ առավել համարձակությամբ ու կրքոտությամբ՝ պահպանելով խոսքի հանգիստ ու համեստ տոնը, առանց ջղաձգության, առանց կոկորդ ճղելու… հանդարտ, սթափ, ինքնավստահ, հիմնված զուտ իրական փաստերի վրա, վեր բամբասանքայնությունից, զերծ մելամաղձությունից, կտրո՛ւկ ու կրքո՛տ»:
բ) «ԱԺՄ-ի ելույթները լինեն զուտ գործնական բնույթի: Վատ չէր լինի, որ մի քիչ, փոքր դոզայով ՎցՋՌՍ-ային բնույթ կրի, այսինքն՝ խոսքը բխի ե՛ւ գյուղացու, ե՛ւ բանվորի, ե՛ւ ինտելիգենցիայի ու մտավորականության հոգուց: Կարծում եմ, որ դա ավելի հեշտ ճանապարհ է»:
գ) Ստեղծել վերլուծաբանների խումբ, որը հարցեր ու նյութեր կնախապատրաստի իր, Ա. Սադոյանի, Դ. Վարդանյանի համար: Իրենք դրանք կհնչեցնեն խորհրդարանում. «Առաջ քաշած հարցերի ու պահանջների մեջ լինել վճռական: Ելույթները լինեն այնքան համոզիչ, որ լեւոնականների մոտ ստեղծվի տպավորություն ընդդեմ իշխանությունների մարդկանց: Այդպես մեկ-մեկ եւ հաճախակի, այնքան ու այնպես, որ իրենք վճռեն իրենց հարաբերությունները հայրենիքի ու ժողովրդի հետ»:
Այստեղ հիշենք գեբելսյան հայտնի ասույթը. «Կրկնի՛ր սուտը հազար անգամ, եւ այն կընդունվի որպես ճշմարտություն»: Եւ հիշենք, թե ինչպես հենց այս մարդկանց կողմից, հազար անգամ կրկնվելով, «ճշմարտություն» դարձան «մութն ու ցուրտը», «մազութ լափելը», «հոսանքը հողանցելը», «թալանը» եւ այլն: Այսինքն՝ կարելի էր Գեբելսին իրավացիորեն համարել Վ. Մանուկյանի հոգեւոր հայր, սակայն քիչ հետո կտեսնենք, որ, այնուամենայնիվ, «մերն ուրիշ է», եւ Վ. Մանուկյանը նրանից շատ ավելի առաջ է գնացել՝ բացարձակ դավաճանության: Բայց առայժմ շարունակենք մեջբերումները:
դ) «Կրիտիկական պահերին ելույթները հնչեցնել ինքնաբերաբար դասավորվող խոսքերով: Դրանք այն պահերն են, երբ դիմացինը լիովին կամ մասնակի շանթահարված է, արդարանալու ուղիներ է փնտրում: Ելույթներում դավադրությունը հիշեցնող ո՛չ մի ակնարկ չանել (լավ կլինի այն դուրս «քաշել» նրանց բերանից): Նման ելույթները ոգեւորում են համախոհներին եւ վաստակում համախոհներ: Պայքարի այդ ձեւը զարգացնել այնքան, որ Ազգային ժողովը նույնիսկ դիմի ինքնալուծարման: ԱԺՄ-ի կողմից հայրիկյանական ոճի եւ տրամաբանության տիպի ելույթներին կտրուկ արգե՛լք»:
ե) «ՀՀՇ-ական պատգամավորների միջոցով ԱԺ-ի նիստում առաջարկություն մտցնել սեղանիկներից, փողոցային ու շուկայական առեւտրականներից, խանութներից շահութահարկ գանձելու մասին, նույնիսկ քվեարկել դրա օգտին: Նրանց կողմից արված ամեն մի հակաժողովրդական առաջարկ թաքուն խրախուսել»:
զ) «Հանրահավաքներում խոսել ժողովրդի լայն զանգվածի լեզվով, հասկացնել, որ ժողովրդի գերեզմանափորներ Լեւոնն ու իր թայֆան պետք է իրենց ճիշտ տեղը լինեն»:

Սոցիալական դեմագոգիան որպես զենք

Ոչ հաճախ, սակայն Վ. Մանուկյանը խոսում է նաեւ «ժողովրդի, նրա տարբեր խավերի մասին»: Սակայն, ի տարբերություն նրա հրապարակային ելույթների, որտեղ այդ «ժողովուրդը նրա միակ մտահոգության առարկան է», այստեղ բոլորովին այլ է: Ինչպես ամեն բան, «ժողովուրդը» նույնպես նրա համար ընդամենը միջոց է, գործիք, սպառելի հումք՝ իր գերագույն նպատակին՝ իշխանության հասնելու համար: Այսինքն՝ նա սովորեցնում է, թե ինչպես պետք է սոցիալական դեմագոգիայի միջոցով ճանապարհ հարթել.
ա) «Առաջ քաշել եւ ընդունելի դարձնել այնպիսի որոշումներ, որ լինի լայն հասարակայնության սրտովը… Այդ ձեւով ընդդիմությունը քայլ առ քայլ ձեռք կբերի կայուն ուժ (կայուն հիմք), լուրջ հայտ ներկայացնող ուժ, որի դեմ իրենց կամքին հակառակ պետական բարձրաստիճան այրերը հաշվի կնստեն»:
բ) «Բնակչության մեջ համոզմունք ստեղծել երկրի ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման, հումքի չարտահանման, դրանց անտեղի վատնման փաստերի մասին: Անընդհատ խոսել չմշակված հողատարածքների, չորացած այգիների, անասնապահության անկման, արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու մասին»:
գ) «Դեմ լինել գյուղատնտեսական մթերքների արտադրության շահութահարկին՝ գյուղացիությանը գրավելու համար»:
դ) «Գուցե ստեղծել «չգիտակցողների» կամ «չըմբռնողների» կազմակերպություն, եւ նրանք էլ առաջադրեն իրենց թեկնածուներին: Ո՞վ գիտի, գուցե այդ «չըմբռնողները» ավելի լավ «ըմբռնողներ» են»:
ե) «Ստեղծել քաղաքական մրցակցության կազմակերպություն (ընդհատակյա)` ինչ-որ մեկի գլխավորությամբ (կամ նրա հսկողության ներքո): (Ի՞նչ իմաստով՝ էությունը մոռացել եմ, պիտի հիշել): Գուցե այդ կազմակերպությունը լինի ԱԺ-ում, ոչ ընդհատակյա»:
զ) «Կա գործազուրկների հսկա բանակ, բայց չկա գործազուրկների շարժում: Ուրեմն՝ ստեղծել գործազուրկների կոմիտե կամ կազմակերպություն, որն էլ կկազմակերպի գործադուլավորների շարժում… Նաեւ ԱԺ-ում առաջարկություն մտցնել գործազուրկների հանձնաժողով ստեղծելու համար: Կարծում եմ, որ դա վայնասուն կստեղծի իշխանավորների շրջանում»:
Վ. Մանուկյանը համոզված է, որ այս կերպ հնարավոր կլինի հասնել հեղաշրջման, նույնիսկ հեղափոխության անհրաժեշտության գիտակցմանը: Ահա, 1996 թվականի սեպտեմբերի 25-ից ամիսներ առաջ արդեն հղացել էր հեղաշրջման կամ հեղափոխության պլանը: Վ. Մանուկյանին դեռ հավատացողները կարող են հիանալ. նախընտրական պայքար ծավալելու համար` նա մտածում էր ընդհատակյա կազմակերպություններ ստեղծել:

Դեւը. դիվային ծրագրեր, մերկ դավաճանություն

Արդեն իսկ նախընթաց մեջբերումներից ընթերցողը պետք է որ արդեն շատ չհամարի այս վերնագրի բնորոշումները եւ նախապատրաստված լինի Վ. Մանուկյան երեւույթի կուլմինացիային, որ կներկայացնենք ստորեւ: Կրկին հիշեցնենք պարզապես, որ ստորեւ նախանշված ծրագրերը նույնպես վերաբերում են 1996-ի նախընտրական տարվան եւ Վ. Մանուկյանին նախագահ դարձնելու գինն են։ Եւ այսպես, թող փորձի որեւէ մեկը դիվայինից բացի այլ որակում տալ նրա հետեւյալ նախընտրական գործողությունների ծրագրին.
«Կարելի է կատարել, այսպես կոչված, հոգեբանական հետախուզություն «Հանրապետություն» բլոկի պատգամավորների շրջանում: Այսինքն, ելնելով պահի իրավիճակից, նրանց միջեւ այս կամ այն վիճահարույց հարցի քննարկման ժամանակ նրանց հետ վարել տակտիկական (քիչ էլ դիվանագիտական) զրույց առանձին-առանձին, հանդես գալ արբիտրի դերում: Արբիտրը ենթադրում է երկպառակություն, եւ այն դեպքում, որում դուք գտնվում եք երկու պատգամավորների կամ երկու խմբակցությունների միջեւ, որոնք դժվարությամբ են իրար հարմարվում, ձեր առաջին հոգսը պետք է լինի, որ սկզբից բորբոքեք նրանց մեջ նախանձ, վրդովմունք, նույնիսկ որոշ վեճ, աշխուժացնեք այն, վերջապես ձեր միջնորդությունը անհրաժեշտ դարձնեք: Պետք է գժտեցնել այն մարդկանց, որոնց ուզում են հաշտեցնել. նրանք լավ տվյալներ ունեն, որպեսզի ատեն միմյանց եւ ինֆորմացիա տան ձեզ: Օգտագործեցեք դա, որպեսզի հասնեք այնպիսի վիճակի, որը ձեզ (վերջին հաշվով՝ մեզ բոլորիս) ձեռնտու է: Ձեր ներսից պիտի ընտրեք այդպիսի խնդիրներ ստեղծող վարպետին, որը վարպետորեն տանի այդ դերը»:
Կամ՝ փորձեք այլ կերպ, քան որպես մերկ պետական դավաճանություն գնահատել Վ. Մանուկյանի մտքի հետեւյալ փայլատակումները.
«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով: Այդ բոլորը կատարվի այնքան վարպետորեն, որ իրենց շարքերում ստեղծի փոխադարձ անվստահությունն ու կասկածը: Կա աննկատ պայթեցման տարբերակ...»:
Եւ վերջապես՝ ամենասարսափելին. այս մոլագարը 1996-ի իր նախընտրական գործողությունների ու միջոցառումների թվում նախատեսում էր Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի եւ Հայաստանի վրա եւ դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում.
«Կարելի է նաեւ աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»:
Երբ ոմանք ասում են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, անշուշտ, հենվում են հենց այնպիսի օրինակների վրա, ինչպիսին Վազգեն Մանուկյանն է, որ դրա ոչ միայն օրինակը, այլ չգերազանցված մարմնացումն է:
Բայց սա ամբողջը չէ: Նրա հիվանդ ուղեղից ծնված մի քանի, ինչպես ինքը կասեր, «ֆրազներ»-ի եւս պետք է անդրադառնալ՝ Վ. Մանուկյանի իրական դիվային կերպարի մանրամասներն ամբողջացնելու համար: Նրա համոզմամբ, եվրոպացի քաղաքական գործիչները իրենց ժողովուրդներին, ճիշտ է, հասցրել են քաղաքակիրթ մակարդակի, սակայն «նրանց պետական ու քաղաքական այրերն էլ պակաս սրիկաներ չէին»: Եւ համարում է, որ մենք էլ (այսինքն՝ ինքը) դա կարող ենք անել՝ «ազնիվ սրիկայության գնով անգամ»: Այսինքն` կարծես թե գիտակցում է, որ իր արածը սրիկայություն է, բայց քանի որ ինքն է անում, դա ազնիվ սրիկայություն է: Մի երկրորդ «ֆրազ» ամրապնդում է այս դրույթը. «Անգամ հանցագործության մեջ մեծերը մեծ են մնում»: Այսինքն՝ նա համարում է, որ ինքը որպես «մեծ» կարող է գործել ցանկացած հանցագործություն, եւ դա ամենեւին չի խանգարի, որ ինքը «մեծ» մնա: Եւ եթե ինքը «մեծ» է, թեկուզ՝ հանցագործ, ազնիվ է, թեկուզ՝ սրիկա, ուրեմն` կարող է նաեւ դիկտատոր լինել: Որովհետեւ իր դիկտատուրան միայն օգուտ կբերի. «Անգամ եթե երկիրը ներքաշված է դիկտատուրայի գիրկը, այնտեղ անպայման պետք է երեւա 1-ին հերթին հայրենիքի (երկրի) օգուտը»: Խաբեբայություն է եղել նաեւ այն, թե այս մարդը կառավարման խորհրդարանական ձեւի կողմնակից է: Իշխանություն ունենալուց հետո նա առաջինը պետք է ոչնչացներ հենց խորհրդարանը՝ այն դարձնելով իրոք դակիչ մարմին. «Օրենսդրական մարմինը իրավունք ունենա քվեարկելու օրենքները, բայց ոչ քննարկելու, այսինքն` ընդհանուր նիստերում նրանք չպետք է քննարկեն օրենքները»:

* * *
Բայց սա էլ դեռ բարձրակետը չէ: Կա այս ամենի վավերականությունը հաստատող կլոր կնիքը՝ գրված ու դրված իր՝ Վ. Մանուկյանի ձեռքով: Այն, մի կողմից, բացառիկ ցինիզմով արված ինքնախոստովանություն է, մյուս կողմից՝ սեփական ժողովրդի հասցեին ուղղված անպատկառ հայհոյանք. «Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել նախագահ»: «Մազոխիստների հասարակությունը» Հայաստանի ժողովուրդն է, «սադիստ» կոչում է ինքն իրեն: Ահա սա էր 1996-ին նրա կրեդոն: Այս համոզմունքով ու գաղտնի պլատֆորմով նա մասնակցեց նախագահական ընտրություններին: Սրան արդեն մենք դժվարանում ենք թղթին հանձնելիք որեւէ գնահատական կամ որակում տալ: Թո՛ղ դա անի ընթերցողը՝ օգտվելով հազվադեպ ու ոչ ամեն տեղ գործածելի իր բառապաշարից:
Ահա, Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի անունից տարիներ շարունակ ճամարտակող, նրանց շարունակ քծնող, այս մոլագարի իրական, դիվական դեմքը: Եւ ակամա սարսափում ես, որ այս դեւը ինչ-որ պահի կարող էր հասնել երկրի կառավարման ղեկին:


Դեսերտ

Դժվար է մարսել ծանր այս «ճաշը» առանց դեսերտի: Ուստի մեր համբերատար ընթերցողին որպես դեսերտ մատուցենք «համաշխարհային ազգի» ճարտարապետի բացառիկ անգրագիտությունը ցուցադրող ուղղագրական եւ այլ սխալների հետեւյալ ցանկը՝ (փակագծում տալիս ենք ճիշտ ձեւը):
Ավաներում (ավաններում), անկիրթություն (անկրթություն), անհարկի գումարներ (չհարկվող գումարներ), անցիալի (անցյալի), առայժմս (առայժմ), առատավոր (արատավոր), առեւտրականերից (առեւտրականներից), արծարձել (արծարծել), առհամարանք (արհամարհանք), բարօրություններից զուրկ (այս բառը երեք անգամ օգտագործում է «առաքինություն» բառի փոխարեն), գործնեություն (գործունեություն), ընդիմադիր (ընդդիմադիր), ընդիմություն (ընդդիմություն), թաթերական (թատերական), թեր է (թերի է), Թեյրան (Թեհրան), թոխ որ (թող որ), թույլություն (թուլություն), արջ խաղցնողներ (արջ խաղացնողներ), խառնվացք (խառնվածք), խոսաքցություններ (խոսակցություններ), հարկադրում (հարկում), վճարելավելումով (վճարել հավելումով), հարկերի հաստիքաչափեր (հարկերի դրույքաչափեր), հարկահաները (հարկահանները), մելամաղձություն (մելամաղձոտություն), յուրորինակ (յուրօրինակ), նշյուլ (նշույլ), շահույթային (շահութային), շահույթահարկ (շահութահարկ), շուտություն (հայերենում չկա նման բառ), շփոտ (շփոթ), որպիսի հասնեք (որպեսզիհասնեք), պաշտոնյաններ (պաշտոնյաներ), սեփականաշնորման (սեփականաշնորհման), ցնցունային (ցնցումնային), քախանել (քաղհանել), քվյարկել (քվեարկել), օրօրոց (օրորոց):


«Հայկական ժամանակ», 15.12.2007

Комментариев нет: