«Ոտաբոբիկ վազեցի Վահեի մոտ. անբնական ճմռթված վիճակում Վահեն ընկած էր, ուղղակի այդ դիրքը հնարավոր էլ չէ պատկերացնել: Ձեռքը մի կողմի վրա, գլուխը հակառակ կողմի վրա, աջ ծունկը համարյա ծոծրակի շրջանում՝ նորմալ մարդը նման դիրք ընդունելուց ահավոր դժվարություն կզգա: Գիտակցություն բացարձակ չկար, թեթեւակի շնչում էր խռռոցի տեսքով, ոչ մի գրգիռի պատասխան չտվեց, պուլսը շատ թույլ զգացի»:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց տուժող Արտակ Բայադյանը, ով բոլոր ամբաստանյալներին տեսել էր դեպքի վայրում:
Դեպքի օրը՝ հունիսի 17-ին, 6 ընկերներով բարձր տրամադրությամբ քաղաքից դուրս նշել էին Արկադի Աղաջանյանի ծնունդը, իսկ երեկոյան որոշել էին շարունակել իրենց խնջույքը «Հարսնաքար» ռեստորանայաին համալիրում՝չիմանալով, որ այդ օրը իրենց ընկերը՝ Վահե Ավետյանը, վերջին անգամ է իրենց հետ:
«21:30-ի սահմաններում արդեն եղել են «Հարսանաքար» ռեստորանում: Նրանց դիմավորել է երգիչ Դավիթը, ում վաղուց ճանաչում էին (վիրահատել էին) և նախապես զանգահարել էին գալուց առաջ: Արդեն սեղանի շուրջ տեղավորվելուց հետո Վահե Ավետյանը հեռացել է լվացվելու և վերադարձել է քիչ անտրամադիր:
«Ասացինք՝ բա ի՞նչ է պատահել, ասաց՝ բա տաբատի համար խնդիրներ են առաջացել, չեն թողնում մտնեմ ներս, հարցրեցինք էլ, բա մինչեւ այդ ինչու՞ չէին ասում, ոչ էլ կմտնեինք ներս: Ասեցինք եթե նման խնդիր կա, դուրս գանք»,- դատարանում պատմում էր Բայադյանը:
Նրա խոսքով, դրանից հետո Ավետյանը պահանջել է հաշիվը, բայց հետագայում իմանալով, որ ռեստորանային համալիրը գործում է մինչեւ երեկոյան ժամը 24:00, որոշել է գնալ տուն եւ փոխվել, որ իրեն ներս թողնեն:
Մասնագիտությամբ վիրաբույժ Արտակ Բայադյանը ցուցմունք տալիս հայտարարեց, որ ամեն բան սկսվեց այն պահից, երբ Վահեն վերադարձավ. «Կարծես նրան էին սպասում»: Բայադյանը նկարագրեց մի անձնավորության, ով կարևոր դերակատարություն է ունեցել այդ օրվա իրադարձությունների ժամանակ, սակայն ամբաստանյալների շարքում չէ:
«Սրահում կանգնած էր մի անձնավորություն՝ ավելի կարճահասակ, մի քիչ ճաղատ գլխով, լավ թիկնեղ, այնպիսի տպավորություն էր, որ պարանոց չուներ, գլուխը ուսերին էր կպած ու մի փոքր գեր: Մոտեցա, այդ ժամանակ Էդգարը խոսում էր այս անձնավորության հետ: Վերջինս շարունակ հարցնում էր. ձեզանից ո՞վ է հայհոյել, ասացինք ի՞նչ հայհոյանքի մասին է խոսքը, դրանից հետո մենք եկանք հանգիստ նստեցինք», դեպքը մանրամասնորեն ներկայացնում էր տուժող Բայադյանը:
Վահեի վերադարձից հետո ընկերները մեկ անգամ են հասցրել շնորհավորել Արկադիի ծննդյան օրը, ապա նրանց սեղանին է մոտեցել մատուցող Դավիթ Ադամյանը: Վահեն ձեռքը տանելով գլխարկին կատակով հարցրել է. «կարողա՞ գլխարկով էլ չի կարելի», ինչին մատուցողը ագրեսիվ ու կտրուկ պատասխանել է. «կարո՞ղ է կայֆավատ ես լինում վրաս»: Տուժողի խոսքով, Վահեն բարյացկամ պատասխան է տվել. «չէ, եկել եմ այստեղ ժամանակ անցկացնելու», սակայն մատուցողին այս պատասխանը չի բավարարել և նա Վահեին դուրս է կանչել:
Վահեն ժպիտով տեղից վեր է կացել ու հետեւից գնացել, նրան ընկերակցել է Արկադին: «Մեկ րոպե անց, ես, Գարիկը ու Էդգարը իրանց հետեւից գնացինք, մի տեսակ արդեն ներքին անհանգստությամբ, որ խնդիր չառաջանա: Երբ մոտեցանք իրենց, Վահեն կքանիստ վիճակում էր, դեռ չէի հասկանում ինչ է կատարվում: Վահեն ձեռքերով դեմքը բռնած էր, նկատեցի որ քթից առատորեն արյուն է հոսում: Շտապ մոտեցա իրան՝ ի՞նչ է եղել, բավականին նյարդայնացած էր, բայց ոչինչ չպատասխանեց»:
Այդ պահին Բայադյանը լսում է, թե ինչպես է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը կոպիտ, հայհոյանքներով նկատողություն անում մատուցողին «մենք էստեղ, դու քեզ ի՞նչ ես թույլ տալիս այ տղա»: Այս պահին է Բայադյանը հասկանում, որ Վահե Ավետյանին հարվածել է մատուցողը, իսկ Նորայրը շարունակում է «տղեք ջան եկեք էս կողմից գնանք դեպի դուրս, ժողովուրդը նստած է, ամոթ ա, շուխուռ-մուխուռ չլինի: Քելեք, հեսա իրան կպատժենք իրա արարքի համար»:
Տուժողի խոսքով այդ պահից, «մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով տարան դեպի ավտոկայանատեղի»:
«Ինձնից առաջ Գարիկն (տուժող) էր գնում՝ Նորայրի հետ զրուցելով, Արկադին էր գնում, իմ նկարագրած անձնավորությունն էր թեւը մտել: Ես իրանցից մի փոքր հետ էի, այդ պահին Վահեին ու Էդգարին չէի նկատել, հետո պարզվեց, որ շրջանցելով մտել էին զուգարան, որպեսզի քթի արյունահոսությունը մի փոքր կանգնացնեին: Ու քայլելու ընթացքում ինչ-որ մեկը, որ չեմ ճանաչում՝ մի քիչ բարձրահասակ ու թիկնեղ, իմ հետ փորձեց խոսել: Բա էտ ո՞վ է ձեզնից հայհոյել, ես ասում եմ ընդհանրապես հայհոյանքի մասին խոսք չկա: Ու այնպիսի տպավորություն էր, որ հարց է տալիս ու չի սպասում թե դու ինչ ես պատասխանում:
Հասանք ավտոկայանատեղի, ինքը դիմացս էր կանգնել ու փորձում էր ձեռքս բռնել, ասում էի հայհոյանք չի եղել, ինքը ձեռքիս էր խփում, բա ձեռքով մի խոսա…: Ու այդ պահին հասկանում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե մատուցողի արարքի մասին խոսելն է, այլ խոսակցությունը ուրիշ ուղղությամբ տանելը ու արդեն զգում եմ ագրեսիան իրանց կողմից»:
Բայադյանն ասում է, որ ավտոկայանատեղիում իրենց արդեն սպասում էին 15-20 հոգի:
«Մեզ շրջանի մեջ էին վերցրել, նույնիսկ ասենք, որ հետ-հետ ես գնում հետեւդ էլ է մարդ կանգնած: Վահեն հենց միացավ մեզ, երեւի մի 5 վայրկյան էլ չէր անցել, հայհոյեցին ու միանգամից հարվածներ, զգացի, որ Վահեի ուղղությամբ հարվածներով սկսեցին: Ես ասացի բա ի՞նչ եք անում, ծոծրակից հարվածեցին ինձ, բայց վայր չընկա ու դիմացից մի 4-5 հարված դեմքիս, ոչ մի կերպ չէի կարողանում պաշտպանվել այնքան շատ էին հարվածները՝ մարմնիս տարբեր մասերին, բայց հիմնականում դեմքիս ու գլխիս էին հարվածում: Մոտավորապես 30-40 վայրկյան այդ ամեն ինչը տեւեց, հետո զգացի, որ վերնաշապիկս քաշեցին գլխիս ու բռնած քաշում են՝անընդհատ հարվածելով: Այդ ընթացքում այդ մի խոսքն է տպավորվել որ հնչեց ոչ թե ինձ հարվածողների կողմից այլ ավելի հեռու գտնվող մասից՝ «լավ մեռավ, էլ մի խփեք»:
Մի քանի հատ էլ հարված ու թողեցին: Ես վայր եմ ընկել, ինձ գիտակցության բերեց իմ ընկերը՝ Էդգարը: Քթիցս առատ արյուն էր հոսում, գլուխս պտտվում էր, չէի հասկանում՝ ինչ է կատարվում, տեսա հագիս մայկա չկա, կոշիկներս հագս չեն: Քիթս էլ դեֆորմացվել էր դեպի աջ կողմը, մի փոքր փորձեցի ուղղել, ավելի ուժեղ արյունահոսեց, տեսա արմունկս էլ է արյունահոսում, պարանոցիս ոսկե շղթան պոկված էր: Չորեքթաթ վիճակից մի կերպ ոտքի կանգնա, տեսնեմ ինձնից մի 5-10 մետր հեռավորության վրա Վահեն է ընկած:
Արկադին վազեց, որ սրահից մեքենայի բանալին վերցնի, այդ պահին նկատեցի, որ Գարիկն է մեզ մոտենում՝ քթից ու աչքի տակից առատ արյուն էր հոսում: Արկադին մեքենան բերեց, մենք երեքով օգնեցինք, դրեցինք Վահեին մեքենայի ետնամասում ու ինչքան հնարավոր է արագ այնտեղից հասել ենք Մուրացանի կենտրոնական հոսպիտալ: Գլուխը մաքսիմալ անշարժ դիրքով պահած փորձում էի ծնոտը մի քիչ ներքեւ իջացնել, որ գոնե շնչառական ակտ լինի, բայց բացարձակ չկար: Պուլսը անընդհատ ձեռքիս մեջ, գնալով ավելի խորանում էր ամեն ինչը:
Ճանապարհին բոլորին զանգել եմ, որ բոլորը պատրաստ լինեն: Վերելակի մեջ շնչառականը կանգնեց, որից հետո անմիջապես արհեստական շնչառություն է միացվել, որից հետո շտապ կարգով իջացրել ենք հետազոտության ու գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա արվեց, որի պատկերը ուղղակի սարսափելի էր: Ուղեղի միջին գծից շեղումը կազմում էր 45 մմ, որ պատկերացնեք, թե ինչի մասին եմ խոսում, մինչեւ 9 մմ շեղումը կյանքի հետ անհամատեղելի է: Իր մոտ այդ կյանքի հետ անհամատեղելի շեղումը 5 անգամ գերազանցում էր: Շտապ կարգով վերցվել է վիրահատության, մնացածը ինչ հնարավոր էր, փորձեցինք անել բոլոր գլխավոր մասնագետներով, բայց դե հրաշք տեղի չունեցավ էլի, այսքանը…»,- այսպես ավարտեղ իր ցուցմունքը դատարանում Բայադյանը:
Բայադյանը հետագայում պատասխանելով դատախազի ու փաստաբանների հարցերին, նշեց, որ չի տեսել, թե իրեն կոնկրետ ովքեր են հարվածել, քանի որ ամեն ինչ շատ արագ է կատարվել ու ինքը այն վիճակում չի եղել, որ հասցնի նկատել իրեն անդադար հայհոյելով ծեծողներին:
Բայադյանը նաեւ նշեց, որ իր կարծիքով կռվի պատճառը եղել է միայն Ավետյանի հագուստը, որը սպորտային չի եղել: Ավետյանը կրել է սպիտակ տաբատ, որով կարելի էր հանգիստ աշխատանքի գնալ:
«Իհարկե այդ ծեծը միանշանակ ինքնաբուխ չէր: Տպավորությունը այնպիսին էր, որ մեզ ուղղակի պետք է հասցնեին այդ վայրը՝ համոզելով, խաբելով: Մենք լրիվ անտեղյակ էինք, թե ինչ է կատարվում, նախապես, որ ոչ մի արարք մեր կողմից չէր եղել, որ կարող էր բերել նման հետեւանքի: Մատուցողի դեպքից հետո մենք գնում ենք ավտոկայանատեղի ու դուրս է գալիս, որ արդեն կազմակերպված հավաքված մեզ են սպասում ու լրիվ հանկարծակի սկսում են մեզ ծեծել: Եթե իմանայինք, որ նման բան կլինի նույնիսկ սրահից դուրս չէինք գա»,- հայտնում է Բայադայանը:
Բայադյանն իր նախաքննական ցուցմունքի մեջ չէր նշել, որ իրենց հետ է եղել Դիանա անունով ծանոթուհին: Նա ասաց, որ չի ասել այդ աղջկա անունը միայն նրա համար, որ Դիանային չներգրավի այս գործի մեջ ու որ նա ավելորդ շահարկումների չարժանանա:
Կարինե Իոնեսյան
«21:30-ի սահմաններում արդեն եղել են «Հարսանաքար» ռեստորանում: Նրանց դիմավորել է երգիչ Դավիթը, ում վաղուց ճանաչում էին (վիրահատել էին) և նախապես զանգահարել էին գալուց առաջ: Արդեն սեղանի շուրջ տեղավորվելուց հետո Վահե Ավետյանը հեռացել է լվացվելու և վերադարձել է քիչ անտրամադիր:
Կարինե Իոնեսյան
Комментариев нет:
Отправить комментарий