Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

19.03.2012

Պատասխաններին սպասելիս


Տիպային հարցաշար` քարոզիչների համար

Տիպային հարցաշար` քարոզիչների համար
Ցանկացած ընտրություն նախ եւ առաջ մրցակցություն է, բայց քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ հաղթում է ոչ թե լավագույնը, այլ նա, ով ավելի լավ է համոզում, որ հենց ինքն է լավագույնը։ Դրա համար էլ մեզանում նախընտրական ժամանակահատվածները վերածվում են ստախոսության մրցույթի. կուսակցություններին թվում է, թե ով ավելի լավ խաբեց ժողովրդին` նա էլ հաղթելու է։ Ընդ որում, խաբելու ձեւերը (մասնագետները դրանք կոչում են «քարոզչական տեխնոլոգիաներ») գնալով կատարելագործվում են։
 
Խնդիրն ընդամենը այն է, թե արդյո՞ք զուգահեռաբար կատարելագործվում են նաեւ խաբեությանը դիմակայելու մեթոդները։ Բնության մեջ, օրինակ, այդ համաչափությունն ինչ-որ կերպ պահպանվում է. որքան կատարելագործվում են ձկնորսական պարագաները, այնքան ձկներն ավելի «շուստրի» են դառնում։ Մարդկանց խաբելու ձեւերը նույնպես կատարելագործվում են։ Օրինակ` հիմա արդեն «մատնոց ֆռցնելու» համար միայն ձեռքի ճարպկությունը քիչ է, կողքից մասնակցողներ են պետք, խորհուրդ տվողներ, կեղծ հաղթողներ եւ այլն։ Բայց «մատնոց ֆռցնելու» գործը հեշտ է` կարելի է պարզապես կողքով անցնել եւ չմասնակցել։ Իսկ ընտրությունների ժամանակ դա հնարավոր չէ. կողքով անցնելը նույնպես մասնակցություն է։ Հարց է ծագում` ինչպե՞ս դիմակայել խաբեությունների ալիքին, եւ ինչպե՞ս պարզել` ով է խաբում, եւ ով է ճիշտն ասում։
Մենք, օրինակ, առաջարկում ենք հետեւյալ տարբերակը։ Շատ շուտով պատգամավորության թեկնածուները հրեշտակային դեմքերով գյուղեգյուղ են ընկնելու, հանդիպելու են ժողովրդի հետ ու իրար հերթ չտալով սկսելու են պատմել, թե ինչպես են պատրաստվում Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առջեւ, օլիգարխները տատիկներին կօգնեն անցնել փողոցը եւ այլն։ Խորհուրդ ենք տալիս այդ ելույթները լսել միայն այն բանից հետո, երբ ելույթ ունեցողը հստակ կասի, թե որքան է կազմում իր անձնական ունեցվածքը, եւ ինչպես է ինքը կուտակել դա (խոսքը, հասկանալի է, վերաբերում է բոլորին` բացի Սամվել Ալեքսանյանից. նրա դեպքում ամեն ինչ պարզ է` կինն է փողը տալիս)։ Եկեք իրար ճիշտ հասկանանք, հարուստ լինելը վատ բան չէ։ Անհայտ ճանապարհներով հարստանալը, դա թաքցնելն ու սոցիալական թեմաներով ելույթ ունենալն է վատ բան։ Ի՞նչ է պատահել, թող ելույթը սկսելուց առաջ պարզ ասի` ունեմ տասը միլիոն, թալանել եմ այս-այս-այս ոլորտները, հիմա էլ խոստանում եմ հետայսու անմնացորդ ծառայել ժողովրդին։
Իսկ եթե ելույթ ունեցողները պետական պաշտոնյաներ լինեն, առաջարկում ենք հետեւյալ տիպային հարցաշարը (ցուցակը կարելի է բազմացնել, փակցնել գյուղապետարանների կամ ակումբների պատերին եւ քարոզիչներին ստիպել, որ անպայման պատասխանեն բոլոր հարցերին). 1. Որքա՞ն է ձեր աշխատավարձը, 2. Ի՞նչ արժե ձեր հագի կոստյումը, 3. Որքա՞ն է հայաստանյան մանկատների միջին տարեկան բյուջեն, 4. Ի՞նչ արժե ձեր ավտոմեքենան, 5. Ի՞նչ բիզնեսներ ունեն ձեր եղբայրները, քույրերը, բաջանաղները, զոքանչները եւ այլ ազգականները, 6. Քանի՞ կուսակցություն եք փոխել ձեր քաղաքական կարիերայի ընթացքում։ Շարքն, իհարկե կարելի է շարունակել, բայց կարծում ենք` այսքանն էլ բավական է, որ հրեշտակային ելույթների ունկնդիրները պատկերացում կազմեն ելույթներն ունեցողների մասին, ինչն էլ կօգնի, որ խաբեբաներն իրենց նպատակներին չհասնեն։
Ասվածն, ի դեպ, միայն իշխանական կուսակցություններին չի վերաբերում, բոլորի՛ն է վերաբերում։ Այլ հարց է, որ պետական պաշտոնյաները հիմնականում իշխող կուսակցությունների ցուցակներում են։ ՀՀԿ-ի ցուցակն, օրինակ, առայժմ հրապարակված չէ, բայց կարող ենք գրազ գալ, որ ցուցակի առաջին տասնյակում ներգրավված կլինեն միայն «աշխատավարձով ապրողներ», եւ նրանց ընդհանուր ունեցվածքը մի քանի անգամ կգերազանցի ՀՀ պետբյուջեն։ Ավելին, կարող ենք  գրազ գալ, որ առաջին տասնյակի ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր գինը մեկ միլիոն դոլարից ավելի է։ Հիմա պատկերացրեք` հենց այս թիմն էլ պիտի ժողովրդին համոզի, որ գիշերները չի քնում ու մտածում է մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու մասին։ Բան չունենք ասելու, նրանք գուցեեւ կատարելագործել են ելույթների տեքստերը, նոր բառեր են գտել, ավելի նրբագեղ ձեւով են հրեշտակների թեւեր փակցրել ուսերին, բայց ժողովուրդն էլ երեւի կեղծիքը բացահայտելու մեթոդներն է կատարելագործել։ Այնպես որ` համաչափությունը պահպանված է, եւ մարդկանց հիմարացնել չի հաջողվի։
Իսկ հարցաշարը պատերին փակցնել անպայման պետք է։ Մարդիկ քարոզարշավից գոնե հաճույք կստանան` տեսնելով, թե ով ինչպես է փորձում տակից դուրս գալ։

17.03.2012  Մարկ Նշանյան

Комментариев нет: