Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

02.03.2012

Գյուղապետը հերքում է


Եղե՞լ է, թե՞ չի եղել

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Ազատ Ղուկասյանը նախօրեին կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է Սյունիքի մարզային ոստիկանության քննչական բաժնում: Այսպիսով, նա արդեն պաշտոնապես կասկածվում է 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու փաստի առթիվ (16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, որը նախատեսում է մինչեւ երկու տարվա ազատազրկում): «Հետք օնլայն» կայքը գրել էր, որ Հարթաշենի գյուղապետը, որը գյուղի դպրոցում նաեւ ֆիզկուլտուրա է դասավանդում, փետրվարի 23-ին 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ», իսկ 14-ամյա աշակերտուհիներից մեկին հանձնարարել էր հետեւել իրեն: Աղջկա համադասարանցիների խոսքով, դա առաջին դեպքը չէ.  3 շաբաթ է, ինչ ֆիզկուլտուրայի ժամերին Ղուկասյանը նույն աղջկան կանչել ու տարել է իր աշխատասենյակ եւ նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ արել:
Հարթաշենի բնակիչները երեկ մեզ պատմեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ գյուղում լարված վիճակ է: Քննիչները մեկ առ մեկ հարցաքննում են գյուղացիներին ու փորձում պարզել, թե անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն ի վերջո եղե՞լ է, թե ոչ: Գյուղացիները հրաժարվեցին պատասխանել գյուղապետի մասին մեր հարցերին, ասացին, որ ոչնչից տեղյակ չեն, եւ որ «գյուղապետը շատ լավն է»: «Քննություն է կատարվում, փորձաքննություն է նշանակված, վերջիվերջո դեռ չենք կարող ասել, թե եղել է նման բան, թե ոչ: Որովհետեւ քննության ընթացքում պետք է ամեն ինչ պարզվի: Այստեղ մի բան կա, որ լուրջ կասկածներ է առաջացնում տեղի ունեցածի մասին: Այդ աղջիկը հոգեկան խնդիրներ ունի»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Սյունիքի ոստիկանության քննչական բաժնի ղեկավարներից մեկը, որը խնդրեց չնշել իր անունը, նաեւ ավելացրեց, որ գյուղապետի վերաբերյալ նախկինում նման բողոքներ չեն եղել, նա որեւէ քրեական գործում ներգրավված չի եղել: Նշենք, որ ըստ նույն «Հետք օնլայն» կայքի, առաջին անգամը չէ, որ 1962թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ, որ նա ժամանակին դպրոցի տնօրենն էր, եւ ըստ խոսակցությունների` պաշտոնանկ էր արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով:
Հարթաշենի դպրոցի տնօրեն Սիրազարդ Մկրտչյանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցին:  «Ես, կարծեմ, իրավունք ունեմ ձեր հարցերին չպատասխանել: Ես խնդրում եմ` այլեւս չզանգեք ինձ: Թող քննությունը ավարտվի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը: Ավելի ուշ էլ ասաց, որ կյանքում չի պատասխանի նշված դեպքի վերաբերյալ որեւէ հարցի եւ նորից անջատեց հեռախոսը ու մեր հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց:
Երեկ որոշ հարցեր ուղղեցինք նաեւ հենց Ազատ Ղուկասյանին: Նա պնդեց, որ իրեն փորձում են վարկաբեկել, որ իրեն շանտաժ են անում, խաղում են իր բարի համբավի հետ.
- Ուղղակի իմ դրության մեջ էլ մտեք: Բարձրաձայնել են, շատ բաների մասին են բարձրաձայնել, բայց փաստացի ապացույցներ պետք է լինեն, փորձաքննությունների արդյունքները պետք է լինեն: Ես որ իմանամ, որ ինչ-որ մի բանում մեղադրվում եմ, կասեմ` ամոթ ինձ:
- Բայց ձեզ արդեն կասկածում են անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործություններ կատարելու մեջ:
- Հա, բայց տենց բան չկա:
- Ա՞յլ բան է եղել, որը աղջիկը ներկայացնում է որպես նման միջադեպ:
- Չէ, չէ, չէ: Ոչ մի բան էլ չի եղել, դեպք չի եղել: Էդ ամեն ինչը շատ դժվար ա ասել:
- Ասում են, որ աղջիկը հոգեկան խնդիրներ ունի: Դա այդպե՞ս է:
- Այո, այո, այո: Բոլորը կարող են ասել ու ապացուցել դա: Չգիտեմ, թե դա ինչ հիվանդություն է: Մտավոր ինչ-որ խնդիր է: Ընտանիքում հինգ երեխաներ են, որոնցից երեքը նման խնդիր ունեն: Երեքն էլ աղջիկներ են: Դպրոցում ոչ նորմալ խոսում են, ոչ էլ: Կարող ա վեց ժամ դպրոցում նստեն, բայց մի բառ անգամ չխոսան: Ուղղակի ես մի բան գիտեմ, որ էս ամեն ինչը հատուկ են արել: Ես փաստացի տվյալներ ունեմ: Կինս գնացել էր իրանց տուն, իրա ծնողների, եղբոր մոտ, ու իրա մոտ ասել են, որ ասվել ա, որ ասեն, որ ես եմ արել:
- Իսկ չգիտե՞ք, ովքեր եւ քանի հոգի են ձեր դեմ ցուցմունք տվել:
- Չեմ կարող ասել, հիմա ոչ ոք չի կարող ասել: Բայց ես ասեմ, որ սա սուտ է: Ինձ փորձում են շանտաժ անել:
- Ո՞վ: Թշնամինե՞ր ունեք:
- Դե, հիմնական պատճառը դա է:
- Ո՞րը, որ թշնամինե՞ր ունեք:
- Այո:
- Ո՞ւմ է պետք ձեզ զրպարտել:
- Դե, չգիտեմ:
- Ինչ-որ մեկը ուզում է գյուղապե՞տ դառնալ, թե՞ այլ հարց կա:
- Չեմ կարող ասել:
Ազատ Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին եւ անջատեց հեռախոսը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ որ նշանակվել են փորձաքննություններ, եւ դրանց արդյունքները ստանալուց հետո պարզ կդառնա` գյուղապետին մեղադրանք կառաջադրվի՞, թե` ոչ: Ի դեպ, գործով տուժող աղջկա հարազատներից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Комментариев нет: