Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.09.2012

«Արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է»

Հայ ազգային կոնգրեսի համակիրները, ինչպես նաեւ շարքերն անհամբեր սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն` առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքական կուլիսներում խոսակցություններ կային, որ առաջին նախագահը սեպտեմբերի 21-ին ելույթ է ունենալու եւ այդ ելույթում խոսելու է նաեւ 2013-ի ընտրությունների մասին: Սարյանի պուրակը, որտեղ երեկ Կոնգրեսը տոնական հավաք էր կազմակերպել Անկախության տոնի առթիվ, բավական բազմամարդ էր: Մարդիկ եկել էին լսելու, թե ինչ կասի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա խոսեց, բայց չասաց այն, ինչին հավաքվածները սպասում էին: Ի դեպ, առաջին նախագահի ելույթը կարճ էր, որը ներկայացնում ենք ստորեւ:  

«Մենք հավաքվել ենք` նշելու Անկախության տոնը: Ես մի անգամ ասել եմ, որ ես պաշտոնական տոներ չեմ սիրում, մանավանդ, երբ դրանք կազմակերպվում են վերեւից, եւ հավուր պատշաճի խոսքեր են ասվում, որոնք դատարկություններ են: Ինձ համար սա է տոնը, այս ինքնաբուխ, սրտաբուխ տոնն է, որովհետեւ այստեղ հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրաբար չի բերել այստեղ: Մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, եւ ի պատիվ մեզ, ի պատիվ մեր սերնդի, ձեր սերնդի, մենք ենք կերտել այդ անկախությունը: Իհարկե, այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այս վիճակից: Այսօր էլ իմ ընկերները բազմաթիվ դառը ճշմարտություններ ասացին մեր իրականության մասին, բայց մի անլուծելի խնդիր չէ` մեր պետությունը դարձնել նորմալ, արժանապատիվ պետություն: Մի կարծեք, որ քաղաքագիտությունը շատ բարդ գիտություն է: Հակառակը, քաղաքագիտությունն ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առջեւ կանգնած խնդիրները եւ գտնում դրանց լուծումները: Որո՛նք են մեր երկրի առջեւ կանգնած խնդիրներն այսօր: Այսօր ես տեսնում եմ ընդամենը 5 խնդիր, 5 խնդիր է պետք լուծել, որ մեր պետությունը դառնա իսկապես ամուր, արժանապատիվ պետություն` ազգերի իրավահավասար ընտանիքում: Որոնք են դրանք. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը եւ օրինականության հաստատումը: Ուրիշ բան պետք չէ, ուրիշ հանելուկ չկա: Լուծեք այդ խնդիրները եւ կտեսնեք` ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը: Բայց պետք է տարբերակել այս խնդիրները 2 մասի: Առաջինը` հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը, Ղարաբաղի հարցի լուծումը եւ շրջափակումների վերացումը, դժբախտաբար, միայն մեզնից կախված չէ, եւ ինչպիսի քաղաքականություն էլ վարեն մեր իշխանությունները, պետք չէ միակողմանիորեն այս հարցում միայն նրանց մեղադրել: Իրենք ունեն մեղքեր, բայց եթե անեին առավելագույնն անգամ, դա չէր նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետեւ, ինչպես ասացի, դա կախված է լրիվ արտաքին ուժերից` Թուրքիայից, Ադրբեջանից, միջազգային հանրությունից, միջնորդներից, որոնք փոխանակ խնդիրը լուծելու, իրար միջեւ հարցեր են լուծում: Բայց մյուս խնդիրը` չգողանալը, կոռուպցիան վերացնելը եւ օրինականության ապահովումը (ես ընդհանուր եմ ասում. օրինականության ապահովումը նշանակում է ամեն ինչ` ե՛ւ ժողովրդավարություն, ե՛ւ նորմալ ընտրություններ, ե՛ւ մարդու իրավունքների ապահովում եւ այլն) կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը բարի կամք է պետք կամ քաղաքական կամք, ինչպես մոդայիկ է հիմա ասել, այս հարցերը լուծելու համար: Գործող նախագահը, խորհրդակցություն հրավիրելով մեր ժողովրդին ծաղրի ենթարկելու փոխարեն (ես դա համարում եմ իսկապես ծաղր, ուրիշ բան չեմ ուզում դրա մեջ տեսնել), պետք է ձեռքը սեղանին խփեր եւ ասեր` վե՛րջ, այսօրվանից չենք գողանում. ոչ թե` չե՛ք գողանում, այլ` չե՛նք գողանում: Սա՛ պիտի ասեր: Եւ պիտի ասեր` այսօրվանից հաստատվում է օրինականություն, թող մեկը փորձի խախտել օրենքը, անմիջապես պատժվելու է: Եւ դա հնարավոր է անել: Մի կարծեք, որ կա ինչ-որ խորհրդավոր մի բան, որը փոխել հնարավոր չէ, դա ոչ մենթալիտետի հետ է կապված, ոչ ավանդույթների հետ է կապված, որ փորձում են այսօրվա կոռուպցիան արդարացնել, իբր թե, ազգային ավանդույթներով: Ամեն ինչ սուտ է, բացարձակ սուտ, մի գողացիր, եւ ոչ մի ավանդույթ գոյություն չի ունենա: Ես չեմ ուզում դառը խոսքեր ասել մեր իրականության մասին, այսօր այդ օրը չէ: Այո՛, իրականությունը դառն է, այո՛, համատարած սրտնեղություն է տիրում, բայց հիշեք, կան մնայուն արժեքներ` հակառակ այս բոլոր դառնությունների եւ սրտնեղությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է, մեր պետականության վերականգնումը, ինչի առթիվ ձեզ բոլորիդ սրտանց շնորհավորում եմ»:
Առաջին նախագահը լրագրողների հետ չշփվեց: Բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին: Հավանաբար, այդ հարցերի պատասխանները կլսենք Կոնգրեսի առաջիկա հանրահավաքում:
Երեկվա տոնական հավաքին ելույթ ունեցան նաեւ ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորներից Լեւոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը:

1 комментарий:

Blog News комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: