Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.10.2012

Սպիապատ լռություն

Լռում էինք, որովհետեւ մեծ դժբախտություն էր պատահել. բաց երկնքի տակ, ողջ Հայաստանի աչքի առաջ 200-ից ավելի գեղեցիկ, սիրուն-կոկիկ հագնված, տոնական ժպիտները երեսներին երիտասարդ աղջիկներ ու տղաներ կիսախորով եղան, ու այսպիսի դեպքերում քիչ թե շատ սիրտ ունեցող մարդը պետք է ցավից կծկվի:

Երկար չլռեցի՞նք

Կծկվելը` կծկվեցինք, ցավելը` ցավեցինք, բայց ոնց որ թե վաղուց ժամանակն է նաեւ այդ «խորիմաստ» լռությունը խախտելու: Եւ ես խախտում եմ, որովհետեւ արդեն հասկանալի է, որ նրանք, ովքեր պետք է խոսեին` հենց կիսախորով եղածները եւ նրանց սիրասուն ծնողները, խոսելու մտադրություն չունեն, եւ որ պատկերացնում եմ, թե ինչու են լռում, առանց չափազանցության` սարսռում եմ:

Թարմացնենք մեր հիշողությունը: Այս տարվա մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում Սերժիկ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը բազմամարդ համերգ-հանրահավաք էր կազմակերպել: Թե ոնց է ստացվում, որ այս կուսակցության հանրահավաքները մարդաշատ են լինում, գիտենք ե՛ւ այդ հանրահավաքներին երբեւէ չմասնակցածներս, ե՛ւ մասնակցողները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա` մեր պատմության սերժառոբական հատվածում այն կուսակցությունն է, որին հնարավոր է «համակրել» միայն այն դեպքերում, եթե ինչ-որ շահ ունես (թքած ունես այս երկրի վրա, ապրում ես այստեղ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, եւ երբ հացն այստեղ կպրծնի, կգնաս այլ երկրում հացդ կրծելու), եթե ինչ-որ բան ունես կորցնելու ու չես ուզում կորցնել, եթե «բարձր» ճաշակ ունես եւ ուզում ես հայ «աստղերի» երգերն ըմբոշխնել, եւ եթե վախկոտ ես, ասում են` առաջ ընկիր, մե՛կ-երկու, մե՛կ-երկու, եւ դու չես համարձակվում ասել` ախորժակիդ քացախ: Սրանք ամենամեղմ ենթադրություններն են. եթե սրանցից մեկը չես, ուրեմն` ամենասովորական հայրենիքի դավաճան ես. միայն հայրենիքի դավաճանը կարող է գիտակցված համակրել մի կուսակցության, որը Հայաստան պետությունը հետեւողականորեն եւ սառնասրտորեն սպանում է:
Հիմա թե այս երեխաներին թվարկածներիցս որ մեկն է մղել դեպի Հանրապետության հրապարակ, իրենք կիմանան: Ամեն դեպքում նրանք այդ չարաբաստիկ օրը մտածել են, որ փուչիկները ծածանելու են, մի քիչ «տժժալու են» ու գնալու են իրենց գործին: Այդպես չեղավ. փուչիկները պայթեցին, հրդեհ բռնկվեց, 228 հոգի այրվածքներ ստացավ, 154-ը հիվանդանոց ընկան, եւ նրանցից շատերը հիմա իրենց երիտասարդ մարմինների սպիները թաքցնում են վիրակապերի եւ սեւ ձեռնոցների տակ, կամ էլ` չեն թաքցնում, որովհետեւ հնարավոր չէ թաքցնել: Եւ լռում են: Բոլո՛րը: Ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց հարազատները, ե՛ւ իրենց մերձավորները: Ինչու՞: Դե, դժբախտ պատահար էր, բարձրաձայնողներն անբարոյական մարդիկ են, առիթից օգտվում` շահարկում են ուրիշների դժբախտությունը…
Դժբախտ պատահար չէր
Դժբախտ պատահար կլիներ այն դեպքում, եթե այդ երեխաներին Հանրապետության հրապարակ «հրավիրած» իշխանություններն ամեն ինչ արած լինեին, ոչինչ չխնայեին, որ հանրահավաքն անցներ խաղաղ եւ առանց պատահարների: Չե՛ն արել, խնայել են. փուչիկների մեջ լցրել են պայթյունավտանգ գազ, չնայած ի վիճակի էին անվտանգը լցնել: Էն էլ ո՜նց էին ի վիճակի: Պայթյունավտանգն են լցրել, որովհետեւ էժան է, իսկ անվտանգը` թանկ է: Եւ ովքե՞ր են այս երեխաների կյանքը, հանուն էժանության, վտանգի տակ դնողները. մարդիկ, որոնք իրենց մի օրվա հաճույքի վրա կարող են միլիոններ ծախսել, մարդիկ, որոնք թանկարժեք ավտոմեքենաները փոխում են թաշկինակի նման, մարդիկ, որոնք հեքիաթային դղյակներ ունեն ու շարունակում են կառուցել եւ կառուցել, մարդիկ, որոնք իրենց ամենաառօրյա «կայֆավատների» ժամանակ անգամ երկինքը թնդացնում են հրավառություններով, մարդիկ, որոնք թալանում եւ թալանում են Հայաստանն ու հայաստանցիներին եւ չեն կշտանում: Ա՛յ, հենց այս մարդիկ զլացել են փուչիկների մեջ լցնել տալ անվտանգ գազ, որովհետեւ մոլագարության հասնող ագահ են, սովոր են գողանալ, չե՛ն կարող չգողանալ եւ գողացել են անգամ ա՛յս դեպքում` իրենց դուդուկի տակ պարողների մարմինները խեղելու գնով: Ուրեմն` սա դժբախտ պատահար չէր. ձեր կյանքը վտանգելով` ինչ-որ հանրապետական կոչեցյալներ ավելացրել են իրենց գրպանների պարունակությունը:
Սերժիկ Սարգսյանը տեղյա՞կ չէր
Հնարավոր է: Նույնիսկ ավելի հավանական է, որ տեղյակ չէր: Ինքը հրահանգել է տեղը տեղին հանրահավաք կազմակերպել, իր ճորտիկներն էլ «տեղը տեղին» կազմակերպել են ըստ սերժառոբական «բարի» ավանդույթի` գողանալով: Բայց հետո հո տեղեկացե՞լ է, սիրուն աղջիկներ ու տղաներ եւ այս աղջիկների ու տղաների սիրասուն ծնողներ: Տեղեկացել է, որ իր հրահանգն այնքան անբարեխղճորեն են կատարել, որ ողջ Հայաստանի առաջ հրո ճարակ է դարձել ՀՀԿ-ի «պայծառ ապագան»: Եւ ի՞նչ: Ոչինչ: Գնացին, մի խեղճուկրակ մարդ գտան ու հիմա քրեական գործ են ձեւում ու կարում մեկի վրա, որն իր մի կտոր հացն է վաստակում Երեւանի փողոցներից մեկի մի անկյունում նստած` բերանով փուչիկ փչելով… Անցող-դարձողների համար: Ենթադրենք նույնիսկ` հենց այս Սերոբ Բոզոյանն է մենմենակ փչել յոթ հազար փուչիկները: Ինքն էլ երեւի իր լիքը գրպանից հանել է փողը ու, հանուն հայրենիքի, պատիվ է արել, չէ՞, չքավոր Հանրապետական կուսակցությանը, ոչ թե մեթան կոչեցյալ դյուրավառ գազը հանրապետականցիներն են մատուցել իրեն: Դուք իրո՞ք այդպես եք կարծում, հարգարժան «խորիմաստ» լռողներ, թե՞ դուք էլ գիտեք, որ եթե նույնիսկ, Աստված մի արասցե, որեւէ մեկը մահանար այդ «դժբախտ պատահարից», միեւնույնն է` Հանրապետականի ձեր թանկագին առաջնորդը չէր թողնելու իր թիմակիցներից որեւէ մեկի մազը ծռվեր, որովհետեւ այդ որեւէ մեկը դեռ իրեն պետք է. վաղը-մյուս օրն ընտրություններ են լինելու, ընտրակեղծիքների վարպետների, «անզգույշ քաշքշողների» ծառայության կարիք է լինելու… Իսկ ո՞վ չգիտի, որ եթե Սերժիկ Ազատիչին ինչ-որ մեկը պետք է իր իշխանությունը երկարաձգելու համար, ինքը կարող է աչք փակել ե՛ւ փուչիկների պայթյունի, ե՛ւ ռազմաբժիշկ Վահե Ավետյանին ծեծամահ անելու ահավոր փաստի եւ նույնքան ու ավելի ահավոր փաստերի վրա:

Դուք, երեւի, չգիտե՞ք
Հրաշալի գիտեք: Անխղճորեն շահարկողներիցս լավ գիտեք: Գիտեք, որ Սերոբ Բոզոյանն այդ դաժան «ատրուշանի» հետ այնքան կապ ունի, որքան ես` այս խնդիրը շահարկողս: Գիտեք, որ իրական մեղավորները չեն պատժվելու: Գիտեք, որ ձեր անհոգ կյանքը խորը սպիներով է պատվել, որովհետեւ ինչ-որ սրիկաներ որոշել են ձեր կյանքի ու առողջության հաշվին` գողացած փողով մի օր ավելի զվարճանալ սաունաներում կամ եսիմորջհանդամներում: Գիտեք, բայց լռում եք: Որովհետեւ ձեր ծնողներն ասել են` բա որ ձայն հանեք, մեզ աշխատանքից կհանեն, ձեզ ո՞վ է պահելու: Որովհետեւ ձեր դասախոսներն ասել են` բա որ ձայն հանեք, ձեզ այլեւս գնահատականներ չենք նվիրելու: Որովհետեւ ասել են` ձայն հանեք, ավելի վատ բաներ կբերենք ձեր գլխին: Որովհետեւ ձեր այրված մարմինները «փոխադրել են» Ծաղկաձոր եւ այնտեղ ձեզ «լավ են նայել»: Որովհետեւ վախենում եք:
…Իսկ այս «որովհետեւ»-ների շարքը կա, որովհետեւ, ինչպես հիմա եք լռում, լռել եք մի՛շտ: Եւ հիմա էլ` սեւ ձեռնոցների տակ թաքցնելով ձեր սպիներն ու ձեր բողոքը` հարթեցնում եւ լայնացնում եք սեւ գլխաշորերի առավել մռայլ ճանապարհը:
Հ.Գ. Մայիսի 4-ին մի կին հիվանդանոցի միջանցքում ողբում էր. «Էս ինչ բերեցի էրեխուս գլխին»: Ոնց էր մղկտում… Բութն էլ կհասկանար, որ ինքն է իր երեխային ուղարկել Հանրապետության հրապարակ, որ հանրապետականները քաղցր աչքով նայեն իրեն ու իր ընտանիքին եւ այդ պահին վշտագին զղջում էր դրա համար: Զղջաց-ողբաց ու լռեց: Երեւի շարունակում է տենչալ, որ հանրապետականները քաղցր աչքով նայեն իր երեխայի խեղված մարմնին: Սարսափելի՞ է: Իհարկե: Բայց մենք այն ժողովու՞րդն ենք, որ սարսափենք: Մենք մայրեր ենք տեսել, որոնք մանկապիղծ Սերոբի (չշփոթել փուչիկ փչող Սերոբի հետ) վրա էին թեւերը փռել, որը, թեկուզեւ պղծել էր իրենց անչափահաս որդիների մարմինները, բայց հո` քաղցր աչքով էր նայել իրենց ընտանիքներին…

 Լիզա Ճարյան

Комментариев нет: