Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.01.2013

Արմատական «երկխոսացվածները»

Երբ տղամարդը կորցնում է արժանապատվությունը

Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, բայց դրա շունչը չի զգացվում։ Քաղաքական պայքար որպես այդպիսին չկա, քանզի իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցներ կոչվածները Սերժ Սարգսյանի «ֆեյքերն» են և հետևաբար՝ չեն ընդվզելու ընտրակեղծիքների դեմ ու սպասելու են իրենց խրախուսական մրցանակներին՝ ի վերջո հայտնվելով խաբված ավանդատուի կարգավիճակում։
Մինչև նմանատիպ «հովվերգական» պատկեր ստանալը՝ Բաղրամյան 26–ն ահագին ջանքեր էր թափել։ Մանրամեծածախ գներով «երկխոսացվել» էին ով պատահի և երբ պատահի։ Խնդիրը հետևյալն էր՝ թույլ չտալ ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ– «Ժառանգություն» քառյակի միջոցով միասնական դաշտի և միասնական դիմադրության ձևավորում։
Որպես կուսակցություն առաջինը «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափից պոկվեց «ժառանգությունը», որը քառյակի թույլ օղակն էր։ Դա տեղի ունեցավ ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես չդիմացավ առերեսմանը և հասարակության թիկունքում կնքվեց առաջին հակակոնսոլիդացիոն համաձայնությունն իշխանության հետ։
«Ժառանգության» ղեկավարին թվաց, թե ինքը «շուստրի» է ու գործարքի գնալով խորհրդարանական տեղերի մասով՝ հետագայում կարողանալու է առավելագույնը քաղել և նախագահական ընտրությունների ժամանակ բարենպաստ դիրքում հայտնվել։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «Ժառանգության» արածը գեղամյանությունէր, և հիմա Րաֆֆին ընդամենը կատարում է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի համար մրցակցային ֆոն ապահովելու մանր դերը։
ՀՅԴի վերնախավը չհավատաց համատեղ ուժերով իշխանափոխության հասնելու հնարավորությանն ու «ա լյա»Րաֆֆի Հովհաննիսյան գերադասեց Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնելու տարբերակը։ Թե ինչ ստացվեց այդ ամենի արդյունքում, բոլորն են տեսնում։   
Ինչ վերաբերում է ՀԱԿի նկատմամբ իշխանության գրոհներին, ապա դրանք  սկսվեցին Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից հետո։  Սարգսյանի շրջապատը լրջորեն անհանգստացած էր ԲՀԿի ռեսուրսի և ՀԱԿի «փողոցային» ազդեցության համադրման հեռանկարից։ Այդ հեռանկարից խուսափելու նպատակով նախագահականը հայտարարեց «բաց դռների» քաղաքականություն։ Սկսվեց «մեծ երկխոսացման» ժամանակաշրջանը։
Ուշագրավն այն է, որ նրանք, ովքեր ՀԱԿի ներսում դժգոհում էին քաղաքագիտական վերլուծությունից, որդեգրում էին արմատական ու հեղափոխական հռետորաբանություն, սակայն փաստացի խաղում էին Սերժ Սարգսյանի կողմից։ Այսինքն՝ մենք գործ ունենք արմատական «երկխոսացվածների» հետ։ Նրանց շարքին կարելի է դասել՝
ա.«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, ով խոստացավ ՀԱԿից դուրս գալ ու փողոցը գրավել, բայց հայտնվեց սերժամետ կայքերի էջերին և պայքարեց ԲՀԿի ու ՀԱԿի դեմ (ի դեպ, պայքարից ազատ ժամանակ և հանգստյան օրերին Արամն իր տանն ընդունում ու ճանապարհում էր «ավազակապետության» կարկառուն ներկայացուցիչներին),բ.Դավիթ Շահնազարյանին, ով իր «երկխոսացվածությունը» հիմնավորեց իբր չարյաց փոքրագույն Սերժ Սարգսյանի օգնությամբ «ռուսամետ» ԲՀԿի ու ՀԱԿի դեմ պայքարելու «վեհ» գաղափարով,
գ. Նիկոլ Փաշինյանին, ով հեղափոխական կոչերի քողի տակ, ըստ էության, պաշտպանեց և «գաղափարական» հիմնավորումներ տվեց իշխանությունների բոլոր նախաձեռնություններին (Օսկանյանի «գործ», հակաբարգավաճական ու հակակոնգրեսական քարոզչություն և այլն)։
Այդ պայմաններում բնական էր, որ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է հրաժարվեին նախագահական ընտրություններին մասնակցելուց, քանզի գրեթե ամբողջությամբ ծախված քաղաքական վերնախավով և արմատական «երկխոսացվածներով» հնարավոր չէր պայքարել իշխանության դեմ ու դրական արդյունք արձանագրել։  
Թե ինչ կլինի այս ամենից հետո և ինչպիսի գործընթացներ կսկսվեն «նախագահական ընտրություններ» կոչված միջոցառումից հետո, այլ հոդվածի թեմա է։


Կորյուն Մանուկյան 7or.am

Նկարների  հեղինակ՝ Վարպետ Օնիկ

Комментариев нет: