Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.10.2012

Անցյալ հորինյալ

Անցյալն ամենաապահով տեղն է։ Անցյալում անկանխատեսելի ոչինչ չի պատահում, ամեն ինչ արդեն կատարյալ է։ Բայց անցյալն ունի վտանգավոր մի հատկություն։ Ի տարբերություն ներկայի եւ ապագայի՝ այն կարելի է հորինել, եւ կախված հորինողի ձիրքից՝ ժամանակի այդ հատվածը ձեռք է բերում որակներ, որոնք անմիջականորեն ազդում են թե՛ ներկայի, թե՛ ապագայի վրա։

Խոսքը ոչ թե պատմության, այլ հենց անցյալի մասին է։ Պատմությունն ու անցյալը տարբեր են։ Դրանք նույնանում են, երբ հորինումն աղավաղում է հիշողությունը։
Տասը-տասնհինգ տարի առաջ Մեղրիում նկարահանումներ կատարելիս՝ տեղացի ծանոթիս խնդրեցի գտնել տարիքն առած մի մարդու, ով տեսած կլիներ Գարեգին Նժդեհին։ Որոնումները երկար չտեւեցին։ Երկու օր անց մենք արդեն 90-ին մոտ մի ծերունու տանն էինք, ով մեզ զարմացրեց ֆիզիկական ու մտավոր առույգությամբ։
Հարցազրույցի նպատակը բացատրեցի առանց մեծ դժվարության՝ լավ լսում էր, նույնքան լավ ըմբռնում լսածը։ Դրեցինք լույսերը, միացրեցինք բարձրախոսը, գործի գցեցինք տեսախցիկը, ու ես հարցրի. «Պապի, Նժդեհին տեսե՞լ ես, հիշո՞ւմ ես»։
- Հաաա՜, - ծոր տվեց պապը, - բա ո՞նց չեմ հիշում։ Էս ներքի հանդումը ժողովուրդ էին հավաքված, էն ղոլիցը փոշի բարձրացնելով ձիանք էրեւացին։
Ընթերցողի կամ դիտողի համար դժվար կլինի պատկերացնել հարցազրույց վարողի հաճույքը։ Երբ տրված հարցն անդրադառնում է սպասված պատասխանով, երջանկություն չասեմ, բայց նման մի զգացում ես ապրում։
- Ուրեմն, էն ղոլիցը որ էկավ,- շարունակեց ականատես ծերունին,- մի ահագին փոշի որ բարձրացավ, էս հանդի մարդիկը ասեցին՝ տեսնես ո՞վ ա։
Ընթերցողի կամ դիտողի համար դժվար կլինի պատկերացնել հարցազրույց վարողի հաճույքը։ Երբ փաստական ինֆորմացիան համեմվում է նաեւ դրամատիզմով, հաջողություն չասեմ, բայց նման մի ապրում ես ունենում։
- Հա՜, ո՞վ էր… Էդ փոշին որ անց կացավ, զինվորական ֆորմով մի մարդ տեսանք։ Էս ժողովուրդը հետ-հետ քաշվելով տեղ բաց արին։ Սա էկավ-կանգնեց մեջտեղում…
Ընթերցողի կամ դիտողի համար դժվար կլինի պատկերացնել հարցազրույց վարողի հաճույքը, երբ ականատեսը կարճ, բայց խոհուն դադարներով ավելացնում է դրամատիկ լարվածությունը։
- Հա՜, եկավ-կանգնեց մեջտեղում, շատ էլ լավ չեմ հիշում՝ մեջտեղո՞ւմ կանգնեց, թե ղրաղից էր… Կանգնեց, նայեց-նայեց… Մի ջահել կին կար, նրան էր նայում…
Ընթերցողի կամ դիտողի համար դժվար կլինի պատկերացնել հարցազրույց վարողի տագնապը, երբ ականատեսը դուրս է գալիս վկայության հունից, երբ սեւեռվում է մանրամասների վրա, երբ, ավելի ու ավելի երկար թվացող՝ դադարների ընթացքում խուսափողի տպավորություն է թողնում։
- Հետո՞, պապի,- թիկունքիցս լսվեց մեղրեցի ծանոթիս անհամբեր ձայնը։
- Ի՞նչը հետո,- հակադարձեց ականատեսը։
- Որ եկավ, կանգնեց, ի՞նչ ասեց,- հարցրեցի ես։
- Ի՞նչ պտի ասեր,- կզակը քորեց պապը,- ախմախ-ախմախ խոսեց ու գնաց էն մի ղոլը։
Նկատելով իմ եւ մյուս ներկաների զարմանքը՝ ծերունին եզրափակեց. «Էդ եմ հիշում, բալամ, էլ ի՞նչ եք ուզում»։
Քար լռություն տիրեց։
Խախտելով լռությունը՝ մեղրեցի ծանոթս ասաց. «Չէ, դե նա երեւի լավ չի հիշում, քանի տարեկան պիտի եղած լիներ էն վախտ»։ Ներկաներից մեկն արագ հաշվեց. «Եթե հիմա 90-ին մոտ ա, ուրեմն տասը թվի ծնունդ ա։ Եթե տասը թվի ծնունդ ա, ուրեմն էդ վախտ 10-11 տարեկան եղած պիտի լիներ»։
- Տասը տարեկան երեխան ի՞նչ պտի հիշեր,- ձախողման համար արդարացողի տոնով ասաց մեղրեցի ծանոթս։ -Ես էս տարիքում էրեկվա կերածս չեմ հիշում։
- Հիշո՜՞ւմ…,- կրկնեց պապն ու դարձավ ծանոթիս։ - Աղջի, խի դու ո՞ր թիվն ես, որ տհենց բաներ հիշես։
Սերբ գրող Միլորադ Պավիչը, մի հարցազրույցում խոսելով անցյալի մասին, ասել է, թե այն պետք է բացահայտել ճիշտ ժամանակին, քանի որ անցյալը նույնպես ունի պիտանելիության ժամկետ, որը կարող է սպառվել։ Պիտանելիության այդ ժամկետը մեկը մեկին համընկնում է ստուգելիության հնարավորության հետ։ Որքան ստուգելի է անցյալը, այնքան հավաստի է պատմությունը։ Որքան հավաստի է պատմությունն, այնքան անցյալն ավելի քիչ է ցավ պատճառում։ Իսկ հորինվածքը թմրադեղի պես է՝ քիչն ընդարմացնում է, շատը՝ սպանում։

Տիգրան Պասկեւիչյան 

Комментариев нет: