Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.03.2012

Հասարակությունը հետաքրքրված չէ

Շուշանն ու իր հովանավորը


Այսօր` մարտի 23-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է երգչուհի, Հայաստանի հանրապետական կուսակցության նորաթուխ անդամ Շուշան Պետրոսյանի մենահամերգը` Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ:

Համերգը կրում է «Ես սիրում եմ…» խորագիրը, իսկ ազդագրի վրա գրված է` «Հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի»: Հատկապես ի՞նչ պետք է հասկանալ` «նախագահի հովանավորություն» ասելով, եւ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչուհին կարիք ունի իր հանդիսատեսին ներկայանալ ինչ-որ մեկի հովանավորությամբ, թեկուզեւ դա լինի Սերժ Սարգսյանը: Պարզվում է` ունի: Շուշան Պետրոսյանի արվեստը,
ինչպես երեկ ակնհայտ դարձավ, առանձնապես պահանջված չէ: Ու թերեւս ինքն էլ այդ ամենը սեփական մաշկի վրա զգալով` բռնել է քաղաքականության, ավելի կոնկրետ` Ազգային ժողովի ճանապարհը: Շուշան Պետրոսյանն, ինչպես հայտնի է, ընդգրկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում:   «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Օպերայի տոմսարկղերի աշխատակիցները մեր զրույցում երեկ ասացին, որ վաճառքի համար իրենց շատ քիչ տոմս է տրվել: Այդ  խիստ սահմանափակ քանակով տոմսերից էլ վաճառվել է ընդամենը մի փոքր մասը: Թվեր, սակայն, նրանք չնշեցին: Ուշագրավ է, որ այդ կարճ ժամանակամիջոցում, ինչ ես «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղի մոտ էի, դասական երաժշտության համերգի տասնյակ տոմսեր վաճառվեցին:
Շուշան Պետրոսյանի համերգի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանից հետաքրքրվեցի, թե ինչով է պայմանավորված տոմսարկղերին քիչ տոմս տրամադրելը: «Տոմսերը ոչ միայն տոմսարկղերում են վաճառվում: Նաեւ «տարածողներ» հասկացություն կա: Այդպիսի մարդ կա` Սաշա, որը տոմսեր է վաճառում: Կան կայքեր, որոնք վաճառում են: Հիմա ինտերնետի դար է, միայն տոմսարկղերում չեն վաճառում»,- ասաց նա: «Իսկ վաճառքից գո՞հ եք, տոմսարկղերում ասում են, որ շատ վատ է վաճառվում»,- հարցրի:
- Դե գիտե՞ք, այս դարում տոմսարկղից չեն առնում, ինտերնետում են առնում, տարածողներից են առնում: Տարբեր վաճառքի ձեւեր կան:
- Սպառումն ինչպե՞ս է:
- Նորմալ: Այնպես չէ, որ բում է, բայց նորմալ:
- Ինչո՞վ եք բացատրում, որ հետաքրքրությունը այդքան էլ մեծ չէ, ինչքան որ դուք կուզենայիք:
- Դա ո՞վ կարող է ասել, ի՞նչ իմանաս: Գուցեեւ ժողովուրդը այդքան գումար չունի, չնայած շատ մատչելի է` 1500, 2000, 2500 դրամ: Ես չգիտեմ դրա բացատրությունը:
Իսկ խոսելով այն մասին, թե ի՞նչ է նշանակում համերգի ազդագրի վրայի գրառումը` «Հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի», Արմեն Համբարձումյանը ասաց. «Օպերայի շենքում միջոցառում ունենալու համար հասարակ մարդիկ, այսինքն` ոչ թե հասարակ, մարդիկ, արենդա են վճարում»: Ապա նաեւ պարզաբանեց, որ Շուշան Պետրոսյանի համերգի համար Օպերայի թատրոնի շենքը տրամադրվել է անվճար: Հատկանշական է, որ նույն թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին ավելի վաղ հարցրել էի, թե Շուշան Պետրոսյանի համերգի համար դահլիճն արդյոք անվճա՞ր է տրամադրվելու, եւ նա հերքել էր այդ մասին մեր ունեցած տեղեկությունները: 
- Այսօր կամ վաղը պիտի գան, պայմանագիր կապենք: Ես դրան եմ սպասում:
- Հնարավո՞ր է` վճարեն դահլիճի համար:
- Անպայման: Ես ասել եմ` ինչ ուզում է լինի, ես առանց վճարի չեմ անում:
- Ուզում էին` առանց վճարի՞ լիներ:
- Չէ, ուղղակի ուշացնում են, դժվար թե առանց վճարի:
- Ինչքա՞ն է վճարը, եթե գաղտնիք չէ:
- Չեմ կարող ասել, ինքնարժեքի հարց կա, պիտի ինքնարժեքը որոշվի` էլեկտրաէներգիա է եւ այլն:
- Վաղը համերգն է լինելու, դուք էլ դեռ վերջնական համաձայնություն չունեք:
- Հա, ի՞նչ անենք, կարող են մյուս օրը տալ, էն մյուս օրը տալ: Պրակտիկորեն այդպիսի բաներ շատ են լինում:
- Նկատի ունեմ` գուցե համաձայնության չգաք` ինչ-որ մի բան իրենց ձեռք չտա, մի բան` ձեզ:
- Չէ, կգանք, չեմ կարծում:
Երեկ նաեւ փորձեցի պարզել, թե երաժշտասերների շրջանում որքանով են պահանջված Շուշան Պետրոսյանի ձայնասկավառակները: Երեւանի կենտրոնում գտնվող մասնագիտացված խանութներից մեկի աշխատակիցը ասաց, որ դրանք իրենց հաճախորդներին չեն գրավում: Նա, իհարկե, հավելեց, որ երգչուհին, կարծես, վերջին չորս տարվա ընթացքում նոր ձայնասկավառակ չի թողարկել, բայցեւ նկատեց, որ հետաքրքրվողներ էլ չեն լինում: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Շուշան Պետրոսյանը վերջերս մտադիր է եղել համերգ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգը, սակայն, չի կայացել` հանդիսատեսների շրջանում հետաքրքրություն չառաջացնելու պատճառով:
Հ.Գ. Շուշան Պետրոսյանի այսօր կայանալիք համերգին համերգասրահում տեղադրված էկրանների վրա կցուցադրվի հատուկ այդ համերգի համար նկարահանված ֆիլմ` Շուշան Պետրոսյանի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին, ինչը, թերեւս, պետք է դիտարկել նախընտրական քարոզչության համատեքստում:

Комментариев нет: