Մարկեսը գրեց. «Բազմացե՛ք, կովե՛ր, կյանքը կարճ է»: Վանոն հաստատեց Մարկեսի միտքը, ասաց՝ գնացեք, ձեր խոտը կերեք, մենակ՝ մեզնից հեռու: Մայիսի 6-ին համոզվեցի, որ իզուր ենք Մարկեսի էս միտքը էսքան տարածել, որովհետեւ սրանք լսեցին, հավատացին, որ կյանքը կարճ է ու բազմացան, բայց ոչ մեզնից հեռու: Եվ հասկացա, թե էս փոքր երկրում ինչպես առաջացան էսքան կովեր, որ նախիրով լցվեցին ընտրական տեղամասեր եւ երգեցին իրենց երգը վասն հանրապետականի: Մայիսի 6-ին հասկացա հանրապետական կովերի հոգեբանությունը ավելի խորքային ձեւով. տգետ են, ինքնաբավ չեն, միշտ թրեւ են եկել իշխանությունից իշխանություն, մարդկանց ենթարկեցրել են իրենց, կեղծել են ընտրություններ, եւ էս ամենի կողքին ամենանողկալին մարդ ու բարեգործ խաղալու, արդար ընտրություն անցկացնողի նրանց մոլուցքն է: Սկզբում փորձում են քեզ վրա գոռալ, հետո, երբ հասկանում են, որ չես լռում, սկսում են քծնել: Իրենք երբեք չեն հասկանա, որ դու քո անձնական շահի համար չես պայքարում, որովհետեւ դա իրենց համար խորթ բան է, օտար մարմին է, որ իրենց ուղեղը չի ընդունում, չի ընկալում, կուլ չի տալիս ու բնականաբար չի էլ մարսի: Իրենք վեր են օրենքից, ու ոչինչ, եթե 15 հոգուց ավելի մարդ կա ընտրատեղամասում. «դե ինչ անենք, ախպեր կամ քուր ջան, ինչ կլինի», ոչինչ, որ խմբակային են քվեարկում, «դե ախր մարդուկնիկ ամեն ինչ միասին պիտի անեն»: Դե ախր քուր ջան, մի նկարի ինձ, կարող ա՞ գաս՝ մեր տանն էլ նկարես, ճնշում ես ինձ:
Իրենք ահավոր ատում են 90-ականները, չնայած էսօրվա պաշտոնյաների մեծ մասը էն ժամանակ էլ ընդդիմություն չի եղել: Իրենք ահավոր ատում են մութուցուրտը, իրենց մոտ անգամ անիմաստ է հաղթանակի մասին խոսել, որովհետեւ իրենց համար հաղթանակը իրենց զոռբայությունն է: Իմ կարծիքով իրենք ատում են 90-ականները հենց անկախության պատճառով ու դա ստվերում են մութուցուրտով: Իրենք չեն էլ թաքցնում, որ ազատությունը լավ բան չի, դե անկախությունն էլ բնականաբար: Ի՞նչ վատ էր սովետը: Իրենք իրոք վախենում են ազատությունից: Իմ այն արձագանքին, թե ես ուզում եմ, որ այդ երեխաները ազատ մեծանան, մեկն արձագանքեց՝ համասեռամո՞լ դառնան: Ես հիմա մի բանի համար կարող եմ չսիրել մութուցուրտը. որ իրենց ուղեղները իրոք մնացին մութուցրտի մեջ ու մնացին անդառնալի կերպով:
Մինչեւ ընտրությունները չէի պատկերացնում հանրապետական ընտրող մարդու ձեռքը, դեմքը, աչքերը, գրիչը, չնայած գիտեի, որ դրանք գոնե ընտրելու են, բայց էդ օրը ամեն ինչ պարզ դարձավ: Իրենց համար ձեռնտու է այս վիճակը, իրենք զզվում են ազատությունից, որովհետեւ էդ դեպքում իրենք չեն լինելու էն, ինչ կան, ինչ դարձել են, էդ դեպքում իրենք հայտնվելու են իրենց արժանի տեղերում եւ չեն ունենալու ճորտեր: Սա նշանակում է, որ իրենք վերանալու են, որովհետեւ այլ կերպ չեն պատկերացնում իրենց կյանքը, եւ դա է պատճառը, որ մինչեւ վերջ պահում են իրենց իշխանությունը:
Եվ էսքան անինքնաբավ, էսքան չար, էսքան շահամոլ ու տգետ մի տեղ տեսնելով՝ մտածում էի՝ գաճաճ ցախեսների ձեր ցեղը: Հոֆմանը մի գործ ունի. «Գաճաճ Ցախես կամ անվանյալ Ցիննոբեր»: Երբ կարդում էի էս գործը, անմիջապես Սերժին պատկերացրի: Եվ հիմա էսքան գաճաճ ցախեսներ, որ լցվել են էստեղ եւ անվանվում են ցիննոբեր, նախագահ, քաղաքապետ, նորից կկոչվեն գաճաճ Ցախես, քանի որ եթե իրենց նպատակը ինձ էնքան զզվեցնելն է, որ թողնեմ իրենց հանգիստ ու գնամ ու թողնեմ իրենց անվանյալ էսինչ կամ էնինչ, ապա ասեմ՝ ձեր ուզածին չեք հասել: Դուք հասել եք նրան, որ ես ավելի, քան առաջ, վստահ եմ, որ էս երկիրը ձեզ չեմ թողնելու ոչ մի դեպքում: Իսկ ինչ վերաբերում էր կովերին, ապա, ո՛չ սիրելի կովեր, այլեւս մի բազմացեք, կյանքն իրոք կարճ է նրա համար, որ դուք էսքան բազմանաք. խոտն ափսոս է, ձեր տված կաթից էլ գոհ չենք:
Комментариев нет:
Отправить комментарий