Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

10.08.2012

Կոմանդոսին. Հերոսներն իրավունք չունեն դառնալու սովորական մահկանացու

Կոմանդոսը կմնա Արցախյան պատերազմի հերոսական էջերում, անկախ թե նրան ինչ գնահատական կտան ՀԱԿ-ի երիտասարդները, որոնք պատերազմի շունչ չեն տեսել, ու Աստված չանի, որ տեսնեն: Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմադոս) մի քանի ամիս առաջ լրագրողի հետ զրույցում ասել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրումից տեղյակ է թե ոչ՝ չգիտեմ, սակայն, հավանաբար, դեմ էր, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու խնդիր կար»: Սա էլ հիմք է հանդիսացել, որ ՀԱԿ երիտասարդներն անհարգալից արտահայտություններով «մեծարեն» Կոմանդոսին:
Երիտասարդների թեմային չեմ անդրադառնալու, լրջությունը գեներալի ասածի մեջ է…
Մի՞թե հեղինակությունների պատերազմ է սկսվել՝ միմյանց վարկաբեկելու, պատմությունը հերքելու առումով: Ինչպե՞ս կարող է հանրապետության գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել Շուշիի ազատագրմանը. Կոմանդոսն ինքնուրույն հրամաննե՞ր է արձակել, կամ զինվորներն ինքնուրույն քայլե՞ր են կատարել… Կոմանդոսն ասում է. «Я не знаю, поскольку Левон Тер-Петросян являлся президентом, президент со мной не советовался, у меня ничего не спрашивал. Я знаю, что он был против Шуши. Когда взяли Шуши, все осудили взятие Шуши, не только Тер-Петросян, не только Блеян, не только Ашот Навасардян, все осудили, говорили, что это неправильно, и после этого мне сняли с Карабаха». («HayNews.am»):
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոմանդոսի հետ չի խորհրդակցել, նրան ոչինչ չի ասել, ու այդքանից հետո գեներալը մանրից իբր «ռազմական գաղտնիքներ է բացում», իսկ եթե ինչ-որ բան ասեր, ինչե՜ր կբարձրաձայներ… Այդ իսկ առումով առաջին նախագահը հեռատես է եղել… Արցախյան պատերազմի կենդանի ու զոհված հերոսները կռվողներ են եղել, նրանց կուսակցությունը հայրենիքն է եղել, նրանք զերծ են եղել քաղաքականությունից, դա է վկայում Կոմանդոսի խոսքը: Հանրապետության գլխավոր հրամանատարը պարտավոր չէր հրամանատարներին ծանոթացնել քաղաքական ողջ ներկապնակի հետ, բայց որ նա տեղյակ է եղել պատերազմի ետեւում թաքնված ամենանուրբ ինտրիգներին, դա միայն ռազմագետները կարող են հաստատել:
Կոմանդոսը պատասխանատու է եղել ինչ-որ մի տարածքի, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ողջ հանրապետության ու Արցախի համար: Սա է եղել Կոմանդոսի եւ հանրապետության առաջին նախագահի տարբերությունը, որը գեներալը պատկերացնել չի կարողանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը տիրապետել է պատերազմի ողջ ինֆորմացիային ոչ միայն անմիջական  հրամանատարներից, այլեւ հազարավոր խողովակներ է գործի դրել՝ շատ դեպքերում այս կամ այն տեղեկատվությանը չվստահելով: Ասածս հաստատեմ: Ղոչազում կատաղի մարտեր էին գնում, նույնիսկ մի ողջ ջոկատ խուճապահար հետ էր քաշվել (հասկանալի պատճառով ջոկատի ու նրա հրամանատարի անունը չեմ նշում): Երեկոյան ժամը 12-ին շտապ իմ ետեւից եկավ Սյունիքի պետական անվտանգության աշխատակիցը, գնացինք իր առանձնասենյակը, որտեղից հեռախոսային ուղիղ միացում կար հանրապետության նախագահի հետ: «Ի՞նչ են ասում տղաները, ինչպե՞ս է ռազմական վիճակը»,- այդ հարցերն ինձ հետ ճշտելուց հետո պետական անվտանգության աշխատակիցը հաղորդում էր առաջին նախագահին:
Առավոտվա կողմ սպասված օգնությունը՝  տեխնիկայի եւ այլնի տեսքով, Գորիսի ճանապարհով դեպի Արցախ շարժվեց… Ու կոտրվեց ազերու մռութը, կոտրվեց, որ հետո էլ միմյանց մռութ կոտրենք, որ հետո Կոմանդոսն ասի՝  Լեւոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրումից տեղյակ է, թե ոչ՝ չգիտեմ…
Հարգելի Կոմանդոս, հաղթող երկրի նախագահին, քաղաքական ինչ շարժառիթներ էլ լինեն, չեն գցում, որովհետեւ նրա ամենամեծ գնահատականը հաղթանակն է: Ինչ էլ ասեք, Արցախյան պատերազմի հաղթության ծիրանին պատմության մեջ մնալու է հանրապետության գլխավոր հրամանատարի ուսերին: Դուք, ռազմական կանոններով, իրավունք չունեք՝ որպես շարքային հրամանատար, քննարկելու Գերագույն հրամանատարի հրամանները, իրավունք չունեք ռազմական տեղեկատվության մանրամասներին իրազեկ դարձնել մասսային, դրանց տարածումը կարող է համարվել քաղաքական շարժառիթ՝ նախագահական ընտրություններից առաջ…
Հերոսներն իրավունք չունեն իջնելու սովորական մահկանացուների աստիճանին ու դառնալ այնքան սովորական, որ սոցիալական ցանցերում «նախշազարդեն» նրանց քաղցր արտահայտություններով: Ձեր խոսքերը՝  «А мне плевать, что они хотят», վկայում են, որ Դուք այլեւս ոչ մեկին չեք տեսնում ու մոռացել եք, որ հաղթել ենք հենց նման անհնազանդ ու ընդվզող տղաների կորովով ու արյամբ: Ողջունում եմ Ժիրայր Սեֆիլյանին, ով, մի կողմ դնելով առաջին նախագահի հետ քաղաքական տարաձայնությունները, որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, կարողացավ հերոսին վայել կեցվածք պահել ու տալ Շուշիի վերաբերյալ ճշգրիտ գնահատական: Սա այն դեպքն է, երբ կռվողը հանուն ճշմարտության կարող է դեմ գնալ բոլոր հեղինակություններին:

 Հասմիկ Բաբաջանյան
 Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքի ռազմական թղթակից

1 комментарий:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: