Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

05.11.2012

Հուլիսյան օրը, հայրն ու նախագահը

Հուլիսյան ամենաշոգ օրը աղջիկը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել: Յոթ տարեկան նրա աչքերը փախչելու տեղ չէին գտել և սկսել էին քայլել: Քաղաքի տաք ասֆալտը նրա ոտքերը չէր այրում: Երկու տարի է՝ նա հորն էր փնտրում, և այդ օրվանից ջերմությունը նրա համար երբեք  ավելորդ չէր: Երկու տարի է՝ նա ամեն օր ջերմություն ուներ. բժիշկներն ասել էին՝ հորը գտեք, մայրը կեսբերան ասել էր՝ կգա, բայց չէր եկել, և հիմա յոթ տարեկան, մշտապես ջերմություն ունեցող և մշտապես մրսող նրա ոտքերը որոշել էին ինքնուրույն գտնել հորը: Իրեն լցված աչքերով ասել էին, թե հայրը երկրից գնացել է աշխատելու, նրան տարբեր երկրներից  են հրավիրել  և նրա կարիքը այնքա՜ն շատ են զգացել եվրոպական այդ երկրներում, որ նա չի էլ հասցրել որեւէ մեկին ցտեսություն ասել և հիմա էլ այնքան զբաղված է, որ անգամ զանգել չի կարող: Ինքը զարմացել էր. մտածել էր՝ չլինի՞ հայրը Լուսին է թռել. ախր իր հայրը դժվար թե էդպես հանկարծ վեր կենար ու գնար: Հետո, երբ դպրոցում հորից էին հարցրել, պատմել էր նրա անհետանալու մասին, և դասընկերներն ասել էին, որ իրենց հայրերն էլ են գնացել դրսերում աշխատելու, բայց զանգում են, անգամ սկայպով են խոսում. նրանց դրսերում հեռախոս կար, իսկ իր հոր դուրսը մի քիչ շատ էր ուրիշ. հեռախոսն ինչ է՝ դա էլ չկար:

Աղջիկը հոգնել էր հորը հեռախոսի կամ համակարգչի մոտ սպասելուց. առավոտ շուտ տնից դուրս էր եկել, Մասիվից հասել  Զեյթուն, հետո քայլել Կոմիտասով, հասել Բաղրամյան ու նրա սիրտ նախագահական: Կանգնել էր ու տեսել էր, որ դա նախագահականն  է: Հետո հիշել էր՝ հայրն ասում էր, որ իսկական նախագահը ամեն ինչ իմանում է, բոլոր հարցերին պատասխանում, բոլորին օգնում: Հայրը հեքիաթներ էր պատմում նախագահների մասին և լռում թագավորների մասին: Հայրը երբեք չէր խաբում, եւ աղջիկը մտածեց, որ նախագահը իսկական կլինի, ինչպես հոր պատմած հեքիաթներում, ու հոր տեղը կասի, եթե չգիտի՝ կգտնի, կասի, ինքն էլ վազելով տուն կգնա ու բոլորին կուրախացնի: Հորը համարյա գտածի ուրախությամբ աղջիկը մոտեցավ նախագահականի դարպասներին: Առաջին անգամ էր այդքան մոտ նախագահի աշխարհին. փոքրիկ աղջիկը կանգնել էր նախագահի մեծ աշխարհին դեմ դիմաց եւ մինչ մտածում էր՝ ոնց ներս մտնի, մի քանի ոստիկան վտանգ տեսած մարդու պես մոտեցան աղջկան ու հարցրին.
-Ի՞նչ ես ուզում:
-Նա-նա-նախագահին եմ ուզում տեսնել,- ոստիկանների շփոթմունքից զարմանալով ու կարկամելով՝ ասաց աղջիկը:
-Հիմա էլ քե՞զ են ուղարկել նախագահի աթոռը ջարդելու. մենք հազիվ ենք հասցնում նորոգել, իսկ սրանք ամեն օր մի նոր մարդու են ուղարկում. գնա՛ էստեղից:
-Ես… ես…հորս տեղն եմ ուզում իմանալ. պա-պապայիս եմ կորցրել, պապայի՛ս: Նախագահը չգիտի՞, չգիտի՞ նրա տեղը նախագահը. նա պիտի իմանա. պապաս ասում էր, որ նա ամեն ինչ գիտի:
-Նախագահը զբաղված է, նախագահը չգիտի, նախագահը նստած է աթոռին ու չգիտի:
-Նախագահը մեծ աթոռ ունի, մեծ դարպասներով աշխարհ ու չգիտի՞:
-Ոչինչ չես հասկանում, շատ համառն ես. նախագահը մանր-մունր բաներով չի զբաղվում. նա դրա համար չէ, նա կարեւոր գործեր ունի: Անցիր դիմացի մայթ, էնտեղ էլ իրար կորցրած մարդիկ կան, հորդ էնտեղ չես գտնի, բայց հորդ փնտրողներին  գուցե գտնես:
Աղջիկը անցավ դիմացի մայթ: Մեքենաներից մեկը հանգիստ կանցներ նրա վրայով, եթե անցորդներից մեկը չհասցներ մի կողմ քաշել նրան. վարորդը անհանգստանալու փոխարեն գոռգոռաց աղջկա վրա, որ զգույշ չի քայլում, իսկ աղջիկն իրականում ճիշտ տեղով էր անցնում փողոցը: Նա մի կերպ հասավ դիմացի մայթ, որտեղ կանգնած էին կանայք ՝ ձեռքներին տղամարդկանց նկարներ. կանայք տխուր էին, իսկ տղամարդիկ ժպտում էին լուսանկարներից: Լուսանկարների շարքում ժպտացող հորը տեսավ: Մայրը գրկել էր հորը. մայրը հագել էր տխուր շորեր, ամենատխուր շորերը՝ անգույն-անգույն: Աղջիկը դանդաղ, շատ դանդաղ, հորը սպասած երկու տարվա պես դանդաղ մոտեցավ մորն ու գրկեց նրա ոտքերը:

Комментариев нет: