Միայն մտածողը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ընդամենը մեկ անգամ եմ գրել եւ համոզվել, որ դրանք համապետական ընտրությունների պուճուր եւ ավելի մունդառ տարբերակն են։ Այդուհանդերձ, իմ պաշտպանած թեկնածուն, չնայած բոլոր խոչընդոտներին ու կեղծիքներին՝ հաղթեց եւ դարձավ համայնքի ղեկավար:
Հիմա ուզում եմ գրել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների մասին, եւ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ընդդիմությունը ծանրակշիռ մասնակցություն ունի այդ ընտրություններում, եւ ոչ էլ այն, որ հարգում եմ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին։ Ինձ, պարզապես, շատ, չափազանց շատ դուր է եկել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հունվարի 31-ին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցը։
«- Անդրադառնամ Ձեր հարցին,- լրագրողին է դիմում քաղաքապետն ու երկմտանքի մեջ ընկնելով շարունակում,- ինչ եմ հասցրել անել ու ինչ չեմ հասցրել»։ «Արել եմ շատ բան». ասում է նա ու թվարկում գործեր, որոնց մասին իրեն հարգող պաշտոնյան չպետք է խոսեր, քանի որ դրանք համայնք ղեկավարողի ամենօրյա պարտականություններ են։
Ուրեմն՝ տեսեք, մարդը տասը տարի քաղաք է ղեկավարում եւ մեծ, շատ մեծ ակնածանքի ու մի նոր վստահության արժանի գործ է համարում ասֆալտ փռելը (1000 քմ), շենքերի տանիքները բարեկարգելը, ջրամատակարարում եւ գիշերային լուսավորություն ապահովելը։ Չորրորդ անգամ ընտրվելու հայտ ներկայացրած թեկնածուն այս թվարկումն ավարտում է լավատեսական նոտայով. «Ասեմ, որ չեմ հոգնել, սիրում եմ իմ աշխատանքը»։ Քաղաքապետի հանրապետական թեկնածուի համար աշխատանքը, որքան էլ ընթերցողին տարօրինակ թվա, մտածելն է։ Դա երեւում է նրա հետեւյալ խոստովանությունից. «Ես այս տարիներին միայն մտածել եմ քաղաքի մասին, ու կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է»։
Որ 10-ամյա քաղաքապետը ՄԻԱՅՆ մտածել է Հրազդանի մասին, երեւում է քաղաքապետարանի կայքում տեղադրված ինֆորմացիայից՝ արդյունաբերության մեջ նոր բան չի ստեղծվել, մշակույթի բնագավառում եղածին ոչինչ չի ավելացել, սոցիալական կամ առողջապահական ոլորտներում՝ նույնպես։ Իսկ որպես տասը տարվա տպավորիչ ձեռքբերում ներկայացվող 1000 քմ ասֆալտը, ընդամենը 200-250 մետրանոց փողոց կամ ճանապարհ է։ Քաղաքի մասին ՄԻԱՅՆ մտածող քաղաքապետն, ինչպես ինքն է խոստովանում՝ մտերիմ մարդկանց ու եղբայրների հետ կարողացել է իրականացնել որոշակի մասնավոր աշխատանքներ, կողքից ունենալ իր բիզնեսը։ «Դրանում վատ բան չեմ տեսնում, բիզնես եմ ունեցել, եւ ինչի էլ որ հասել եմ, այդ (ո՞ր) ճանապարհով եմ հասել, ոչ մեկին չեմ անհանգստացրել, այլ փորձել եմ նույնիսկ ես իմ ունեցածով ներդրումներ անել քաղաքում»։
Թե ինչու այդ ներդրումներից մեկն ու մեկը որեւէ տեղ չի երեւում, վերագրենք քաղաքապետի քրիստոնեական առաքինությանն ու հարցնենք, թե տասը տարում ի՞նչ է արել նա, որպեսզի Հրազդանի բնակիչներն իր նման՝ մտերիմներով, ախպերներով-բանով, բիզնես անելու հնարավորություն ունենային եւ արտագաղթելու կամ փողոցներում առավոտից իրիկուն կանգնելու փոխարեն կարողանային ընտանիք պահել։
Լավ, բա որ ընտրողները դառնան ու միամիտ հարց տան՝ էդ ո՞նց ա լինում, որ հենց քաղաքապետերն են հաջողակ բիզնեսմեն դառնում կամ ո՞նց ա լինում, որ բիզնեսում հաջողվելով՝ չեն հրաժարվում քաղաքապետի ծանր, դժվարին ու պատասխանատու աշխատանքից, ի՞նչ է պատասխանելու Արամ Դանիելյանը։
Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ նման հարցեր տվող չի լինելու, քանի որ անցած տասը տարում անձամբ իր եւ իր հարազատ կուսակցության բոլոր ջանքերն ուղղված են եղել քաղաքացիներին «իմաստուն եւ ողջամիտ մեծամասնություն» դարձնելու գործին։
Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ նման հարցեր տվող չի լինելու, քանի որ անցած տասը տարում անձամբ իր եւ իր հարազատ կուսակցության բոլոր ջանքերն ուղղված են եղել քաղաքացիներին «իմաստուն եւ ողջամիտ մեծամասնություն» դարձնելու գործին։
«Այսօր մեր քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը ցանկանում է կայուն ու խաղաղ պահել քաղաքի մթնոլորտը եւ վստահում է մեզ». ասում է քաղաքապետի հանրապետական թեկնածուն եւ բացատրում, որ ժողովուրդն իրենց վստահում է, քանի որ իրենք տասը տարի թույլ չեն տվել ապակայունացնել քաղաքի մթնոլորտը։
Ապակայունացում ասելով քաղաքապետի այս թեկնածուն եւ ոչ միայն նա՝ Հայաստանում շատերը, հասկանում են հավասար ու ազնիվ մրցակցություն, իսկ «թույլ չենք տա» ասելով՝ խոչընդոտների ողջ ընտրանին, որը մեզ ուղեկցում է քոչարյանասերժական էպոխայի ընթացքում։
Այս էպոխայի այգաբացին է քաղաքապետի թեկնածուն անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ հավանաբար սրտամոտ ու հոգեհարազատ համարելով այդ կազմակերպության դավանած նժդեհյան գաղափարները։
Մինչեւ 2008 թվականին համաժողովրդական շարժմանը միանալը Հանրապետական կուսակցության անդամ է եղել նաեւ նրա հակառակորդը՝ Սասուն Միքայելյանը։ Ու տեսեք` ինչ է ասում հանրապետական Դանիելյանը երբեմնի հանրապետական Միքայելյանի մասին. «…մեր այսօրվա մրցակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին զենքով ու զրահով գալիս էին տեղամասեր, կատարում լցոնումներ, իրենց կամքը թելադրում բոլոր ընտրողներին, ընտրակաշառք բաժանում եւ այլ ընտրակեղծիքներ թույլ տալիս…»։
Եթե Դանիելյանի ասածը ճիշտ է, նա ոչ միայն քաղաքապետ դառնալու իրավունք չունի, այլեւ պետք է դատվի «իմանալ, չհայտնելու» հոդվածով։ Իսկ եթե սուտ է, Հանրապետական կուսակցության ղեկավարները լրջորեն պետք է զբաղվեն ու փորձեն պարզել, թե ինչո՞ւ է իրենց կուսակիցը վարկաբեկում երկրի իշխող կուսակցությանը՝ հընթացս ըմբռնելով, որ Հրազդանին լաքած մազերով ՄԻԱՅՆ մտածող բիզնեսմեն քաղաքապետ պետք չէ։
Комментариев нет:
Отправить комментарий