Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

17.04.2012

Հայտարարության փոխարեն

Պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը խոչնդոտելու կապակցությամբ մտածեցի, որ, որպես իրավապաշտպան, պետք է դատապարտող հայտարարությամբ հանդես գամ: Բայց ինչքան էլ չարչարվեցի` հայտարարություն չստացվեց: Ի՞նչ ասես եւ ի՞նչը դատապարտես: Ի՞նչ, ես պետք է լուրջ-լուրջ նստեմ եւ Սամվել Ալեքսանյանի՞ն դատապարտեմ: Դատապարտեմ մի մարդու, ում հետ ապրում ենք տարբեր հարթություններում ու տարբեր չափման համակարգերում, ում հետ ոչինչ ընդհանուր չունենք: Ո՞ւմ դատապարտես: Դատապարտում ես հույսով, որ քո խոսքերից, քո քննադատությունից, քո դատապարտումից դատապարտվողը մի պահ կանգ կառնի, կմտածի իր արարքի մասին, հնարավոր է՝ անգամ ամաչի: Բայց ՀՀ ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեպքում բացառվում է, որ նա ազդվի կամ հասկանա իմ դատապարտումը: Նա այսպես է վարվում ոչ թե այն պատճառով, որ վատն է, որ վատ դաստիարակություն է ստացել, չի կրթվել, գիրք չի կարդացել, այլ այն պատճառով, որ նա ԱՅՍՊԻՍԻՆ է:
Բոլորը գիտեն, որ հասարակական վայրում բնական կարիքներ հոգալ չի կարելի, բայց ոչ ոքի մտքով անգամ չի անցնի դատապարտել շանը կամ կատվին, որ այդ բանն անում են օրը ցերեկով, փողոցում, բոլորի աչքի առաջ: Չենք դատապարտում, որովհետեւ կենդանին այդպիսին է: Հավաքում, մաքրում ենք նրանց թողած տհաճ հետքերը: Նրանց տերերի ուշադրությունն ենք հրավիրում տհաճ հանգամանքների վրա: Եվ ահա հայտարարություն գրելու ընթացքում հանկարծ մտածեցի, իսկ ինչու եմ հրաժարվում ընդունել այս մարդուն այնպես, ինչպիսին որ նա կա: Ես նրան փոխել հաստատ չեմ կարող, ես նրան բուժել չեմ կարող: Նա այդպես է տեսնում աշխարհն ու կյանքը, նա այդպես է տեսնում իր դերն այս աշխարհում ու կյանքում: Քիչ թե շատ նորմալ ու կազմակերպված հասարակություններում նմաններին մեկուսացնում են: Փորձում են ուղղել կամ բուժել: Իսկ ես ոչ մեկը կարող եմ անել, ոչ էլ մյուսը: Այս դեպքում էլ քանի՞ կոպեկ կարժենա իմ դատապարտումը: Եվ ինչո՞ւ պետք է ես դատապարտեմ գործիքը, որով հարվածում են դիմացինի գլխին, այլ ոչ հարվածողին ու գործիքի տիրոջը: Պետք է դատապարտել Սերժ Սարգսյանին, ով Ալեքսանյանի պես մեկին, ով իրենից անկախ պատճառներով հայտնվել է իր համար անհասկանալի ու անպատկերացնելի իրավիճակում ու միջավայրում, ով մոլորված է ու չգիտի իր ով, ինչ եւ ինչի համար լինելը, օգտագործում է իր անձնական խնդիրները զարտուղի ճանապարհներով լուծելու համար: Այս պատմության մեջ, եթե կուզեք իմանալ, մեծ հաշվով Ալեքսանյան Սամվելը համար մեկ զոհն է: Պատկերացրեք, թե ինչքան կխորշեր նա ինքն իրենից, եթե ինչ-որ հրաշքով հանկարծ հասկանար` ինչն է լավ եւ ինչն է վատ: Ինչպես կխորշեր ինքն իրենից, եթե ինչ-որ հրաշքով հասկանար, թե ինչ նողկալի արարք է գործում իր շուկայում աշխատող եւ ամեն ինչով իրենից կախված կանանց օգտագործելով: Պարզ է՝ այդ կանայք աշխատատեղերի պահպանման խնդիրն են լուծում: Բայց ի՞նչ գնով: Նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր նոր աշխատատեղեր ստեղծելու, բարեկեցության ու արժանապատվության մասին: Հազարներով բազմախոստում թերթիկներ էր տարածում: Այսօր էլ է գյուղից գյուղ շրջում ու նույն խոստումները տալիս: Սա՞ է խոստացված բարեկեցությունը, երբ կանայք մի քանի հազար դրամով կամ աշխատատեղ չկորցնելու համար պատրաստ են փողոցի լաչառի դեր ստանձնել: Եվ Սամվել Ալեքսանյանի համար, եւ իրենց դեմքը կորցրած կանանց համար, եւ հայրենիքը լքած հայաստանցիների համար, եւ կեղծված ու կեղծվող ընտրությունների համար, եւ երեկվա այս դեպքի համար, եւ մեր երկրում ամեն-ամեն ինչի համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

 ՀԳԱսում են՝ Սամվել Ալեքսանյանը վիրավորվում է, երբ իրեն Լֆիկ Սամո են ասում: Ճիշտն ասած՝ ես էլ կվիրավորվեի, եթե նման մականուն ունենայի: Մականունն ինքնին վատ բան չէ: Վատ բան է վատ մականունը: Օրինակ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թետչերը մականուն ունի` Երկաթյա լեդի: Եվ նա դրանից չի նեղվում: Շատ կան հարգարժան մականունավորներ, ովքեր իրենց մականունները նորմալ են ընդունում: Անգամ դրանով հպարտացողներ կան: Յուրաքանչյուր ոք ինքն է կերտում իր կյանքը, եւ իր ապրած կյանքով է նրան մականուն «կպնում»: Եթե մականունը մարդուն չի գոհացրել կամ գոհացնում, ապա մարդը պետք է այնպես փոխի իր կյանքը, ու ինքնաբերաբար փոխվի նաեւ մականունը: Եթե Ալեքսանյան Սամվելի մականունն այս տարիների ընթացքում չի փոխվել` մեղավորը հենց ինքն է: Բայց եթե նա դրանից սկսել է նեղվել, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:

Վարդան Հարությունյան

Комментариев нет: