Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

20.03.2012

Սուքիասյանն ունի՛ տեղեկանք

Օրերս ոստիկանությունը պատահաբար իմացել է, որ «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը որոշ ժամանակ բացակայել է հանրապետությունից, ու որոշել է հետ կանչել ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժնի տեղեկանքն այն մասին, որ Սուքիասյանը վերջին 5 տարիների ընթացքում բնակվել է ՀՀ-ում:

Մոտավորապես այսպես է հնչում ոստիկանության բացատրությունը, թե ինչու է հանկարծ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը անցած շաբաթ անվավեր ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում եւ ՀՀ քաղաքացի է հանդիսացել: Նշենք, որ եթե Խաչատուր Սուքիասյանի տեղեկանքի հարցը չլուծվի, նա ոչ միայն չի կարող մասնակցել ընտրություններին թիվ 10 ընտրատարածքում, այլ նաեւ չի կարող ընդգրկվել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում:
Մարտի 17-ին Խաչատուր Սուքիասյանը դիմում է ուղարկել ԿԸՀ եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որում նշված է, որ անձնագրային եւ վիզաների վարչության գրությունը չի կարող իրեն` որպես պատգամավորի թեկնածու գրանցելը մերժելու հիմք հանդիսանալ, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե նա չունի ընտրվելու իրավունք, եւ եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված, մինչդեռ իր ներկայացրած բոլոր փաստաթղթերն անթերի են: «Ոստիկանության գրության մեջ նշվում է, որ Խաչատուր Սուքիասյանին մերժվում է բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը, այն դեպքում, երբ այդ տեղեկանքն այլեւս տրամադրված է, եւ այն պատշաճ ձեւով ներկայացվել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Հետեւաբար, այս պայմաններում, ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել սահմանված ձեւով տրամադրված տեղեկանքը, որպես պատշաճ ապացույց»,- նշված է Խաչատուր Սուքիասյանի դիմումի մեջ:
Այս մասին ոստիկանությունը եւս նախօրեին հաղորդագրություն է տարածել, որով փորձել է բացատրել Սուքիասյանին տրամադրված տեղեկանքի վերաբերյալ առաջացած խնդրի պատճառը: «Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատուր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու եւ հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու»` օրենքով սահմանված պահանջին: Մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը տեւական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Անձնագրային եւ վիզաների վարչությունը մարտի 15-ին նամակ է ուղարկել Խաչատուր Սուքիասյանին` տեղեկացնելով նրան ուսումնասիրության արդյունքների մասին: Նամակի պատճենն ուղարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից երեկ հետաքրքրվեցինք, թե եթե Սուքիասյանի բնակության վայրի վերաբերյալ ինչ-որ խնդիրներ կային, ինչպես էր Էրեբունու անձնագրային բաժինը նրան համապատասխան տեղեկանք տվել: «Մեր հաղորդագրության մեջ դա նշված է, նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից հետո խնդիր եղավ նորից ուսումնասիրել: Այն տեղեկատվությունը, որով ստուգվել է, բնականաբար տարածքային անձնագրային ծառայությունը չեն կարող պարզապես ունենալ»,- պատասխանեց Ահարոնյանը եւ, անդրադառնալով մեր հաջորդ հարցին, ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք որեւէ այլ թեկնածուի հետ կապված նման խնդիր առաջացել է, թե ոչ: Ի պատասխան հարցին, թե ինչպես է որոշվել, որ հանրապետությունից բացակայելու քանի օրն է քաղաքացուն զրկում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք ստանալու իրավունքից, Ահարոնյանը ասաց. «Հաղորդագրության մեջ գրված է, հղումները բոլոր կան: Գրված է, թե որ օրենքով: Եթե դուք նայեք, կտեսնեք»,- այնուհետեւ ավելացրեց, որ եթե կան հարցեր, Սուքիասյանը կարող է դիմել դատարան: «Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ  ոստիկանության արածը քաղաքական հետապնդում է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»,- հարցրինք Ահարոնյանին: «Չեմ մեկնաբանի»,- ասաց նա:
Փաստաբան Արա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյոք Սուքիասյանը արդեն դիմել է դատարան` ոստիկանության որոշումը բողոքարկելու համար: Փաստաբանն ասաց, որ դատարան դիմելու համար վաղ է, քանի որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է ոստիկանության հայտարարությանը արձագանքել ԿԸՀ-ն: «Ոստիկանության հայտարարությունը Սուքիասյանի համար հետեւանքներ չի առաջացնում: Այսինքն, դեռ հայտնի չէ, թե ինչպես է դրան արձագանքել ԿԸՀ-ն: Օրենքը ասում է, որ պետք է ներկայացնել տեղեկանք: Այդ տեղեկանքը ներկայացվել է: Իսկ ոստիկանության նամակի հետ կապված` օրենքով ընթացակարգ չկա, այսինքն` Խաչատուր Սուքիասյանի կողմից օրենքի բոլոր պահանջները պահպանվել են»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց, փաստաբանը եւ ավելացրեց, որ այժմ պետք է սպասել ԿԸՀ-ի որոշմանը: 
Հ. Գ. Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի դեմ արած ոստիկանության քայլը եւ համոզմունք է հայտնել, որ դա կարժանանա ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային հակազդեցության: Նաեւ հույս է հայտնել, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերականգնել օրինականությունը, «հակառակ դեպքում Կոնգրեսն ունի այս ապօրինությանը համարժեք պատասխան տալու հնարավորությունը»: «Խ. Սուքիասյանի նկատմամբ կատարված անզոր ու խարդախ այս քայլն այլ բան չէ, քան իշխանության վախի ու գծուծ վրեժխնդրության արտահայտություն: Սրանով արդեն իսկ ցնդում է այն առասպելը, թե այս իշխանությունը պատրաստվում է օրինական ու արդար ընտրություն անցկացնել»,- նշված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:

Անի Գեւորգյան - 20. 03.  2012

Комментариев нет: