Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

12.04.2012

Սարդարապատի գերեզմանոցում...


Մխոյանն ասում է` արդարություն չկա

Ապրիլի 6-ին Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի առեւանգման աղմկոտ միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործով մինչ օրս որեւէ մեկը չի ձերբակալվել, գործում կասկածյալներ նույնպես չկան:
Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ դեպքից երկու օր անց Մխոյանը դիմել էր ԸԸՀ եւ հանել իր թեկնածությունը:

Արդեն հայտնել ենք, որ անցյալ ուրբաթ օրը` ժամը 18.00-ի սահմաններում 20-25 անհայտ անձինք թակել էին Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի տան դուռը, զենքի սպառնալիքով նրան նստեցրել մեքենա եւ տարել Սարդարապատ գյուղի գերեզմանոց, որտեղ էլ դաժանորեն ծեծել էին նրան եւ սպառնացել` հրազեն կիրառել: Առեւանգված պատգամավորի թեկնածուի հետեւից գերեզմանոց են հասել նրա հարազատները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել: Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից հայտնել էին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը: Այսինքն, քրեական գործը չի վերաբերում առեւանգմանը:
Ստացվում է, որ ոստիկանությունը, ըստ էության, չի ընդունել Մխոյանի առեւանգման փաստը:
Երեկ մեզ հաջողվեց զրուցել Մերուժան Մխոյանի  հետ, որը մինչ օրս խուսափում էր լրագրողներից եւ չէր մեկնաբանել տեղի ունեցածը: Երեկվա նրա խոսքը դժվար է մեկնաբանություն անվանել, սակայն, ամեն դեպքում, ներկայացնենք:
- Պարոն Մխոյան, կպատմե՞ք, թե ինչ էր տեղի ունեցել ապրիլի 6-ին:
- Ես ոչ մի բանից տեղյակ չեմ:
- Ձեզ ոստիկանություն հրավիրե՞լ են, ցուցմունք տվե՞լ եք:
- Հրավիրել են, գնացել եմ, ասել եմ, որ ոչ մի բան ես չգիտեմ, ոչ եղել է, ոչ էլ ինձ հետաքրքրում է, թե ինչ է եղել:
- Այսինքն` Սարդարապատի գերեզմանոցի մոտ տեղի ունեցած միջադեպին ներկա չե՞ք եղել:
- Հա... որովհետեւ... էս աշխարհում արդարություն գոյություն չունի... էդ հարցով: Ի՞նչ ասեմ:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք հանել ձեր թեկնածությունը: Ճի՞շտ է, որ ձեզ պարտադրել են տեղի ոստիկանապետն ու դատախազը:
- Դա հեռախոսով խոսալու բան չի:
- Եթե այդ դեպքը չլիներ, ձեր թեկնածությունը կհանեի՞ք:
- Չէ:
- Միայն ձե՞ր անվտանգության հարցն էր դրվել, թե՞ նաեւ ձեր հարազատների:
- Հեռախոսով չեմ ուզում այդ մասին խոսամ, հետո ավելորդ բաներ որ չլինեն:
- Իսկ միջադեպի հետեւանքով լո՞ւրջ վնասվածքներ էիք ստացել:
- Չեմ ուզում խոսալ այդ մասին:
- Հիմա լա՞վ եք:
- Այո:
- Իսկ երկու երիտասարդները, որոնք միջադեպի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել, ովքե՞ր են: Ճի՞շտ է, որ նրանցից մեկի վնասվածքը հասցրել է ձեր որդին:
- Չեմ կարող կոնկրետ ասեմ, մինչեւ չտեսնեմ, չիմանամ:
- Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քննության ընթացքից տեղյա՞կ եք:
- Ոչ մի բանից տեղեկություն չունեմ:
Այլ հարցերի Մերուժան Մխոյանը հրաժարվեց պատասխանել:
Սարդարապատի գերեզմանոցի մոտ կատարվածի վերաբերյալ ոստիկանությունից հայտնել էին, որ «Արմավիր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ձախ քունքային կտրվածքով, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի մատների տրավմատիկ ամպուտացիա ախտորոշմամբ Արմավիրի հիվանդանոց բուժօգնության էր դիմել 1982 թ. ծնված Առնակ Կուրղինյանը: Հաղորդում էր ստացվել նաեւ, որ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել ձախ կոնքազդրի շրջանի կտրվածք ախտորոշմամբ Սամվել Պ.-ն` 1981թ. ծնված: «Արմավիրի» բժշկական կենտրոնից ավելի վաղ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել էին, որ Առնակ Կուրղինյանի մատները ձեռնաթաթի մոտից կտրված են եղել: Բայց ահա նույն բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանըերեկ մեզ ասաց, որ կտրված մատների վերաբերյալ լուրերը խիստ չափազանցված են: «Այդ վնասվածքները թեթեւ էին: Կար ավելի բարդ վնասվածք, ուրիշ բանի վրա էինք կասկածում: Նրա մոտ քունքոսկրի կոտրվածք կար, այդ կապակցությամբ, քանի որ դա գանգին մոտիկ ամենաբարակ ոսկորն է, եւ դա վտանգավոր է, համենայն դեպս` նրան մենք տեղափոխեցինք Երեւան: Բուժումը նա շարունակում է Երեւանում: Իսկ ձեռքի վնասվածքները իրենից ներկայացնում էին մատների կոտրվածք: Նրա մատները տեղն են»,- պնդեց «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենը:  Նշենք, որ Կուրղինյանը Արմավիրից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, մինչ օրս գտնվում է այնտեղ: Եթե ավելի վաղ բժիշկները ասում էին, որ հնարավոր չէ ասել, թե ինչքանով է նրա կյանքը վտանգված, ապա այժմ պնդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած մյուս երիտասարդի առողջական վիճակի վերաբերյալ Մեծամորի բժշկական կենտրոնից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Փոխարենը, մեզ հաջողվեց պարզել, որ Սամվել Պ.-ն Մերուժան Մխոյանի եղբայրն է, որը դեպքի վայր էր հասել` եղբորը օգնելու: Տեղեկություններ կան, որ Երեւանում բուժվող Կուրղինյանի վնասվածքները հասցրել է Մխոյանի հարազատներից մեկը: Եւ քանի որ քրգործ հարուցվել է միայն Կուրղինյանին վնասվածք հասցնելու եւ ոչ թե Մխոյանին առեւանգելու փաստի առիթով, հենց սրանով էլ պատգամավորի թեկնածուին պարտադրել են հանել թեկնածությունը: Այս քայլի դիմաց նրան խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել Կուրղինյանին վնասվածք հասցրած անձին: Սա է, թերեւս, պատճառը, որ նախապես հայտարարված «մատների տրավմատիկ» ամպուտացիան «հօդս է ցնդում»:  

Անի Գեւորգյան - 12. 04. 2012

Комментариев нет: