Կարծես գլուխը կարկինով գծված լիներ: Հետն էլ` հաստաբեստ էր: Ահա էս կարկինով գծած հաստաբեստ գլխի տերը տարուբերեց իր էս գլուխը ու ջերմ բարեկամական կսկիծով ասաց` եկա՞ր, նստիր, տնաշեն, տնաշենի տղա, ապրել չսովորեցիր, էլի’: Մյուսը, որ երկարուկ ու նեղլիկ գլուխ ուներ` նստեց ու ծպտուն չհանեց:
Հաստաբեստագլուխը մտածեց` Երկարուկագլխի նեղլիկ գլուխը չմտավ իր ջերմ բարեկամական կսկիծը: Մի անգամ էլ տարուբերեց իր կարկինով գծած գլուխն ու էսպես` առավել ջերմ բարեկամական կսկիծով ասաց` ա’յ տնաշեն, տնաշենի տղա, ախր էսպես ո՞նց կլինի, ապրել չսովորեցիր, էլի’: Երկարուկագլուխը` ոնց որ պատ: Ոչ մի արձագանք: Հաստաբեստագլուխը առանձնապես չէր էլ սպասում, որ Երկարուկագլուխը կխոսի: Հաստաբեստագլուխը, եթե ուզում եք ճիշտն իմանալ, չէր էլ ուզում, որ Երկարուկագլուխը խոսի:
Նախ` ինչ պետք է խոսեր, եթե խոսեր` ինչ, երկրորդ` արդարանալու տե՞ղ ուներ, որ խոսեր: Եւ երրորդ` Հաստաբեստագլուխը էնքան գործ ուներ, հո Երկարուկագլխի պես պարապ-սարապ չէր, դատարկ խոսակցության ժամանակ չուներ: Բայց դե` ինքն իր հաստաբեստ բարձունքներից իջել, կանչել էր էդ Երկարուկագլխին, ու հիմա սա` ոչ «ա», ոչ «բ», էդ էլ մի բան չէր: «Էդ էլ մի բան չէր»-ին հենց հասավ, արյունը խփեց գլխին: Հաստաբեստագլխի արյունը էդ տեսակ արյուն էր, մեկ էլ` հո’պ, խփում էր գլխին:
Նախ` ինչ պետք է խոսեր, եթե խոսեր` ինչ, երկրորդ` արդարանալու տե՞ղ ուներ, որ խոսեր: Եւ երրորդ` Հաստաբեստագլուխը էնքան գործ ուներ, հո Երկարուկագլխի պես պարապ-սարապ չէր, դատարկ խոսակցության ժամանակ չուներ: Բայց դե` ինքն իր հաստաբեստ բարձունքներից իջել, կանչել էր էդ Երկարուկագլխին, ու հիմա սա` ոչ «ա», ոչ «բ», էդ էլ մի բան չէր: «Էդ էլ մի բան չէր»-ին հենց հասավ, արյունը խփեց գլխին: Հաստաբեստագլխի արյունը էդ տեսակ արյուն էր, մեկ էլ` հո’պ, խփում էր գլխին:
-Չփորձես արդարանալ, չփորձես,- փրփրեց Հաստաբեստագլուխը:
Երկարուկագլուխը` հե’չ: Երկարուկագլխի արյունը էդ տեսակ արյուն չէր, մեկ էլ` հո’պ, չէր խփում գլխին:
-Արդարանալու տեղ չունես, ինձանից լավն ես հա՞, ինձանից լա՞վն ես, որ ամեն անգրագետ անասունի առաջ վիզ եմ ծռում, հինգդոլարանոց պոռնիկի նման կոտրատվում եմ, որ էս առուփախի ժամանակներում ոտի տակ չընկնեմ:
Երկարուկագլուխը` հե’չ: Հաստաբեստագլխի համար պատ էր, պատ էլ մնաց, բայց մտքում խոսեց. «Երեւի շտապում է որեւէ անգրագետ անասունի առաջ վիզ ծռելու կամ հինգդոլարանոց պոռնիկի պես կոտրատվելու, ինձ նման անհուսալի տարրն էլ ուշացնում է»:
-Քեզ հետ եմ, ձեն հանիր, ինձանից լա՞վն ես,- Հաստաբեստագլուխը ճակնդեղի պես կարմրել էր, ծանր էր շնչում,- քեզ թվում է` ես չեմ հասկանու՞մ, որ սրանք տականք են, որ սրանք էշի տղերք են:
«Էլի` էշ… Արժող-չարժող էդ խեղճ հայվանին է առնում-դնում, ի՞նչ են ուզում էդ համեստ, սիրուն աչքունքով կենդանուց»… Ու էլ չէր լսում Հաստաբեստագլխին: Տեսնում էր, որ արդեն կապտում է, բայց չէր լսում. «Չբերե՞մ`էշերի պաշտպանության կոմիտե ստեղծեմ, մեկ էլ տեսար` եվրոպացիք գրանտ տվեցին, գործազրկությանս վերջն էլ կգա, տնեցիքի փնթփնթոցից էլ կպրծնեմ, էշերի նկատմամբ պատմական անարդարության հարցն էլ կլուծեմ»:
-Ի՞նչ ես խրխնջում,- Հաստաբեստագլուխը կատաղությունից կապ-կապույտ էր, սկսեց հեւալ,- ուզում ես` հենց էսօր էլ սոված սատկիր, հեչ պետքս չի:
«Դու էլ էնքան կեր` տրաքիր, իմ էլ` հեչ պետքը չի»,- ու հորանջեց:
-Հորանջում ես, հա՞: Իբր` ձանձրանում ես, հա՞: Տո’, որ խեղճ մերդ լացուկոծ չդներ, ոչ էլ ուզում էի երեսդ տեսնել,- Հաստաբեստագլուխը դեղնեց ու սկսեց խռխռալ:
«Որ ասում էր, չէի հավատում, փաստորեն` հայրենասեր է, կարմրեց, կապտեց, դեղնեց էն մեր արյունոտ դրոշի նման»: Երկարուկագլուխը վեր կացավ:
-Էս… գնու՞մ ես,- կարմրակապտադեղնեց Հաստաբեստագլուխը:
- Հա~,- վերջապես ծոր տվեց Երկարուկագլուխը, հասավ դռան մոտ, մեկ էլ անսպասելի շրջվեց,- էշերին բան չասես,- ու երգեց,- Կարմիր, կապույտ, ծիրանագույն, ասում ենք վերջ կյանքին անգույն:
-Ձե՞ռ ես առնում, տո բոմժ,- Հաստաբեստագլուխը սեւացավ, մոռացավ, որ Երկարուկագլուխն իր ազնիվ ցեղից է, նրա խեղճ մերն էլ խնդրել է, որ իր կյանքից բան չհասկացող որդուն խելքի բերի, մի կտոր հացի տեր դարձնի: Մոռացավ ու մոխրամանը շպրտեց Երկարուկագլխի հետեւից: Բայց բոմժն արդեն դռան հակառակ կողմն էր, լսեց, որ ինքը բոմժ է, ինչ-որ առարկայի փշրվելու ձայն էլ լսեց, բայց չշրջվեց, արագ-արագ իջավ աստիճաններով, որ հասնի տուն ու էշերի պաշտպանության կոմիտե ստեղծի:
-Էս ողորմելիին տեսա՞ր,- պատից իրեն հետեւող շեֆի լուսանկարին դիմեց Հաստաբեստագլուխը:- Սոված սատկում է, հետն էլ ձեռ է առնում ինձ: Ի’նձ… Ի’նձ…
Մի քանի անգամ ասաց` ի’նձ, հետո մտածեց` շեֆը սխալ կհասկանա, որ ինքն էդտեղ պատից կախ, «քե’զ, քե’զ» ասելու փոխարեն` սա ասում է` ի’նձ, ի’նձ… Մի պահ սսկվեց, կարկինով գծած գլուխը տձեւվեց, էն անթերի կլորիկությունը կորցրեց:
-Սոված սատկում է, հետն էլ ձեռ է առնում,- ձայնն իջեցրած կրկնեց Հաստաբեստագլուխը: Առանց ինձ-ի:- Տո’, իմ էշ խելքն ասա, որ բանուգործս թողած` ուզում էի էս ավարային մի կտոր հացի տեր դարձնել:
Երկարուկագլուխն արդեն դուրս էր եկել շենքից: Վերից վար չափեց շենքը, շենք մտնող-դուրս եկողներին, քթի տակ ասաց` թե ե՞ս էստեղ ինչ գործ ունեի: Հետո զգաց, որ գլուխը պտտվում է: Վերջին օրերին հաճախ էր գլուխը պտտվում: Մտածում էր` երեւի թերսնումից է: Էդ պահին էլ նույնը մտածեց: Շուրջը նայեց, որ հենվելու մի բան գտնի: Չգտավ: Մի քայլ արեց ու ընկավ: Գլխին հավաքվածներից մեկն ասաց` մեռավ: Երկարուկագլուխը լսեց, բայց քանի որ մեռած էր, ծպտուն չհանեց:
Երեկոյան կողմ Երկարուկագլխի մահվան լուրը հասավ Հաստաբեստագլխին: «Էդ ի՞նչ եք ասում, էդ ո՞նց, վայ, դրա խեղճ մերը…»,-ասաց: Հետո լսափողը դրեց, մտածեց` թե չէ որ ապրում էր` ինչ: Հետո որոշեց հաջորդ օրը մխիթարել Երկարուկագլխի խեղճ մորը, թաղումն էլ` իր վրա, ու խիղճը հանգիստ գնաց ռեստորան: Հետո` մի ուրիշ ռեստորան: Հետո` սաունա, հետո` աղջիկ-մաղջիկ, բան-ման: Հետո սաունայից դուրս գալուց ոտքը սայթաքեց, կարկինով գծած գլուխը կպավ պատին, ընկավ: Աղջիկ-մաղջիկներից մեկն ասաց` մեռավ: Հաստաբեստագլուխը լսեց, բայց քանի որ մեռած էր, ծպտուն չհանեց: Տարան դիահերձարան: Կողքին պառկածը Երկարուկագլուխն էր, որի գլխում մեծ ուռուցք էին հայտնաբերել ու զարմացել, թե ոնց է էդքան ապրել: Հաստաբեստագլխի ուռուցքն էլ ստամոքսում հայտնաբերեցին ու զարմացան, թե էդքան կերածը ոնց է տեղավորվել էդ հսկա ուռուցքի կողքին: Ինչ որ է. էդ ազնիվ ցեղում հաստաբեստագլուխներ շատ կային, ոչ մեկին անտեր չթողեցին: Հաստաբեստագլխին էլ, Երկարուկագլխին էլ տեղը տեղին թաղեցին:
Ու թե էն աշխարհ ինչ տարավ իր հետ Հաստաբեստագլուխը` անհայտ մնաց, բայց որ Երկարուկագլուխը իր հետ տարավ էշերի պաշտպանության կոմիտեի ստեղծման արդար գաղափարը, ու էդ պատմական անարդարության հարցը նորից չլուծվեց` սա հաստատ բան է. էշերն էլի անտեր մնացին, ու էլի արժող-չարժող շարունակում է ամեն մի հայվանի ասել` էշ:
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий