Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

12.04.2012

Խզմալյանի ստերը բացվում են


Հեղինակ՝ Արզօ
Դերենիկ Դումանյանի պարզաբանումները


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի տիկնոջ` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու շուրջ հետաքրքիր զարգացումները շարունակվում են:

Լրատվական կայքերից մեկի փոխանցմամբ, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ եւ պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ իր կինը` Երեւանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում է: Խզմալյանը միեւնույն ժամանակ հայտնել է, որ կատարվածը ադմինիստրատիվ թյուրիմացություն է, եւ որ ինքը երեկ (ապրիլի 10-ին) հանդիպել է Բժշկական համալսարանի ղեկավարության հետ,
որպեսզի այդ թյուրիմացությունը լուծվի: Ասել է նաեւ, թե բուհի ղեկավարության հետ պայմանավորվել է, որ «մինչեւ թյուրիմացությունը չպարզվի», ինքը հայտարարություններ չի անելու:
Նշեմ, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իրեն ընդդիմադիր համարող գործիչ Տիգրան Խզմալյանի կինը ՀՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 116-րդ տեղը, իսկ կինոռեժիսորն էլ մեր զրույցում վստահեցրել էր, որ դա իր համար անակնկալ էր: Կինը նույնպես, ըստ Խզմալյանի, չի իմացել, որ իր անունը ՀՀԿ ցուցակում է հայտնվելու:
Երեկ գրավոր հարցմամբ դիմեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ անդամ Դերենիկ Դումանյանին` պարզելու նպատակով, թե ինքն ի՞նչ առնչություն ունի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի` ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու փաստի հետ, արդյո՞ք իր պահանջով կամ ճնշումների ներքո է եղել դա, ու նաեւ` ի՞նչ է անելու ինքը` Խզմալյանի ասած թյուրիմացությունը լուծելու համար: Եւ ահա ստորեւ ներկայացնում ենք Բժշկական համալսարանի ռեկտորի պատասխանը. «Որեւէ մեկը որեւէ մեկին չի կարող պարտադրել կամ ճնշում գործադրել որեւէ ցուցակում ընդգրկելու համար։ Եկեք խնդրին մոտենանք պարզ տրամաբանությամբ։ Հայաստանի հանրապետական կուսակցության ինչի՞ն էր պետք համամասնական իր ցուցակում ընդգրկել Երեւանի բժշկական համալսարանի հենց այդ ամբիոնի վարիչին` Նարինե Միրզոյանին։ Մեր համալսարանի 108 ամբիոնների վարիչների կեսից ավելին կանայք են, իսկ դրա կեսից ավելին էլ` դոկտոր-պրոֆեսորներ, ովքեր միգուցե առավել հստակ քաղաքական ու քաղաքացիական հայացքներ ունեն եւ ավելի վաստակաշատ գիտնականներ են։ Այս հարցում ես հանդես եմ եկել սոսկ խորհրդատուի կարգավիճակում։ Երբ Նարինե Միրզոյանը ցանկություն հայտնեց ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ խնդրեց ինձ` օգնել իրեն, հարցրեց, թե` արդյո՞ք կարող է խոչընդոտ հանդիսանալ այն հանգամանքը, որ ինքը Տիգրան Խզմալյանի կինն է (ես հենց այդ ժամանակ իմացա այդ մասին), նրան պատասխանեցի, որ դա որեւէ նշանակություն չունի եւ խորհուրդ տվեցի նախ խորհրդակցել ամուսնու հետ` ընտանեկան ապագա վեճերից խուսափելու համար։ Նարինե Միրզոյանը հավաստիացրեց, որ ամուսինը որեւէ խնդիր չի տեսնում եւ տվել է իր համաձայնությունը։ Դրանից հետո Նարինե Միրզոյանն, ինչպես կարգն է, այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, լրացրել համապատասխան փաստաթղթերը` խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում եւ ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը (տեղեկանք մշտական բնակության մասին, հայտարարագիր եկամուտների մասին եւ այլն)»։
 Դերենիկ Դումանյանը նաեւ հաստատել է կինոռեժիսորի հայտարարությունը, թե իրենք հանդիպել են: Նա միեւնույն ժամանակ բացահայտել է ուշագրավ մանրամասներ: «Ապրիլի 10-ին Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ եւ ներողություն խնդրել այն բանի համար, որ ինքն իր կնոջը համաձայնություն տալուց առաջ չի պատկերացրել, թե դա որքանով կարող է ազդել իր, այսպես կոչված, «իմիջի» վրա։ Նա ինձնից թույլտվություն էր խնդրում, որպեսզի կինը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ցուցակից դուրս գալու համար։ Ես նրան պատասխանել եմ, որ ինչպես ցուցակում ընդգրկվելու հարցում եք երկուսով որոշում կայացրել, այնպես էլ հետագա ձեր քայլերը միասին որոշեք»,- ասված է բուհի ռեկտորից մեր ստացած գրավոր պարզաբանման մեջ։ Եւ իսկապես, Տիգրան Խզմալյանը երեկ հայտարարել է, թե կինն «այս ժամերին» ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, սակայն, ինչպես մեր զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Նարինե Միրզոյանից ինքնաբացարկի դիմում չի ստացվել: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Վարուժան Բալյանն էլ փոխանցեց, որ անձնագրային բաժնից Նարինե Միրզոյանն անձամբ է տեղեկանք վերցրել այն մասին, որ վերջին հինգ տարում ինքը մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Այդ տեղեկանքի առկայությունը պարտադիր է` համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

Աննա Զախարյան -12. 04. 2012

Комментариев нет: