Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

29.04.2012

Ժողովրդագրական աղետի թվաբանությունը


Սերժ Սարգսյանի քառամյա վաղեմության կարգախոսը հիշում եք. «Առաջ, Հայաստան»։ Հիմա պարզվում է, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանը ոչ թե առաջ է գնացել, այլ նահանջել է առանց բացառության բոլոր ոլորտներում։ Բյուջեն նվազել է, տնտեսությունն անկում է արձանագրել, բնակչության թիվը նվազել է, աղքատների թիվն ավելացել է եւ այլն:
ՀՀԿ-ն, իհարկե, կարող է քարոզչական իր հոլովակներում անհեթեթ թվեր ու գրաֆիկներ ներկայացնել, բայց դա սովորական խաբեություն է։ Ցանկության դեպքում, օրինակ, կարելի է գրաֆիկ նկարել, ըստ որի` 2010-ին Հայաստանում կարտոֆիլի բերքն ութ անգամ ավելի շատ է եղել, քան 2002-ին` ձմերուկի ներկրումը։ Հանրապետականների քարոզչությունը հենց այս տրամաբանությամբ էլ իրականացվում է, եւ անհասկանալի է մնում միան մի հարց` ի վերջո ո՞րն է այս խեղկատակության նպատակը։ Սերժ Սարգսյանն անընդհատ խոսում է այն մասին, թե երկիրը զարգացել է ու շարունակելու է զարգանալ, իրենք պիտի դեմքով շրջվեն դեպի մարդը (փաստորեն` մինչեւ հիմա քամակով էին շրջված), կյանքի որակը լավացել է ու ավելի է լավանալու, վերջում էլ ասում է` ժողովրդագրական վիճակն արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Սերժ Սարգսյանն ինքն է ասում, որ Հայաստանը դատարկվում է, բայց պատճառների մասին ոչինչ չի ասում։ Օրինակ` դինոզավրերը վերացան երկնաքարերի պատճառով, մամոնտները վերացան, որովհետեւ կլիման ցրտեց, իսկ Հայաստա՞նն ինչու է դատարկվում, ո՞րն է պատճառը։ Գուցե Սերժ Սարգսյանը կարծում է, թե հայ ժողովուրդը մոռացե՞լ է երեխա ունենալու ձեւը (դրա համար էլ երիտասարդներին կոչ է անում սիրել, ամուսնանալ եւ բազմանալ)։ Կամ ի՞նչ է նշանակում` «պայմաններ ենք ստեղծելու, որ երիտասարդ ընտանիքներն ունենան նվազագույնը երեք երեխա»։ Այնպես են խոսում, կարծես խոսքը ոչ թե մարդկանց, այլ սպասարկող անձնակազմի գլխաքանակի մասին է։ Իսկ իրականում երկիրը դատարկվում է, որովհետեւ Հայաստանում այս իշխանությունները կյանքի համար անտանելի պայմաններ են ստեղծել։ Իշխանական համակարգն է ստեղծել այդ պայմանները` օլիգարխներով ու նրանց սափրագլուխներով, կրիմինալով, հարկային տեռորով, չինովնիկական «բեսպրեդելով» եւ այլն, իսկ այդ համակարգի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Այսինքն` ստացվում է, որ հենց Սերժ Սարգսյանն է մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։
Խոսենք կոնկրետ թվերով։ Երիտասարդները չեն ամուսնանում եւ «առնվազն երեք երեխա» չեն ունենում, որովհետեւ ոչ աշխատանք ունեն, ոչ  բնակարան։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնապես ընդունում է, որ ունի կանխիկ մեկ միլիոն դոլար։ Թե որտեղից աշխատավարձով ապրող պաշտոնյային մեկ միլիոն` այլ հարց է, բայց բոլորն էլ գիտեն, որ իրականում նրա ունեցածը առնվազն հարյուր անգամ ավելի շատ է։ Իսկ դա, ի դեպ, 2 հազար բնակարանի գին է։ Հասկանալի է, չէ՞, որ եթե չինովնիկը 2 հազար հատ բնակարանի փող ունի, 2 հազար երիտասարդներ ի վիճակի չեն լինելու ընտանիք կազմել ու հեռանալու են երկրից։ Սերժ Սարգսյանի ունեցածն առնվազն տասը անգամ ավելի շատ է, այսինքն` նա 20 հազար բնակարանի փող ունի, իսկ դա արդեն «առնվազն երեք երեխա ունեցող» ընտանիքներով կազմում է 100 հազար մարդ` ավելին, քան Վանաձոր քաղաքի բնակչությունն է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Հայաստանում կա պետական պաշտոնյա, ով ցանկացած պահի կարող է իր գրպանի փողով 20 հազար երիտասարդ ընտանիքների ապահովել բնակարանով, բայց դրա փոխարեն կոչ է անում «իրար սիրել ու բազմանալ»։ Իսկ հիմա փորձեք հաշվել, թե որքան է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվածների ընդհանուր ունեցվածքը։ Հաստատ ավելի շատ է, քան անհրաժեշտ է Հայաստանից արտագաղթած մեկ միլիոն մարդկանց աշխատանքով եւ բնակարաններով ապահովելու համար։ Այսինքն` սրանք տարիներ շարունակ թալանել են երկիրը, արդյունքում` մեկ միլիոն մարդ արտագաղթել է, իսկ հիմա կանգնել են, թե «վա՛յ քու, արա՛, էս խի՞ ա երկիրը դատարկվում, հլը մի հատ շուշուտ էրեխա ունեցեք»։
Այո, Հայաստանը ժողովրդագրական աղետի առջեւ է կանգնած, բայց ժողովրդագրական աղետն ընդամենը հետեւանք է, բուն աղետը երկրի կառավարման հանցավոր համակարգն է,  որի հետեւանքով բնապահպանական աղետներ էլ կլինեն, սոցիալական աղետներ էլ, ժողովրդագրական աղետներ էլ։ Քանի դեռ հանցավոր այս համակարգը չի փոխվել` «առնվազն երեք երեխա ունենալը» չի օգնի։ Պիտի ծնվեն, մի քիչ մեծանան ու արտագաղթեն։ Պետք է Հայաստանը դարձնել նորմալ երկիր, ու այդ դեպքում բնակչությունը կբազմանա` առանց որեւէ կոչի։

28.04.2012  Մարկ Նշանյան

Комментариев нет: